Արտահո՞սք, թե՞ տեղեկատվական դիվերսիա

Արտահո՞սք, թե՞ տեղեկատվական դիվերսիա

Ռուսական РБК լրատվական գործակալությունը երեկ հրապարակել, ապա ջնջել է մի քարտեզ, որի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են սահմանազատման ու սահմանագծման անվան տակ գնալ միակողմանի տարածքային նոր զիջումների։

Մասնավորապես, ըստ այդ քարտեզի՝ հայկական կողմն Ադրբեջանին է տալու Մարտակերտ, Իվանյան, Մարտունի շրջանները։ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, արեւելագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը «Տելագրամի» իր ալիքում գրել է․

«Սպասում եմ Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններին։ Եթե դա Ռուսաստանի խոշորագույն մուլտիմեդիոն հոլդինգի կողմից սխալ է կամ ապատեղեկատվություն, ապա թող պահանջեն հերքման եւ ներողության հրապարակում»։ РБК-ն որեւէ պարզաբանում չի արել եւ ներողություն չի խնդրել։ Նշված տարածքը կազմում է եւս 1000 քառակուսի կիլոմետր՝ 2․500  քառակուսի կիլոմետր մնացած Արցախից։ Այսինքն, եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա Արցախից առհասարակ որեւէ բան չի մնա։ 

«Կմնա մի ռուսական բազայի ծավալման տեղ՝ մի Ստեփանակերտ»,-մեզ հետ զրույցում ասաց արցախցի Բելլա Լալայանը, ով ասում է, որ առավոտյան այդ լուրի պատճառով արթնացել է գլխացավով։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ РБК-ի հոդվածը քարոզչական պատերազմի հետեւանք է՝ հաշվի առնելով, որ լրատվամիջոցն ավելի ադրբեջանամետ է, քան հայամետ։ «Բայց ասեմ նաեւ, որ նոյեմբերի 9-ից սկսած, Իվանյանի՝ Խոջալուի մասին անընդհատ խոսվում է, այսինքն՝ այդ ինֆորմացիան շուտ է բաց թողնվել»,- ասաց Լալայանը։

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դաշնակցական Վահրամ Բալայանը նոր շրջանների հանձնման մասին որեւէ բան չի լսել։ Իսկ Մարտակերտի բնակչուհի Գայանեն ասաց, որ այս մասին լսել է համագյուղացիներից` մարդիկ խոսում են։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը չցանկացավ այդ մասին խոսել՝ հղում անելով օրվան․ հիշատակի արարողությունների է մասնակցում։ Իսկ Արցախի նախագահի խոսնակ Նարինե Ավանեսյանը, առհասարակ, տարօրինակ պատասխաններ տվեց։

Լսելուց հետո հարցը, թե Արայիկ Հարությունյանը ծանո՞թ է արդյոք РБК-ի քարտեզին, հարցրեց՝ հասցրե՞լ եմ մինչեւ ջնջելը նայել այն, եւ ստանալով բացասական պատասխան, ասաց․ «Եթե ոչ, ուրեմն առանց մեկնաբանության։ Այդ ինֆորմացիան առայժմ չեմ մեկնաբանելու»։ Իսկ ինչո՞ւ չեք մեկնաբանում։ «Երբ պաշտոնապես ինչ-որ բան ձեռքի տակ կունենամ, այդ ժամանակ կմեկնաբանեմ»։ Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ այդ շրջանները Հայաստանը հանձնի առանց Արցախի իշխանությունների եւ առանց որեւէ ստորագրության, ասաց․ «Այդ հարցն ավելի լավ կլիներ ուղղեիք Հայաստանի իշխանություններին»։

Հարցի հասցեատերը մեզ համար անհասանելի է, սակայն փորձագետներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի ցանկանում որեւէ փաստաթղթի տակ դնել իր ստորագրությունը, հետագա հանձնելիքները կձեւակերպեն որպես նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի համաձայնագրերի պահանջների իրականացում։ Եվ կարվի սուսուփուս, «իրենց տարածքներն է, հետ ենք տվել» ստորակարգ թեզի ներքո ու խորհրդային ինչ-որ անհայտ քարտեզների կամ ադրբեջանական կաշառքով կազմված GPS-ների հիման վրա: 

ՀԳ․ Տարբեր փորձագետներ, հաստատելով РБК-ի ադրբեջանամետությունը, հայտնեցին, թե վերապահումով են մոտենում այս լրատվամիջոցին։ «Մանավանդ եթե ջնջել են, խոսքն ավելի շուտ տեղեկատվական դիվերսիայի մասին է»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։