Ոստիկանություն, խուզարկուներ, ինտերպոլի գաղտնի գործակալներ․ Խոսեբա Սարիոնանդիա

Ոստիկանություն, խուզարկուներ, ինտերպոլի գաղտնի գործակալներ․ Խոսեբա Սարիոնանդիա

Խոսեբա Սարիոնանդիա (ծնվ. 1958թ.) - բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, մանկագիր եւ էսսեիստ: Բասկերի երկրում մայրենի լեզվով ստեղծագործող բոլոր ժամանակների ամենահեղինակավոր գրողներից է: Հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ճանաչված է նաեւ որպես ազգային ազատագրական շարժման գործիչ եւ շատ երգերի հեղինակ: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել ու հրապարակվել են իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ գերմաներեն: 

«Ոգի-Նաիրի» կենտրոնը հրատարակության է պատրաստել Խ. Սարիոնանդիայի բանաստեղծությունների ընտրանին՝ «Բանտեր եւ աքսորներ» խորագրով, որը շուտով լույս կտեսնի: Ժողովածուն կլինի հայերեն առաջին հրատարակությունը բասկյան գրականությունից:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՈՒԶԱՐԿՈՒՆԵՐ, ԻՆՏԵՐՊՈԼԻ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ

Ոստիկանություն, մասնավոր խուզարկուներ, Ինտերպոլի 
գաղտնի գործակալներ,
ես ուզում եմ ձեզ ուղղորդել մի շատ կարեւոր առաջադրանքի՝ փնտրել իմ ընկերուհուն:
Նա իմ աշխարհի քարտեզն էր, նա մերկապար էր պարում միայն ինձ համար,
հագնելով իմ հայացքը՝ գնաց նա ինչ-որ տեղ,
չգիտեմ՝ որտեղ: 
Ես կորցրեցի ինձ դուր եկած աղջկան մինչ
ձեռնասահնակ էի քշում,
նա սայթաքել-ընկել էր իմ երազանքների 
սահմանից ներս:
Նա՝ այդ փախստականը, 
ինձ թողեց դատարկ
ու դարձրեց այրի:
Արդյո՞ք նա չի սավառնում
հիմա աշխարհի շուրջ՝
սիրված երգի պես:

Չգիտեմ՝ ինչու նա հետ չեկավ, գուցե
փողոցներն են փոխել իրենց ուղղությունը,
կամ երկրաշարժ էր նրա 
վերադառնալու պահին:
Գտեք նրան, խնդրում եմ:
Ստուգեք արխիվների մութ խորքերը, հաստատեք
մարդկանց ինքնությունը,
փնտրեք նրանց արվարձանային 
գնացքներում եւ
վարձակալված բնակարաններում,
շրջապատեք նրան, բռնեք եւ թույլ մի տվեք նրան
փախուստի դիմել:
Փնտրեք նրան անձրեւի տակ, բարձրացրեք
գրասենյակի գորգը,
մաղով անցկացրեք ծովափի ավազը,
ստուգեք կենդանաբանական 
այգիները:
Արեք այնպես, ինչպես 
ֆրանսիացիներն են սովորաբար ասում.
Cherchez la femme!*

Երբ նա հեռացավ, չթողեց անգամ մի աննշան հետք,
բայց ես կհայտնեմ նրան բնորոշ 
եւս մի շարք գծեր.
նա ծնվել է կյանքի արեւոտ կողմում եւ ունի դարերի լույսով 
ներծծված մաշկի գույն:
Չնայած ծնվել էր որպես եղնիկ, բայց ունի
երկու կուրծք ու երկու ազդր՝ 
կնոջը հարիր,
ինչեւիցե, նա ունի եղնիկի կորցրած
շիտակ հայացք:

Եթե նրա մաշկի ու աչքերի գույնը ձեզ բավարար չէ գտնելու նրան,
ահա մի քանի մանրամասներ եւս.
նա կրում է արեւի լույս, ամպերի խոնավություն եւ ունի ամենագեղեցիկ
շրթունքներն աշխարհում:
Թե որպես ընկեր, թե որպես թշնամի, 
ասացեք նրան՝ վերադառնալ
իր երաժշտությամբ,
ասացեք նրան՝ ես դեն եմ նետել իմ գոռոզությունը, ես նույնիսկ
այլեւս չեմ փիլիսոփայում:

Եթե փողոցում դուք 
պատահաբար տեսնեք նրան,
ասեք, թե որտեղ եմ ապրում,
ասեք նրան՝ վերադառնա, 
քնի ու արթնանա
իմ կողքին:
Մի անգամ, նրան շոյելուց, 
նա գողացավ
իմ մատնահետքերը:
Դուք՝ անմեղ ահաբեկիչների 
վրա միշտ հարձակվող 
պետական անվտանգության ուժ,
գտեք այս աղջկան, նա ինձ թողեց առանց ինձ,
նա աշխարհի 
ամենաքաղցր անկյունն է,
դուք չգիտեք՝ երբ նա 
հանի իր հագուստը, 
որքան նա վտանգավոր 
կլինի մարդկության համար:

*Cherchez la femme! (ֆրանս.) - «Փնտրեք կնոջը»՝ Ալեքսանդր Դյումայի ստեղծած արտահայտությունն է՝ այն իմաստով, որ տղամարդկային ցանկացած խնդրի աղբյուր կարող է լինել կինը:


«ԱՔՍՈՐ» ԲԱՌԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ 

Աքսորը հորիզոնից այն կողմ գտնվող երկիր է,
Աքսորը մահացած տերեւներով հագեցած ճանապարհով զբոսանք է,
Աքսորը կործանարար երթուղիներով անցնող դարավոր շոգեքարշների կայարաններին նայելն է,
Աքսորը պատի ժամացույցի կողքին հանգստանալն է,
Աքսորը բոլոր դատարկ տուփերն է,
Աքսորը ոչինչ չարդյունահանվող սեւ հանք է,
Աքսորը սանդղավանդակում ապրելն է,
Աքսորն առանց հոգնելու անկողին մտնելն է,
Աքսորն էժանագին կինոթատրոններ գաղտնի գնալն է,
Աքսորն առանց գայլերի ու գայլերով անտառ մտնելն է,
Աքսորն այն թուղթն է, որի վրա մարդիկ գրում են,
Աքսորը որտեղն ու երբն է,
Աքսորը վերքին հարվածող արնալեզի մահակ է,
Աքսորը հարբելն է նավախցում,
Աքսորը նավարկելն է փրփուր-նավակում, 
Աքսորը երկրորդ, երրորդ կամ կիրակի օրն է,
Աքսորը կրակոտ գիշեր է,
Աքսորը թաղամաս է առանց փողոցային լուսավորության,
Աքսորը բրդյա սպիտակեղենում քնելն է,
Աքսորը կույր կնոջ փուչ աչքում թաքնվելն է,
Աքսորը օտար շրթունքներով խոսելն է,
Աքսորը քամի է, որ չի թողնում քարը քարի վրա,
Աքսորը իմաստուն երեւալու համար մորուք պահելն է,
Աքսորը կեսգիշերին հրդեհված հյուրանոց է,
Աքսորը դրոշների մեջ առանց զգացմունքի գտնվելն է,
Աքսորն ամեն ինչ դատարկելն է,
Աքսորն ապագայում ու բոլոր ժամանակաձեւերում ապաստան փնտրելն է,
Աքսորը խիղճը սահմանող իրողություն է,
Աքսորը պատմվածքներից դեպի պատմություն փախչելն է,
Աքսորը փակ դուռն այն կողմից ծեծելն է,
Աքսորը կարծես հաճախ կրկնվող անհեթեթ բառ է,
Աքսորը հեծանվի վթարից մեռնելն է,
Աքսորն այն այգն է, երբ ես ուղղակի վտանգում եմ կյանքս,
Աքսորը ներքնաձիգի տարածքն է,
Աքսորը կրկին գոյություն ունենալն է, եթե կա կրկին գոյություն ունեցող բառ,
Աքսորը սրտերի եւ ամորձիների ամպ-րոպ է,
Աքսորը մրոտ գիշեր է եւ բրոնզե արեւոտ օր,
Աքսորն առանց գործիքի համերգ է, որի ընթացքում 
լսում ես ձյան տեղումները, 
Աքսորը ստվերներ տնկելն է,
Աքսորը շատ պատճառներով դառը սուրճ խմելն է,
Աքսորը զուգարանում թաքնվելն է այն մտավախությամբ, որ ինչ-որ մեկը կբացի այն կամ, ընդհանրապես, ոչ ոք չի բացի:


ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ ԵՆ

Դժվար է լքել ակունքները:
Ֆրիդրիխ Հյոլդեռլին

Ցավալի է, որ հայրենի հողը 
լքում են նրանք,
ում արմատներն այնտեղ են թաղված:
Ցավալի է, որ ծառը չորանում է 
դեռ բերքը չհավաքված:
Թարթիչն աչքը չի լքում, 
եթե բաժին չի ընկնում ագռավի կտուցին:
Ցավալի կլինի, եթե աղը լքի ծովը
կամ ավազը՝ անապատը:
Ոչ ծաղիկն է լքում գարունը,
ոչ էլ ձյունը՝ իր ճերմակությունը:
Ցավալի է, որ հայրենի հողը 
լքում են նրանք,
ում արմատներն այնտեղ են թաղված:


ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՎ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք միշտ կապված ենք լարերով, լարեր, որ սատարում են մեր մեջքը,
Լարեր, որոնք շարժում են մեր ոտքերը, լարեր, որոնք բարձր են պահում մեր գլուխը,
Լարեր հիշողությունների, 
իրականության լարեր, անկության լարեր,
Լարեր, որոնք երբեմն կտրվում են, լարեր, որ միացվում են միմյանց ու նաեւ խճճվում,
Լարեր խճճված, որոնցով երբեմն սայթաքում ենք, լարեր, լարեր:
Այնուամենայնիվ, եթե կարելի է՝
ավելի լրջանամ ու մեջբերեմ ֆրանսիացի փիլիսոփային.
«Հարցը ոչ թե այն է՝ ինչպես են նրանք մեզ վերաբերվում, այլ այն՝ ինչպես ենք մենք վերաբերվում նրանց վերաբերմունքին»:


ՔԱՆԶԻ ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ԱՍՈՒՄ

Քանզի ոչ ոք ինձ չի ասում,
որ պետք է սիրեմ, շարունակեմ
սիրել այն, ինչ սիրում եմ:
Քանզի ինձ ոչ ոք չի ասում, որ
ես սիրում եմ անապատ ու չլվող աստղեր:
Աննպատակ նավեր,
կեսգիշերային ջութակներ,
պատկերված արշալույսներ,
փոքրիկ թռչնի ոսկորների շարժումներ,
խնձորենուց կախված դեղին սրտիկներ,
անչափ տխրությամբ համակված աղջիկներ,
եւ քո ժպիտը, քո ժպիտը նույնպես,
քանզի ինձ ոչ ոք չի ասում, բայց ես 
սիրում եմ:

Թարգմանությունն անգլերենից` Քրիստինա ՔՈՉԱՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ