Տպավորվա՞ծ է, արդյոք, Փաշինյանն ինքն իրենից

Տպավորվա՞ծ է, արդյոք, Փաշինյանն ինքն իրենից

ԱԺ կատարած իր վերջին վոյաժի ժամանակ վարչապետ Փաշինյանը, իմ համեստ կարծիքով, որոշել էր վերջնականապես ձերբազատվել պատերազմի ծանր բեռից եւ թոթափել իրեն տրված ու դեռ տրվող պիտակավորումների հետեւանքները: Չգիտեմ, երեւի շատ լավ էլ ստացվեց դա Փաշինյանի մոտ, որովհետեւ իմքայլականները բուռն եւ երկարատեւ ծափահարություններով ողջունեցին իրենց կումիրի ճղճղոցները Արցախի եւ Հայաստանի՝ ապագա ունենալու մասին, բայց ես առանձնապես տպավորված չէի Փաշինյանի ցաքուցրիվ խոսքից ու սխալ-մխալ մեկնաբանություններից: Հիմա կասեք՝ էդ ո՞վ էր տպավորվել, որ դու տպավորվեիր Փաշինյանի դատարկամտությունից… Չէ, ես չէի ասի, որ տվյալ օրվա Նիկոլ Փաշինյանը դատարկամիտ էր: Իսկ տպավորվածներ էլ իսկապես եղան՝ «Իմ քայլը», «Իր ժեխը», ինչու ոչ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, գեներալ Օնիկ Գասպարյանը, հա, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը…

Եթե հիշողությունս չի դավաճանում, մի առիթով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իբր շշպռել, թե՝ եկել ես սատանի մայլեն, քյանդրբազություն ես անում: Ճիշտ այդպես, Նիկոլ Փաշինյանն այդ նույն «սատանի մայլում», այդ նույն ամբիոնի մոտ քյանդրբազություն էր անում, սակայն, ի տարբերություն Ռուբեն Վարդազարյանի, արժանացավ ծափողջույնների: Այստեղ են ասել՝ լինելուց հետո մարդ պիտի վարչապետ լինի, որ սատանի մայլում «կապիկություն» անելու պարագայում անգամ արժանանա ծափերի: Իսկ հիմա հարց քյանդրբազին՝ տպավորվա՞ծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանն իր այդ օրվա խեղկատակություններից ու միմոսություններից, իր ցուցաբերած ցինիզմից ու լպիրշությունից: Լինում են, չէ՞ պահեր, երբ մարդն իր արածից գոհ՝ մտքում ծաղրում է դիմացինին՝ կերա՞ր: Իսկ կարո՞ղ ենք բացառել, որ Փաշինյանն իր սեւ գործն անելուց հետո մտքում չասաց՝ լավ է՞ր, կերա՞ք:

Այս հարցն է ինձ հիմա ամենաշատը մտահոգում, որովհետեւ ես արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ Փաշինյանն ուղղակի չի գիտակցում իր արածի ու չարածի ողջ ողբերգականությունը:
Այն, որ Փաշինյանը համաձայնել է հունիսի 20-ին ընտրություններ կազմակերպել, ոչ թե փարատում, այլ խորացնում են կասկածներս: Մեղքի ու պատասխանատվության զգացում չունեցող մարդը, ինչքան էլ հայտարարի, թե ինքն է մեղավոր, ինքն է պատասխանատուն, միեւնույն է, չի կարող մարդկանց ստիպել հավատալ իրեն: Խաբելով եկավ, խաբելով նստեց երեք տարի, պատերազմի 44 օրերին խաբեց, հիմա էլ խաբում է, թե ինքն աթոռից կառչած չէ եւ պատրաստ է գնալ ընտրությունների: Լո՞ւրջ: Եթե պատրաստ ես ընտրությունների, եթե վստահ ես հաղթանակիդ մեջ, ապա ինչո՞ւ ես նախապայմաններ առաջադրում հրաժարականիդ հաջորդող պրոցեդուրաներին՝ «ես հրաժարվում եմ, առաջադրվում է միայն իմ թեկնածությունը, ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո տեղի են ունենում ընտրություններ իմ կազմակերպմամբ»:

Մայմունություն չի՞ սա: Ինչո՞ւ պիտի դու առաջադրվես, իսկ մեկ ուրիշը՝ ոչ: Թե բա ես այդ հարցերով պայմանավորվել եմ խորհրդարանական ընդդիմության եւ նախագահի հետ: Այ քեզ հաջողություն… Իսկ ո՞վ է ասել, որ խորհրդարանական ընդդիմության ու նախագահի արածը մայմունություն չէ: Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ ջան, մենք թեկնածու չենք առաջադրի, միայն թե դու հրաժարական տուր… Ու մեր մեծարգո նախագահն էլ երեւի գլուխն է տմբտմբացրել՝ հա, լավ կլինի… Սա ի՞նչ է, դավաճան-գլխակերին հեռացնելու նոր ձե՞ւ, թե՞ ընտրություններով նրան մաքրելու եւ նրա միջոցով այս խայտառակությունը մինչեւ վերջ հասցնելու նոր խաղ:

Եվ վերջում մեջբերեմ հատվածներ մի քանի տպավորվածների տարածած հայտարարություններից, որոնք հետեւեցին Փաշինյան մանիպուլյանտի խորհրդարանական այդ օրվա արկածներին: Այս արձագանքները, կարծում եմ, խորհրդարանական ընդդիմությանն ու նախագահին կհուշեն, թե ում հետ են նրանք պայմանավորվել առաջիկա ընտրությունների հարցում:

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը եւ օգտագործելով իշխանական լծակները՝ հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,- Օնիկ Գասպարյան:

«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լեւոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միեւնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- Արման Մուսինյան (ՀԱԿ մամուլի խոսնակ):

«Փաշինյանի ելույթները երբեւէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»,- Բագրատ Միկոյան (ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող):

«Ազգային ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլեւս չդիմել եւ հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով:
Երկար ժամանակ մենք մանրամասն եւ փաստարկված պատասխանում էինք նրա հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը եւ տգիտությունը, սակայն կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները:

Ակնհայտ է, որ նրան նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են եւ հեշտությամբ հասանելի են համացանցում»,- Սերժ Սարգսյանի գրասենյակ: