Երեխան դպրոցն ընկալելու է որպես փակ ռեժիմային համակարգ

Երեխան դպրոցն ընկալելու է որպես փակ ռեժիմային համակարգ

Նոր ուստարում կրթական գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված ուղեցույցի համաձայն, որը վերջին օրերին թեժ քննարկումների տեղիք տվեց՝ նախ դիմակների հետ կապված․ դպրոցում սովորողները պարտադիր կրելու են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ: Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքելու դասասենյակը, իսկ դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվելու են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Աշակերտները դասին մասնակցելու են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվելու է: Նաեւ արգելվելու է գրավոր աշխատանքների համար տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվելու են թերթիկների վրա: Գնահատումը կատարվելու է էլեկտրոնային մատյանում: Դպրոցական բուֆետներն ու ճաշարանները եւս չեն գործելու, սնվելու պրոցեսը կազմակերպվելու է դասասենյակում՝ չոր սննդի տարբերակով։ 

ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, կրթության փորձագետ Լիլիթ Շաքարյանի կարծիքով, ակնհայտ է, որ հեռավար կրթությունը չի կարող ապահովել այն որակը, որը պետք է ունենանք, բայց, մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել ենք, կկարողանա՞նք երեխայի համար ապահովել այն պայմանները, որոնք չեն վտանգի նրա առողջությունը եւ չեն գցի կրթության որակը․ «Ես անիրատեսական եմ համարում այն պահանջը, որ 6 տարեկան երեխան կարող է 4 ժամ շարունակ կրել դիմակ եւ ձեռքով չդիպչել դիմակին։ Չէ՞ որ երեխան իր ձեռքերով եթե հպվեց այստեղ կամ այնտեղ, հետո նույն այդ ձեռքերով դիպչելու է իր դեմքին, եւ այդ ամենը, փաստացի, հակառակ էֆեկտը կունենա ու կնպաստի օտարածին մարմինների, վիրուսների ներթափանցմանը»։ 

Թեպետ կոնկրետ վիճակագրություն, տվյալներ, ցուցումներ բժիշկների կողմից չկան, թե 4-5 ժամ դիմակ կրելն ինչքանով կարող է ազդել երեխաների առողջության վրա, բայց պետությունը ցանկացած դեպքում պետք է հաշվի առնի, որ խոսքը երեխաների մասին է․ «Եթե չկա կոնկրետ հետազոտություն դիմակների վնասակարության վերաբերյալ, ուրեմն չենք կարող նաեւ համոզված լինել ու պնդել, որ դիմակները երեխաների մոտ չեն առաջացնի թթվածնային քաղց, շնչառական եւ այլ տիպի խնդիրներ։ Շատ հակասական փաստարկներ կան, մի կողմից ասում ենք, որ մինչեւ 12 տարեկան երեխաները կարող են դիմակ չկրել, մյուս կողմից՝ չկան ապացույցներ, որ երեխաները չեն վարակվում։ 3-րդ կողմից՝ երեխաներին պարտադրում ենք դիմակ կրել, 4-րդ կողմից՝ մոռանում ենք, որ երեխաներն այս ամբողջ ընթացքում հաճախել են զվարճանքի վայրեր, բակերում խաղացել են միմյանց հետ, նույն միջավայրում, եւ այսօր այդ երեխաներին մենք տանում ենք դպրոց ու պարտադրում, որ դիմակներ կրեն, հատկապես որ դասերից հետո դուրս են գալու բակ եւ միմյանց հետ տարբեր իրեր փոխանակեն, մինչեւ անգամ խաղան»։ 

Լ․ Շաքարյանն ասում է, որ դիմակների հետ կապված մի այլ խնդիր էլ կա․ բժշկական դիմակները երեխայի համար բավականին լայն են։ «Այս դեպքում դիմակի իմաստը կորում է, իսկ կտորից դիմակներն էլ, որ հատուկ երեխայի համար են կարված, ասում են՝ այդքան էլ լավ չեն պաշտպանում եւ կարող են շնչառական խնդիրներ առաջացնել»,- ասում է նա ու բերում Գերմանիայի օրինակը, երբ երեխան պարտավոր է դիմակով գալ մինչեւ դպրոցի մուտքը․ «Այդտեղ նրան ախտահանում են եւ առանց դիմակի ներս թողնում։ Այսինքն՝ եթե դպրոցի մուտքի մոտ երեխայի հագուստը փոխվում է, ձեռքերն ախտահանվում են, ու ինքը ներս է մտնում առանց դիմակի, ներսում վիրուսի փոխանցումը մաքսիմալ կանխարգելվում է, իսկ այն, որ դա կարող է երեխայի օրգանիզմում լինել, արդեն ոչ մեկը չի կարող կանխատեսել»։ Նա նշում է, որ կան մասնավոր դպրոցներ, որոնք արտոնյալ վիճակներ են սահմանել իրենց սաների համար, եւ դիմակ կրելն ըստ ցանկության է լինելու այդտեղ։ Ստացվում է, որ միայն պետական դպրոցներում է այդ պարտադրանքը, իսկ մասնավորները կարող են սեփական կանոնները սահմանել իրենց դպրոցների համար։ 

«Հետո՝ մենք տեսանք, որ անգամ դիմակ կրելը հասարակության մեջ չկանխարգելեց վիրուսի տարածումը, իսկ դուք հիմա պատկերացրեք 1 ուսուցիչ, 20 աշակերտ, որոնք 40 րոպե պետք է անշարժ դաս անեն ու դասամիջոցի դուրս չգան։ Ապացուցված է, որ անգամ համալսարանում ուսանողը 60-րդ րոպեից չի կարողանում ընկալել այն ինֆորմացիան, որ դու տալիս ես, իսկ երեխայի դեպքում նրա ուղեղը չի ընկալելու այն ողջ ինֆորմացիան, որ մենք ուզում ենք նրան տալ, եւ արդյունքում ստացվելու է, որ փորձում ենք անել՝ անելու համար, բայց դա չի բերելու այն արդյունքին, ինչը որ մենք ենք ուզում։ Պարտադրված նստել՝ բանտարկյալի նման, չշարժվել, դիմակին ձեռք չտալ, մյուս երեխային չդիպչել գրիչով, իրերով չփոխանակվել, չխոսել, զգաստ նստել՝ դա առաջին դասարանի երեխայի համար իսկական փորձություն է լինելու, մինչդեռ հատկապես առաջին դասարանի երեխայի մոտ շատ կարեւոր է ձեւավորել սեր դեպի գիտելիքը, դպրոցը, իսկ եթե մենք ի սկզբանե երեխային նման պայմանների մեջ դնենք, որտեղ ուսուցիչը, կոպիտ ասած, ոստիկանի դերում է լինելու, որովհետեւ նրա վրա դնում ենք շատ մեծ պատասխանատվություն, ես լուրջ մտավախություն ունեմ, որ այդ սերը դեպի դպրոցը կորչելու է երեխաների մոտից։ Իսկ երեխաները սկսում են սովորել, երբ սիրում են ուսուցչին, առարկան, դպրոցի միջավայրը, բայց ստացվում է, որ մենք, ըստ էության, չենք ապահովելու այդ ամենը երեխայի համար»,- ասում է նա ու հավելում, որ երեխան դպրոցն ընկալելու է որպես փակ ռեժիմային մի համակարգ, որտեղ միայն կանոններ են գործում։

«Երբ այս սահմանափակումները դնում ենք, մենք չունենք ոչ մի երաշխիք, որ երեխաները դպրոցից դուրս բակերում միմյանց հետ չեն շփվելու, չեն խաղալու եւ չեն վարակվելու։ Բացի այդ, կա նաեւ տրանսպորտի հանգամանքը, որովհետեւ ոչ բոլոր ծնողները կարող են անհատական փոխադրամիջոցներով երեխաներին դպրոց տանել-բերել։ Ստացվում է՝ այդ վիրուսները երեխաները, այսպես թե այնպես, վերցնելու են»։ 

Շաքարյանի կարծիքով, այս սուբյեկտիվ եւ օբյեկտիվ հանգամանքները, այսպես թե այնպես, ազդելու են կրթության որակի վրա․ «Նախ, ուսուցիչների գերծանրաբեռնվածություն է լինելու, հատկապես հերթափոխների դեպքում։ Թեպետ 6-օրյա է ուսուցումը, բայց արդեն ժամային կրճատումներ են արվել, մի մասը հեռավար է անցկացվելու, մի մասը՝ ստացիոնար, գումարած անհարմար պայմանները՝ դիմակներ, տարածքից դուրս չգալ։ Կարդացի, որ թեմատիկ 2 գրավոր է ընդամենը լինելու, եւ դրա արդյունքում է ամփոփվելու կիսամյակը։ Մի քիչ մտավախություններ ունեմ, թե ինչքանով 2 գրավորը կարող է ընդհանրական ամփոփել ողջ կիսամյակի արդյունքը, ու այս ամենի ֆոնին եթե չենք ապահովելու սոցիալականացման կարեւոր տարրերը, երեւի թե հեռավար ուսուցումն ավելի արդյունավետ կլիներ այս պարագայում, քան ստացիոնարը։ Ըստ էության, իր բովանդակությամբ դա նույն հեռավարն է լինելու, ուղղակի դասասենյակում նստած»։

Անդրադառնալով դասասենյակում կազմակերպվելիք սննդի հարցին՝ Շաքարյանը նշեց, որ անհասկանալի է ընդմիջումը չոր սննդով կազմակերպելու պահանջը, որովհետեւ կան երեխաներ, որոնք ունեն որոշակի սահմանափակումներ։ Կա նաեւ աշխատող ծնողների հանգամանքը, ինչը հատկապես երկարօրյաների բացակայության պարագայում խնդիրների առաջ է կանգնեցնելու երկուստեք. «Ենթադրենք՝ ծնողը հնարավորություն չունի անձնական դայակ ունենալու, ինչպե՞ս պետք է լինի այդ երեխաների եւ ծնողների հարցը»։ Շաքարյանը հավելում է, որ փաստացի անհնար է բոլոր իրավիճակների համար լուծումներ պլանավորել։