Բացի դատարկ խոսքերից, իշխանությունը ոչինչ չի կարող անել ռիսկերը նվազեցնելու համար

Բացի դատարկ խոսքերից, իշխանությունը ոչինչ չի կարող անել ռիսկերը նվազեցնելու համար

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Գերմանիան և Մեծ Բրիտանիան Թեհրանից դուրս են բերում իրենց դեսպանատները։ Իրանը, բնականաբար, պատրաստվում է պատասխան գործողությունների Իսրայելի դեմ (գուցե հարվածի տարածաշրջանային մյուս դերակատարներին), բայց, իհարկե, կփորձի խուսափել լայնամասշտաբ պատերազմից։ Իրավիճակը սրվում է նրանով, որ հենց հիմա ԱՄՆ-ից մեծ քանակի գերճշգրիտ զենք է ժամանում Իսրայել (մասնավորապես՝ բարձր ճշգրտության հարվածային հրթիռներ և ռադիոէլեկտրոնային պայքարի շարժական համակարգեր) և արևմտյան կոալիցիայի (ԱՄՆ և Եվրոպա) վճռականությամբ՝ հնարավորինս արագ Իրանին փորձելու են ներգրավել Սիրիայում, Իրաքում և Եմենում լոկալ ռազմական փոխհրաձգությունների մեջ: 

Իրանը չի կարող չպատասխանել, քանի որ դա հղի է ներիրանական ապակայունացմամբ, սակայն Իրանին ձեռնտու չէ մտնել մեծ պատերազմի մեջ։ Բայց դա չի նշանակում, որ պայմանական Արևմուտքը կսահմանափակվի մեկ-երկու հարվածով Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, մանավանդ որ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանի գործողությունները համակարգված բնույթ են կրում, իզուր չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գիշերը շտապ ժամանեց Թել Ավիվ, իսկ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները հայտարարեցին Իրանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի սահմանափակման մասին և զգուշացրեցին իրենց քաղաքացիներին՝ Իրանում մնալու վտանգների մասին։ 

Արևմտյան կոալիցիայի համար Իրանի վրա ճնշման առանցքային գործոններից մեկը Ադրբեջանն է, որը համարվում է Իրանի վրա ճնշում գործադրելու հիմնական մարտահենադաշտերից մեկը։ Առավել ևս Ադրբեջանը կարող է հարմար պահ ունենալ հարվածելու Հայաստանին՝ պան-թուրանական միջանցք (Զանգեզուրի միջանցք) բացելու համար, Սյունիքի մարզը գրավելու նպատակով, քանի որ մինչ Իրանը «զբաղված է» իր արևելյան և հարավային թևերում, Ադրբեջանը շատ հեշտ կարող է փորձել գնալ նմանատիպ ռազմական արկածախնդրության։ Իրավիճակը սրվում է նրանով, որ Իսրայելն ունի լուրջ լծակներ՝ մղելու Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա՝ Իրանին իսրայելական ուղուց շեղելու համար։ 

Իրավիճակը կարող է «հանգստացնել» ռուսական գործոնը, որը, չնայած Հայաստանի ղեկավարության հետ բարդ հարաբերություններին, կաշխատի թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, քանի որ հասկանում է, թե Ռուսաստանի համար ինչ հսկայական աշխարհաքաղաքական ռիսկեր կարող է պարունակել թուրք-ադրբեջանական հարձակումը Հայաստանի վրա։ Հայաստանի համար իրավիճակը էլ ավելի է սրվում նրանով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը պարզապես ի վիճակի չէ կամ չի ցանկանում, կամ արտաքին խաղացողները թույլ չեն տալիս համարժեք գնահատել և արձագանքել սպառնալիքներին, և փաստորեն, բացի դատարկ խոսքերից, գործող իշխանությունը ոչինչ չի կարող անել ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: 

Ավելին՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը շարունակում է գործել ոչ թե Հայաստանի շահերին համապատասխան, այլ իրականում սպասարկում է այն խաղացողների շահերը, ովքեր կանգնած են թուրք-ադրբեջանական տանդեմի թիկունքում։ Ցավոք սրտի, սա շատ լուրջ գործոն է, որը նպաստում է մեր երկրի համար ռիսկերի ավելացմանը։ Ամեն դեպքում, տարածաշրջանը թևակոխել է գլոբալ առճակատման ակտիվ փուլ՝ Ռուսաստան-Իրան-Հայաստան և Արցախ-Ադրբեջան-Թուրքիա-պարսկական ծոցի երկրներ-Իսրայել-ԱՄՆ ուղղությամբ, և հետեւանքներն անկանխատեսելի են։

Արման Աբովյան