Լին Թրեյսին ում հետ ասես չի հանդիպել

Լին Թրեյսին ում հետ ասես չի հանդիպել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դարձել է վերջին օրերի քաղաքագիտական քննարկումների թեման։ Այս առումով հետաքրքիր է, թե Հայաստանում պաշտոնավարման 10 ամիսներին ում հետ է հանդիպել Լին Թրեյսին։
2019-ի փետրվարին ստանձնելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը՝ Լին Թրեյսին իր առաջին հանդիպումներից մեկն ունեցել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Բնականաբար, այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունումից հետո, երբ դեսպանը հայտնեց, որ ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին ավելացել է 40%-ով։ Առաջիններից մեկը նաեւ հանդիպումն էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Քաղաքական ուժերից հանդիպումներ են եղել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, կրկին՝ դեսպանի նախաձեռնությամբ։ Թրեյսին հանդիպել է արդարադատության, կրթության, պաշտպանության նախարարների, Տավուշի եւ Սյունիքի մարզպետների հետ։ Վերջիններիս հանդիպելու համար այցելել է սահմանամերձ Տավուշ եւ Սյունիք։ Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր։ Իսկ երեկ հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին, ով վերջին ամիսներին գրեթե գործունեություն չի իրականացնում։ Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ամերիկյան դիվանագիտական կորպուսը դեսպանընկալ երկրում ինչ սկզբունքով է կազմակերպում հանդիպումներ, ասաց, որ նման համընդհանուր մոտեցում, կարգ գոյություն չունի։ Ամեն դեսպան ինքն է որոշում եւ ընտրում շրջանակը։ Այսինքն՝ պատահակա՞ն էր երրորդ նախագահի հետ հանդիպումը, չէ որ հայտնի է, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Իմքայլականները նախկին հանրապետականների ոճով մեկնաբանել էին, թե այդտեղ որեւէ մեսիջ չեն տեսնում՝ ընդգծելով, որ այդօրինակ հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի հետ դեսպաններն ունենում են մշտապես: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հետաքրքիր վարկած ներկայացրեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ ասելով․ «Այն, որ ապրիլի 22-ին Սերժը եւ Նիկոլը հանդիպեցին, եւ Սերժը ահաբեկեց Մարտի 1-ով ու թողեց դուրս եկավ, հետո հաջորդ օրը Սերժն ասաց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», դա նաեւ գերտերությունների ու ամերիկացիների գործոնն էր, որ Սերժի վարքագիծը կտրուկ փոխվեց։

Որ արդյունքում մենք առանց արյունահեղության ու, իր ձեւակերպմամբ, թավիշով հեղափոխություն արեցինք։ Հիմա, այդ 5-րդ շարասյան ակտիվությունն ու ագրեսիվությունը բերեց նրան, որ այդ վարքագծի տնօրինողները, նաեւ՝ Միացյալ Նահանգները, նորից փորձում են պահել ամեն ինչ նույն ռեժիմի մեջ, որ սահմանագիծը չանցնեն»։ Փաստորեն, Պետրոս Մակեյանը կարծում է, որ ԱՄՆ-ն Սերժ Սարգսյանին իր պաշտպանության տակ է առնում այն բանի համար, որ նա ժամանակին հրաժարվել է ուժի կիրառումից։