Սա է տրամաբանությունը, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք․ Արման Սաղաթելյան

Սա է տրամաբանությունը, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք․ Արման Սաղաթելյան

Համավարկի դեմ իշխանության պայքարի տեղեկատվական մասի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ դիրքորոշում ունի ինքը արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս մեկ ամսով և 3-րդ ժամկետով երկարաձգելու՝ կառավարության որոշման վերաբերյալ։ Իշխանությունները պնդում են, որ այն երկարաձգվել է համավարակի դեմ պայքարի տրամաբանությունից ելնելով, իսկ ընդդիմությունը պնդում է, որ միակ նպատակը բողոքի ակցիաները ճնշելն է․

«Կարծում եմ՝ Ձեր հարցադրումը մեծապես պետք է ուղղված լինի իրավական- փորձագիտական դաշտին, սակայն, ելնելով այն կարծիքներից, որոնք դաշտում առկա են, ես Ձեզ հետ որոշ առումով համաձայն չեմ այն առումով, որ ընդդիմադիրներ և իշխանություններ.ես լսում եմ բազմաթիվ փորձագիտական կարծիքներ, որոնց դժվար է դասել իշխանական կամ ինչ-որ ընդդիմադիր ճամբարի, որովհետև իրենք փորձագետներ են, այսինքն՝ իրավաբաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ, որոնք պնդում են, որ նման անհրաժեշտություն այլևս չկա։ Այսինքն՝ բոլոր այն կարգավորումները, որոնք անմիջապես կապված են վարակի տարածման հետ, դրանք շատ հանգիստ կարող են կարգավորվել այլ իրավական ակտերով կամ այլ բնույթի, իսկ արտակարգ ռեժիմի իրավակարգավորման գործընթացը բացի ազատությունների սահմանափակումից, ըստ էության, նման գործիքակազմի կիրառման այլ անհրաժեշտություն այս պահի դրությամբ նաև ես, անկեղծ ասած, չեմ տեսնում»,- պատասխանեց Սաղաթելյանը։ 

- Դուք նշել եք, որ առաջինը արված հայտարարությունները ավելի ազդեցիկ են, քան հետագայում արվածները՝ նկատի ունենալով համավարակի տարածման սկզբնական շրջանում վարչապետի և կառավարության այլ ներկայացուցիչների արված հայտարարությունները՝ «կորոնավիրուսը ամենևին էլ վտանգավոր չէ», «այն ո՞ւմ շունն է» և այլն։ Այս փուլում հնարավո՞ր է ճիշտ քարոզչություն տանել, որպեսզի կառավարության հորդորները ավելի լուրջ ընկալվեն։

- Գիտեք՝ դա հնարավոր է ցանկացած պահին անել, բայց, ինչպես ես նշեցի, ինչպես պնդում են գիտական տեսությունները, իրենք այլևս այդ արդյունավետությունը ունենալ չեն կարող, որքան որ արդյունավետ կլիներ առաջին հաղորդակցումն ու ճիշտ դրվածք դնելը՝ համավարակի տարածման վերաբերյալ, և հանրության շրջանում ճիշտ ընկալում ձևավորել ստեղծված իրավիճակի կամ գալիք վտանգի նկատմամբ։ Անշուշտ, այս վերջին ժամանակահատվածում պարունակությամբ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է, բայց այն ժամանակավրեպ է և այլևս արդյունավետ չէ , որովհետև դա պետք էր անել ի սկզբանե։ Ի սկզբանե մարդկանց մոտ անլուրջ տպավորություն և վերաբերմունք ստեղծելու փոխարեն, ստեղծել հենց այն վերաբերմունքն ու դրսևորումը, որը հիմա փորձում են ամեն գնով և ահռելի ռեսուրս ներդնելով ստանալ, և, կարծես թե, այդքան էլ լավ չի ստացվում։

- Օրեր առաջ ողջ մայրաքաղաքում վարչապետի ձայնն էր լսվում։ Ինչո՞ւ դա ներդրվեց և ինչու՞ հանվեց, քարոզչական ի՞նչ ազդեցություն այն ուներ։

- Գիտեք՝ լավ հարց եք տալիս, բայց այդ հարցի հասցեատերը ես չեմ, և ճիշտ կլիներ դրանք ուղղեիք այն ծառայություններին, որոնք  պատասխանատու են  գործադիրի ղեկավարի տեղեկատվական աշխատանքի կամ իմիջային դրսևորումների վերաբերյալ։ Ես վաղուց դադարել եմ փորձել տրամաբանություն գտնել կամ փորձել հայտնի տեխնոլոգիաների կամ նախադեպերի միջոցով հասկանալ այս կամ այն կայացրած որոշման յուրահատուկ տրամաբանությունը, և, ճիշտն ասած, ինձ մոտ միշտ չէ, որ դա ստացվում է։ Սա հենց այդ դեպքերից է։
 
- Երեկ պարետը նոր որոշում արձակեց, որով պարտադիր է մշտապես ունենալ անձը հաստատող  փաստաթուղթ։ Մինչ այդ պարտադիր էին նաև դիմակները։ Որքանո՞վ է հանրությունը հասցնում մարսել պարբերաբար արձակվող այս որոշումները։

- Հարցը մարսելը չէ, հարցը ողջամտությունն է, հարցը ժամանակահատվածն է, երբ այդ պահանջները դրվում են, և հարցը բնակչությանը հնարավորինս ժամանակին մատչելի ուղեցույցներ տալն է՝ վարքագծի վերաբերյալ, սոցիալական, իրավական տեղեկատվություն և այլն։ Այսինքն՝ եթե այսօր իրավիճակն այնպիսին է, որ այդ անձնագիրը պարտադիր է կամ այն պետք է, ապա մենք այսօր իրավական դաշտից մեկնաբանությունները ևս լսեցինք, և ես կարծում եմ, որ միևնույն է՝ դրա առկայությունը ենթադրում է պատժիչ գործողության համար օժանդակություն, բայց բուն այդ գործողությունը որևէ կերպ չի նպաստում ոչ այդ վարքագծի արդեն ձևավորված լինելուն, ոչ այդ առաջին հաղորդակցման սխալ լինելուն և բնակչության մոտ անլուրջ տպավորություն և վերաբերմունք ձևավորելուն, ոչ էլ վարակի տարածման հետ կապված որևէ հարց է դա լուծում։ Այո, անձը հաստատող փաստաթուղթը գուցե անհրաժեշտ է շատ դեպքերում և շատ ռեժիմների պարագայում, բայց մենք ընդհանուր կոնցեպտի մեջ փորձենք հասկանալ՝ մենք որտեղից ուր հասանք, որ մենք անպայման ունենանք անձը հաստատող փաստաթուղթ, որ տուգանվելիս հեշտ տուգանվենք։ Սա է տրամաբանությունը, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք։

Մանրամասները՝ տեսանյութում