Աբովյանի դպրոցում ճգնաժամը շարունակվում է

Աբովյանի դպրոցում ճգնաժամը շարունակվում է

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան Թիվ 1 ավագ դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում է։

Դպրոցում տիրող լարված իրավիճակը հասել ծայրահեղ աստիճանի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանի կողմից Քարմիլե Առաքելյանին տնօրենի պաշտոնում նշանակելուց հետո ծավալված ժամանակահատվածում։ Նորնշանակ տնօրենը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը։ Ամբողջ հանրապետությունում իմքայլական շրջանակները փորձում են ուսումնական հաստատությունների ղեկավար պաշտոններում և խորհուրդներում նշանակել իրենց աջակիցներին ու մտերիմներին։

Առաքելյանը, ինչպես դպորցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը մասնակցել էին տնօրենի թափուր տեղի համար մրցույթին և հավաքել հավասար 4-ական ձայն, իսկ վերջում ԿԳՄՍ նախարարը որոշել էր տնօրեն նշանակել ներկայիս տնօրենին։ 

Նշենք սակայն, որ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Արմեն Ավագյանը փետրվարի 9-ին «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ փետրվարի 2-ին ԿԳՄՍՆ-ից զանգել են Մետաքսյա Բաբայանին՝ տեղեկացնելով, որ վերջինս է նշանակվել տնօրեն և հրավիրել աշխատանքի ընդունման դիմում գրելու, իսկ 15 րոպեց անց ասել, որ իբր սխալվել են՝ նշելով, որ տնօրեն է նշանակվել Առաքելյանը։ «Փաստաթղթաշրջանառության «Մալբերի» համակարգով դպրոցին եկած գրությունում (ես ճշտել եմ՝ ինչպես է դա կատարվում) գրված է, որ նախարարի հրամանը կայացել է 16։14-ին։ Այսինքն՝ նախարարի աշխատասենյակից երբ որ դուրս է եկել տվյալ հրամանը, ֆիքսվել է «Մալբերի»-ով 16։14-ին։ Ինչպես հասկանանք, որ 14։55 արդեն Անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցը կամ 15 րոպե հետո տիկին Գրիգորյանն իմանում են, որ նախարարը հրաման է տվել։ Ամբողջ կոլեկտիվը տեսել է այդ փաստը»,- Առաքելյանի նշանակման հետ կապված ևս նկատառում էր արել Ավագյանը։

Որոշումը վրդովվեցրել էր դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցչական անձնակազմին։

Իրավիճակին զուգահեռ նորանշանակ տնօրենն իրեն մերժող ուսուցիչներին սպառնում է աշխատանքից հեռացումներով ու նկատողություններով։ Բացի այդ, Քարմիլե Առաքելյանը դատարան է դիմել՝ գործադուլի օրինականությունը վիճարկելու հայցադիմումով։  

Երեկ Ավագյանից հետաքրքրվեցինք, թե դպրոցում ի՞նչ իրավիճակ է։ «Դեռևս չի ուղարկել, դեռևս։ Ասում է, բայց դեռևս որևէ ուսուցիչ աշխատանքից ազատման ծանուցում չի ստացել։ Բայց ասում է, որ «աշխատանքից ազատվելու եք», կոնկրետ Հայկ Փայտյանին [«Պատմություն» առարկայի ուսուցիչն է]։ Նկատողություն միայն ես եմ ստացել։ Արդեն դիմել եմ դատարան՝ բողոքարելու նկատողությունը։ Մյուսների խոսքով՝ իրենք նկատողություն չեն ստացել։ Մնում է դատի օրը որոշվի», - ասաց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը։ 

Վերջինս հավելեց, որ նկատողությունը տրվել է փետրվարի 17-ին (եթե չի սխալվում), իսկ նույն օրը դիմել է փաստաբանին, հայցադիմում են նախապատրաստել ու ներկայացրել դատարան։ 

Մեր տեղեկություններով նաև՝ շուրջ 80 ծնող դիմել էր իր երեխային դպրոցից տեղափոխելու համար։ Այս մասով Արմեն Ավագյանն ասաց, որ մոտ 100 ծնող դիմում է ներկայացրել․ և 20-25 հոգի արդեն տեղափոխվել է այլ դպրոց, իսկ Աբովյանի Թիվ 1 ավագ դպրոցն ունի մոտ 370 աշակերտ։

Մեր տեղեկություններով՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի փաստաբանն ուրբաթ օրը դատարան հայց է մուտք անելու, որով բողոքարելու են ԿԳՄՍ նախարարի՝ Առաքելյանին տնօրենի պաշտոնում նշանակելու որոշումը։ Մեզ հետ զրույցում Բաբայանն ասաց, որ ուրբաթ օրը կամ ամենաուշը երկուշաբթի մուտք կարվի դիմումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից․ «Նախարարի հրամանը չեղարկելու ակնկալիք ունենք։ Դատարանը որոշ կայացնի, որ նախարարն անարդար հրաման է տվել։ Դրան գումարած, հովանավորչությամբ է եկել [նորանշանակ տնօրենը], կառավարման խորհրդի կազմն է կասկածելի։ Աչքի ընկնող հովանավորչություն կա, ինչը մինչև օրս ակնհայտ է»

Անդրադառնալով երեխաներին դպրոցից հանելու լուրերին՝ Բաբայանն ասաց․ «Երեխաներ կան, գալիս են, լաց են լինում, որ «սա իմ դպրոցն է, ես չեմ ուզում գնալ, ես այս դպրոցն եմ ընդունվել, ուրիշ դպրոց չեմ ուզում»։ Անգամ գիտեմ, որ երեխա է եղել, որ գնացել է ուրիշ դպրոց, եկել է տուն, լաց է եղել, ասել է․ «Ես այլևս այդ դպրոց չեմ գնալու, ես իմ դպրոցն եմ ուզում»։ Ողբերգություն է»։

Հարցին, թե որ դեպքո՞ւմ է դպրոցը լուծարվում, և քանի՞ երեխա պետք է դուրս գա, որ դպրոցը լուծարվի, պատասխանեց, որ հնարավոր է նաև 60 հոգանոց դպրոց։ «Բայց մեր աշակերտների թիվը մոտ 4 հարյուր է, լուծարվելու խնդիր չի լինի։ Չեմ կարծում, թե այնքան մարդ կգնա, որ դպրոցը լուծարվի։ Գնալու տեղ ուղղակի չկա», - հավելեց Բաբայանը։