Իրենք անուղղակի ձևով հետապնդում են սեփականությունը վերաբաշխելու նպատակ

Իրենք անուղղակի ձևով հետապնդում են սեփականությունը վերաբաշխելու նպատակ

Եվ այսպես, ամենաշահավետ ոլորտի՝ բջջային կապի օպերատորների հայաստանյան շուկայում «տեկտոնիկ» շարժեր են․ դաշտն, ըստ էության, 3 հավասար մասերի էր բաժանված նախկին 3 հիմնական խաղացողների միջեւ։

Հիմա հայտնվել է նորը՝ «ԹԻՄ» ՍՊԸ-ն, որը հավակնում է մտնել առաջատարների ցանկ եւ էական փոփոխություններ առաջացնել դաշտում։ Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ն այսօր օրվա երկրորդ կեսին հաստատեց մեր այն լուրը, որ դիմել է դատարան՝ ընդդեմ «ԹԻՄ» ՍՊԸ-ի՝ «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման հետ կապված եւ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ 6 ամսով արգելել է «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքումը։ «Թիմ»- ի եւ «Վեոնի» միջեւ բանակցությունները եւս արգելելու պահանջ կար, որը, սակայն, դատարանը մերժել է։ Որոշումը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը։

Ավելի պարզ, սա նշանակում է, որ 6 ամսով արգելանք է դրվել «Թիմի« եւ «Վեոնի»՝ Բիլայնի ձուլման գործընթացի վրա։ Հիշեցնենք, որ մեկ տարի շարունակ «Վեոնը» բանակցում էր «Յուքոմի» հետ, սակայն քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո հանկարծ պարզվեց, որ «Վեոնը» հակված է միանալ Եսայան եղբայրների ընկերությանը, որը բավարար ակտիվներ ներգրավելու համար պատրաստվում էր վարկ վերցնել։
Թե ինչու՞, որտե՞ղ է տրամաբանությունը, ինչու հրաժարվեցին «Յուքոմի» հետ համագործակցությունից եւ նախընտրեցին Եսայանների նորաստեղծ ընկերությունը, «Վեոն Արմենիայի» լրատվության պատասխանատու Նաիրա Նազարյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասելով՝ չենք մեկնաբանում։ Նշենք, նաև «Յուքոմ»-ի հայցադիմումում նաև խնդրել էին հաստատել, որ առկա պայմաններում «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ-ին պատկանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը և «ԹԻՄ» ՍՊԸ հիմնադիրների կողմից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունների խախտումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաև դատարանին խնդրել են պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

Մենք գրել էին, որ ՏՄՊՊՀ-ն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շտապել էր թույլատրել գործարքը՝ «Վեոնի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման համար, և կանախատեսել էինք, որ «Յուքոմի» հաջորդ հայցն ուղղված է լինելու ՏՄՊՊՀ-ի դեմ, որը շտապել է թույլատրելով այդ գործարքը եւ դրանով ոտնահարել է իրենց շահերը։

ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանին հարցրինք, թե դատարանի որոշումից հետո պարզ չէ՞, որ շտապել են, նա ասաց, որ ՏՄՊՊՀ որոշման մեջ նշված է, թե ինչու են թույլատրել համակենտրոնացումը։ Այնտեղ ասվում է, որ հանձնաժողովի կողմից իրականացված է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, ինչպես նաև, որ որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը): «Նշված այլ հարցերը մեր լիազորությունների շրջանակում չեն»,-ասաց Անի Սմբատյանը։ «Հրապարակը» տնտեսագետ Վարդան Բոստանջյանին խնդրեց մեկնաբանել, թե առանց այն էլ աններդրում Հայաստանում այս ոլորտում սկսված դատական գործընթացները, որոնք ակնհայտորեն նաև տեխնիկական հետեւանքներ կունենան բաժանորդներին մատուցված ծառայությունների որակի վրա, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ներդրումային միջավայրի վրա։

Բոստանջյանի գնահատմամբ՝ ամեն ինչ արցունքի պես պարզ է՝ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ «Խոշոր առումով, շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածում փաստորեն սեփականությունը որոշակի դեֆորմացիաներով հայտնվել էր ամենատարբեր մարդկանց մոտ։ Հիմա նոր որոշումներ կայացնողներ են եկել, և, բնականաբար, իրենք էդպես․․․ անուղղակի ձևով հետապնդում են սեփականությունը վերաբաշխելու նպատակ։ Սա միայն «Յուքոմին» չի վերաբերում, այլ շատ ոլորտների։ Օրինակ՝ այս ապօրինի գույքի, գույքահարկի կտրվածքով, խոշոր առումով, որքան էլ էդպես մեկնաբանեն, որ իբր, ռեֆորմներ են անում, բայց իրականում սրա հետևում սա է։ Հիմա էս շահութաբեր հիմնարկները, ինչպիսին «Յուքոմն» է, ապա այստեղ Եսայաննե՞րն են ճիշտ, թե՞ Պողոսյանները սխալ, ըստ էության կարևոր չէ։ Ում լծակներն ուժեղ են, նրանք էլ տվյալ պարագայում այսպես կոչված՝ «հաղթողները» կդառնան»,-ասում է Բոստանջյանը։

Նկարագրելու համար, թե դա որքան վատ է տնտեսության ու բիզնեսի համար, նա ասաց՝ «Այ դրանով պայմանավորված՝ Հայաստանում ներդրումային ինստիտուտը բացառված է»։ Իսկ վերջում փորձեցինք հասկանալ, թե ինչու են այս երկու ընկերությունները փորձում բանակցել հենց «Վեոնի» հետ և ձուլվել։ Պատճառը պարզ է․ «Վեոնը», ինչպես գիտենք, նախկին «ԱՐՄԵՆՏԵԼ»-ն է, որը 2000-ականների սկզբներին առաջինը մտնելով հայաստանյան դաշտ՝ տիրապետում է ստրատեգիական նշանակության մալուխային, կաբելային և այս ոլորտի գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ ցանցերին։ Հետագայում դաշտ մտած ընկերությունները այդ ռեսուրսները չունեն, քանի որ սա նշանակում է՝ փողոցների, մայթերի, քանդում, նոր փոսալցումներ և այլն, և օգտվում էին «Յուքոմի» ծառայություններից։