«Դառնագին» սուտ

«Դառնագին» սուտ

Վերջին շրջանում հայ դպրության երկնակամարում ստեպ-ստեպ փայլատակող Թամար Ալեքսանյանը՝ ԿԳՄՍ նախարարության կրթական չափորոշիչներ և ծրագրեր նախագծող փորձագիտական խմբի («Հայոց լեզու», «Գրականություն») ղեկավարը, կայքերից մեկին (aravot.am) տված հարցազրույցում մի միտք է արտահայտել, որով աննախադեպ ՍՈՒՏ գնահատումներ է կատարել հայոց դպրոցի վերաբերմամբ: Մինչ կվկայաբերեմ ՍՈՒՏԸ, նշեմ, որ սույն տիկինն ընդհանրապես կարիք ունի գոնե մոտավոր չափով ճանաչելու հայ ժամանակակից դպրոցը: Նոր կրթական չափորոշիչների հետ կապված՝ նրա համար սևեռուն գաղափար է դարձել դպրոցն ավարտող մեր երեխաների… կարդալ իմանալը. «Ուսուցիչների ձեռքին պետք է փաստաթուղթ, որ… իմանան՝ աշակերտն արդյոք ունի՞ բանավոր, գրավոր խոսք, կարողանո՞ւմ է կարդալ, հասկանալ կարդացածը»: Նրա   այս խոսքը չեմ մեջբերել՝ ցույց տալու համար տիկնոջ «ունի բանավոր, գրավոր խոսք» տգետ ձևակերպումը, այլ մատնացուցելու նրա իսկապես հիվանդ սևեռումը… կարդալ սովորեցնելուն: Փաստորեն հանրակրթությունում հայոց լեզվի ուսուցման նպատակը կարդալ սովորեցնելն է: Բայց տիկինն իր «մտահոգությամբ» վրիպել է ուղիղ 100 տարի. հիմա 1920-ական թվականները չեն, երբ խորհրդային երկրում անգրագիտության վերացման մեծ կամպանիա էր ծավալվել, որպեսզի միլիոնավոր անգրագետ մարդիկ գոնե գրել-կարդալ իմանային: 

Որպեսզի ընթերցողը չմտածի, թե խեղաթյուրում եմ տիկնոջ ասածները, մեջբերեմ նրա «դարակազմիկ» խոսքը. «Մի շատ տխուր փաստ բերեմ. կա միջազգային մի կազմակերպություն, որը տարբեր երկրների կրթական համակարգերում ամենատարրական ընթերցանության ստուգումներ է անցկացնում: Պետք է մի դառնագին  ճշմարտություն ասեմ: Հայաստանը բոլոր երկրների մեջ գրավում է վերջին տեղերից մեկը, քանի որ պարզվում է՝ մեր աշակերտները կարդալ չգիտեն, դպրոցն ավարտում են առանց կարդալ իմանալու»: 
ՍՈՒՏ`այսքա՞ն էլ սուտ:  Սա ի՞նչ բարբաջանք է, տիկի՛ն:
 Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ`տիկինը ՍՏՈՒՄ  է. ստում է, նախ, այն առումով, թե այդպիսի մի կազմակերպություն Հայաստանում հետազոտություն է արել, առավել ևս՝ ՍՏՈՒՄ է, թե մեր երկիրը գրավում է «բոլոր երկրների մեջ ամենավերջին տեղերից մեկը»: 

Մենք միշտ հպարտացել ենք մեր սերունդների կրթվածությամբ, մենք միշտ  առաջիններից մեկն ենք եղել խորհրդային հանրապետությունների (և ոչ միայն) շարքում, մենք հիմա էլ աշխարհի հասարակությունների մեջ լավագույններից մեկն ենք կրթվածության առումով: Ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ աշխարհի «բոլոր» երկրների շարքում ամենաշատ անգրագետ երեխաները մենք ունենք, այն էլ՝ կարդալ չիմանալու աստիճանի: Ա՛յ քեզ բան:
Ես սա դիտում եմ անարգանք՝ հասցված հայոց դպրոցին և հայ ուսուցչին, ուստի պահանջում եմ, որ վերոհիշյալ տիկինը կա՛մ հրապարակի իր տեղեկատվության աղբյուրը և հիմնավորի ասածը, կա՛մ ներողություն խնդրի հայ ուսուցիչներից: 

Ներողություն խնդրի նաև հայ հասարակությունից` այսօրինակ (անօրինակ) տգիտությամբ ու ՍՏՈՎ հրապարակ մտնելու՝ փորձագիտական պատկառելի անունով մի խմբի ղեկավարը դառնալու համար:
Եվ հեռանա: