ԵՊՀ աշխարհագրության բաժին վերջին 3 տարում 2-3 ուսանող է ընդունվել
1984 թվականին Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրան ավարտելուց ի վեր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը Երեւանի պետական համալսարանում է աշխատել, նախ՝ ասիստենտ, հետո՝ դոցենտ, իսկ 2011-ից՝ որպես պրոֆեսոր։ Դասագրքերի ու 30-ից ավելի մենագրությունների հեղինակ է։ 2018-ին Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով բուհի հետ պայմանագիրը խզվել է, եւ հեռացել է ԵՊՀ-ից։ «Մասնագիտությամբ երկրաբան՝ իմ ժամանակվա դեկան Մարատ Գրիգորյանը, ով ֆակուլտետի կործանման քաղաքականություն էր վարում, այդ ժամանակից կրթության որակը խայտառակ ընկել էր։ Երկրաբանության ֆակուլտետը նրա կառավարման ժամանակ շատ ցածր ընդունելություն է ունեցել։ Գրիգորյանը հասավ նրան, որ համալսարանից բոլոր պրոֆեսորները դուրս եկան` տարբեր պատճառներով։ Իմ պայմանագիրը չերկարացրեց»,- ասում է զրուցակիցս։
Նրա խոսքով՝ ֆակուլտետ դիմողների թիվը վերջին 3-4 տարվա ընթացքում անհամեմատ ընկել է, ամեն տարի 2-3 ուսանող է դիմում՝ այս ֆակուլտետ ընդունվելու։ Մանասյանը ֆակուլտետի անկման պատճառներից է համարում ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Ասում է՝ մասնագետ չկա, որ ուսանողը կարողանա դիսերտացիա պաշտպանել։ Զրուցակցիս խոսքով՝ Երեւանի պետական համալսարանն այսօր որակապես բոլորովին այլ է, պատահական չէ, որ դիմորդները քիչ են։
«Մեր ամբիոնի վարիչը մանկավարժական գիտությունների թեկնածու է, բայց ղեկավարում է աշխարհագրության ամբիոնը։ Բազմաթիվ նման դեպքեր կան, երբ գիտական կոչում չունեցող անձինք դաս են տալիս, որի իրավունքը չունեն։ Երկրաբանության եւ աշխարհագրության բաժինները, չունենալով որակյալ մասնագետներ, կորցրել են իրենց կարեւորությունը։ Վերջին 5-6 տարվա ընթացքում դիսերտացիա չի պաշտպանվում, որովհետեւ չկան նորմալ ղեկավարներ»,- նշում է նա։
Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում, հանքարդյունաբերության մեջ մեծ դերակատարում ունեն երկրաբանները։ Մանասյանն ասում է՝ Հայաստանում հիմա երկրագործական աշխատանքներ անող նորմալ մասնագետ չկա․ «Ես չեմ պատկերացնում, թե պետությունն ինչի մասին է մտածում։ Հայաստանի Հանրապետության ուսումնասիրությամբ պիտի մեր մասնագետները զբաղվեն, ոչ թե դրսից հրավիրեն, ովքեր բազմաթիվ սխալներ են թույլ տալիս՝ հաշվի չառնելով Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունները»։
Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի տված կրթությունը, ապագա մասնագետների օգտակարությունը Հայաստանի կյանքի ո՞ր ոլորտներում են պետք։ Մանասյանն ասում է՝ ֆակուլտետում սովորած ուսանողները բավական հաջող կարիերա են կերտել, օրինակ՝ Հիդրոմետծառայության ղեկավար Սուրեն Սուրենյանը, «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարներ, ՏԿԵ նախարարության աշխատակիցներ։
«Վերջին 10 տարում ո՛չ նորմալ ուսանող ենք տալիս, ո՛չ նորմալ շրջանավարտ։ Այս գիտությունը վերանում է Հայաստանում։ Վերջին 3-4 տարում 2-3 հոգի է աշխատանքի ընդունվում․ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ պատկերն այդպես փոխվեց»,- նկատում է նա։
Կարծիքներ