«Ձերբակալեք ու տարեք սաղին»․ «Զանգի» անդամները, վրան տեղադրելու համար, բերման ենթարկվեցին
Քիչ առաջ ոստիկանությունը կրկին ձերբակալեց եւ բերման ենթարկեց «Զանգ» նախաձեռնության անդամներին՝ «Կասկադի» մարդաշատ հատվածներից մեկում վրան տեղադրել համար։ Ոստիկանության մայոր Լեւոն Ղազարյանը դիմելով հավաքի կազմակերպիչներից Միքայել Նահապետյանին՝ ասաց, որ ոտնահարում են այլոց իրավունքները եւ խանգարում են ազատ տեղաշարժը, ապա հորդորեց իրազեկման ակցիան իրականացնել առանց վրանը տեղադրելու։
Ի պատասխան՝ Նահապետյանը նշեց, որ վրանի տեղադրումը ակցիայի բաղկացուցիչ մասն է կազմում եւ արտահայտում է իրենց բողոքը։ «Ոստիկանությունը պետք է ապահովի, որ մեր խաղաղ ակցիան իրականանցնենք»,-ասաց Նահապետյանը։
Լեւոն Ղազարյանը կրկնեց՝ վրանը տեղադրելով սահմանափակում են այլոց իրավունքները․
«Հենց հիմա Դուք, որպես հավաքի կազմակերպիչ, հավաքի ղեկավար, վերցրեք վրանը եւ հավաքը իրականացրեք՝ առանց այն տեղադրելու։ Պահանջս ներկայացնում եմ կոնկրետ այն անձանց ովքեր տեղադրեցին վրանը։ Հենց հիմա կատարում եք մեր պահանջը»։
Այսպես մի քանի րոպե վիճաբանելուց հետո Ղազարյանի հրամանով՝ հավաքի կազմակերպիչներին դեպքի վայրից ձերբակալեցին եւ տեղափոխեցին ոստիկանական բաժանմունքներ։
Ավելի վաղ գրել էինք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնությունն արդեն 4-րդ օրն է քաղաքի մի ինչ-որ բանուկ փողոցում փորձում է վրան տեղադրել։ Այսօր էլ նախորդած օրերի պես շարժման կազմակերպիչները Մաշտոցի պուրակից իրազեկման ակցիա սկսեցին, որն ուղեկցվեց ոստիկանական մեծաթիվ ուժերով։ Ամեն անգամ երբ ակցիայի մասնակիցները փորձում են խորհրդանշական վրանը տեղադրել՝ իրավապահներն անմիջապես բերման են ենթարկում հավաքի մասնակիցներին եւ առգրավում հավաքը խոհրդանշող իրերը՝ վրանը, ռուպրը, զանգերն ու պաստառները։
Հավաքին այսօր ներկա էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մի աշխատակից՝ ըստ երեւույթին գույքագրելու ոստիկանության անհամաչափ գործողությունները։ Մեր աչքից չվիրպեց նախաձեռնության անդամներից Տաթեւիկ Հայրապետյանի բացակայությունը։ Զանգեցինք՝ հասկանալու համար, թե ինչու չի միացել թիմակիցներին, սակայն Հայրապետյանը չպատասխանեց։
Կարծիքներ