Գագիկ Խաչատրյանին անգամ ցավազրկող դեղորայքն են խնայում

Գագիկ Խաչատրյանին անգամ ցավազրկող դեղորայքն են խնայում

Այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հրապարակեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը կայացվել է հուլիսի 21-ին եւ որով Բարձր դատարանը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։

Հիշեցնենք, որ սա վերջին երկու տարվա մեջ երկրորդ դեպքն է, նման մի որոշում էլ ՄԻԵԴ-ը կայացրել է Սամվել Մայրապետյանի կապակցությամբ։ Սակայն, պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանի դեպքում եւս մի նման գործընթաց է եղել ամիսներ առաջ։ Եւ այն պահին՝ երբ ՄԻԵԴ-ը նման որոշում պետք է կայացներ։ Դա այս տարվա հունվարին էր, երբ ՀՀ կառավարությունն իմանալով, որ ՄԻԵԴ-ը պատրաստվում է Գ․Խաչատրյանի բուժման հետ կապված որոշում կայացնել, շուտափույթ նրան տեղափոխել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դա այս տարվա հունվարի 15-ին էր։ Եւ երբ ՄԻԵԴ-ին պատասխանում են, որ բժշկական օգնության հարցը լուծված է՝ Եւրադատարանը հատուկ որոշում այլեւս չի կայացնում։ Մայիսի 22-ին Գ․Խաչատրյանի բուժումը համարեցին ավարտված եւ նորից տեղափոխեցին ՔԿՀ՝ «Երեւան-Կենտրոն», ավելի ուշ՝ կորոնավիրուսի տարածման դեպքերով պայմանավորված՝ «Վարդաշեն» ՔԿՀ։ 

Սակայն 64-ամյա Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, իմպլանտ է տեղադրված եւ շատ ուժեղ ցավեր է ունենում, ուստի նրան ժամանակին բուժող մասնագիտացված կլինիկայում միայն կարող են օգնել։ Սակայն մեր իշխանությունը որոշել է գնալ մինչեւ դատարանի վճիռը մարդուն պատժելու, ավելի կոնկրետ՝ խոշտանգելու ճանապարհով։ Եւ մեր տեղեկություններով, անգամ ցավազրկող դեղամիջոցները միշտ չեն տրամադրում նրան։ Քրեական գործի քննությունը դեռ չի ավարտվել։ Ենթադրվում է, որ օգոստոսին կավարտվի միայն մեկ գործի քննությունը, իսկ Գ․Խաչատրյանին մի քանի մեղադրանք են ներկայացրել, որոնց քննությունը տարանջատված է ընթանում եւ մինչեւ դատավճիռը դեռ երկար ճանապարհ է սպասվում։ Այժմ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել՝ մարդու առողջական վիճակից ելնելով։

Ընդ որում, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել ՀՀ բժիշկ-մասնագետների մասնակցությամբ՝ սկսած 2019թ. հուլիսի 4-ից, և իրենց իսկ նախաձեռնած կոնսիլիումների եզրակացությամբ հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն։ Սակայն այս եզրակացությունները չեն խանգարել ՀՀ Կառավարությանը, որ նա փորձի մոլորեցնել ՄԻԵԴ-ին, Եւրադատարան ուղարկված եզրակացության մեջ ՀՀ իշխանությունները գրել են, թե Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, կարող է բավարարվել ցավազրկողներով։

Սակայն ՄԻԵԴ-ում հավանաբար հասկացել են ինչումն է բանը եւ հուլիսի 21-ին նման որոշում են կայացրել։