Որտեղի՞ց այս ունիսոնը
Երրորդ օրն է, ադրբեջանական մամուլը գրում է, որ Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումից: Թեմային անդրադարձել է նաեւ հայրենական լրատվամիջոցներից մեկը՝ գրելով. «RTVI հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որ կոնցեսիոն պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղին, պատրաստվում է խզել Հայաստանի կառավարության հետ պայմանագիրը: Տեղեկությունը փաստացի հաստատել են ՌԴ Տրանսպորտի նախարարությունում»:
Նույն խնդրի շուրջ երկարաշունչ դատողություններ անելով Հայաստանի համար Ռուսաստանի կարեւորության թեմայով, ադրբեջանական լրատվամիջոցը գրում է. «… Ռուսաստանի երկաթուղիները պատրաստվում է պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ Հարավ-կովկասյան երկաթուղին կառավարելու կոնցեսիոն պայմանագիրը:
Այդ մասին RTVI հեռուստատեսությանն ասել է բանակցությունների ընթացքի ծանոթ աղբյուրը: Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունում: Նշանակում է խեղաթյուրումը եւ տարընթերցումը բացառված են»: Ինչպես տեսնում ենք, խնդրի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցի ունեցած տեղեկությունը եւ այդ հիման վրա արված ձեւակերպումները գրեթե նույնական են: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ հասկանալի է, այնտեղ հույս ունեն, որ ռուսական կողմից պայմանագրի վաղաժամկետ խզումը «կհանգեցնի արտաքին աշխարհից Հայաստանի վերջնական մեկուսացմանը»: Իսկ ո՞րն է հայկական լրատվամիջոցի մոտիվացիան: Միայն այն, որ Ռուսաստանը Հայաստանից հեռանալու եւս մի քա՞յլ է նախաձեռնում: Իսկ հետո՞: Ո՞վ է կառավարելու Հայաստանի երկաթուղիները: Հայրենական մեկնաբանի ենթադրությամբ՝ «վերջերս Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց Հայ ձեռնարկատերերի ասոցացիա ստեղծելու մասին.. Սամվել Կարապետյանը հայտարարել է ներդրումային նոր ծրագրերի հնարավորության մասին»: Ռուսաստանում բիզնեսը քաղաքական տոտալ վերահսկողության տակ է: Եւ եթե Կրեմլում ցանկություն չունենան, Սամվել Կարապետյանը կամ Հայ ձեռնարկատերերի ասոցացիան չեն կարող Հայաստանում մեկ ռուբլու իսկ ներդրում անել: Խնդրին պետք է մոտենալ շատ զգուշորեն: Հայաստանում Ռուսաստանի որեւէ «նահանջ» ենթադրում է ռուս-ադրբեջանական համագործակցության եւս մեկ առաջընթաց:
Բաքվում Հայաստանի կառավարության հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրն ռուսական կողմից խզելու մտադրության մասին տեղեկությունը բնական ոգեւորություն է առաջացրել: Անհասկանալին հայկական լրատվամիջոցի ունիսոն հրճվանքն է:
Կարծիքներ