Նախարարը ներգրավված է որպես մեղադրյալ

Նախարարը ներգրավված է որպես մեղադրյալ

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ընդգրկված է որպես մեղադրյալ: Գլխավոր դատախազն ԱԺ նիստում նշեց` հաշվի առնելով, որ դատախազությունում հարուցված քրեական գործով առաջացել էին հիմքեր, որ պետք էր մեղսագրում կատարել նաև ԱՀ տարածքային կառավարման նախարարին, գործը տեղափոխվել է Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին: Գործով կա երեք մեղադրյալ՝ տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում, իսկ ապրիլ ամսվա սկզբներին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև տարածքային կառավարման նախարարը: 

Հիշեցնենք, որ խոսքը տեղահանված բնակչության բնակարաններ ու հյուրատնային ծառայություններում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված խարդախությունների և հափշտակման դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի մասին է:

ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց ու հետաքրքրվեց, թե ճի՞շտ ենք հասկանում, որ այսօր մեղադրյալի կարգավիճակով կառավարության անդամ ունենք, ու հարցրեց, թե նրա նկատմամբ ինչ խափանման միջոց է ընտրվել: Որին գլխավոր դատախազը պատասխանեց, որ պատգամավորը ճիշտ է հասկացել՝ տարածքային կառավարման նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել:

«Խափանման միջոց կիրառելու հարցում ոչ թե ազատ ենք գործողությունների մեջ, այլ ունենք օրենսդրական հստակ հիմքեր, և եթե նկատի ունեք արգելանքի վերացման հետ կապված խափանման միջոց, ապա, բնականաբար՝ ոչ, նման խափանման միջոց ընտրված չէ, ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցին, ապա այս դեպքում դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով՝ առհասարակ նախարարությունում կամ տվյալ անձին մեղսագրվող արարքի հանգամանքները ներկայացնելու ձևով: Այդպիսի միջնորդագիր հանրապետության նախագահին ներկայացվել է դեռևս մարտ ամսում, ընդ որում` ավելի մանրակրկիտ և ավելի մեծ սպեկտրի մեջ ներառելով, քան նախարարին մեղսագրվող արարքն է»,- նշեց դատախազն ու ավելացրեց, որ կարծում է՝ առաջիկայում որոշում կընդունվի այդ առնչությամբ: 

Դավիթ Գալստյանն իր արձագանքի մեջ նշեց, որ, փաստորեն, գլխավոր դատախազը հաստատում է, որ կա հստակ անուն-ազգանունով փաստերով մեղադրանք առաջադրված, բայց դեռ երկրի նախագահի կողմից որոշում չկա կայացված այն մասին, որ նման անձինք իրավունք չունեն կառավարության անդամ լինել, և, ըստ գլխավոր դատախազի, հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք նման մարդկանց պաշտոնավարման շարունակումը կարող է խոչընդոտել հետագա գործընթացին: Որին ի պատասխան` դատախազն ասաց, որ նախագահի կողմից ընդունված որոշման մասին արձանագրում չի արել ու վստահ է, որ գործադիր իշխանությունը նաև մեղադրանքի բովանդակությանը լիարժեքորեն ծանոթանալուց հետո նաև քաղաքական պատասխանատվության ուղղությամբ քայլեր կձեռնարկի: «Իսկ ինչ վերաբերում է նախարարի պաշտոնավարմանը, ապա հանրային ծառայողի պաշտոնավարումը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե նա մնալով պաշտոնում` կարող է խոչընդոտել քննությանը, մեղսագրվել են այնպիսի արարքներ, որոնք տեղի են ունեցել վաղ փուլում, և դրանց խոչընդոտելու հնարավորություն չկա, ու, հետևաբար, նման որոշում չի կայացվել, բայց սա չի նշանակում, որ հետագայում, քանի որ մեղսագրել ենք այնպիսի արարքի կատարում, որը շարունակվում է, առաջիկայում կփորձենք ստուգել` արդյո՞ք նույն խախտումները պահպանվում են, եթե արձանագրվեց նման երևույթ, անկախ նրանից՝ այդ փուլում քաղաքական պատասխանատվություն կիրառված կլինի, թե՝ ոչ, պարտադիր կկիրառենք նաև այդ գործիքակազմը»,- նշեց դատախազը: