Ուշադիր չենք

Ուշադիր չենք

Արցախի մասին միայն ծույլերն է, որ չեն խոսում: Սոցիալական ցանցերում եւ մամուլում ամենատարբեր տեսակետներ են հնչում, որոնք վերջին հաշվով հանգում են մի ընդհանրության՝ ոչ մի զիջում, մենք դեռ ստանալիքներ ունենք: Բայց որքանո՞վ է նույն հանրությունն ուշադիր, թե արտաքին աշխարհում Արցախի հարցն ինչպես է ներկայացվում, տեղեկատվական հոսքերում ինչ մոտեցումներ են իշխում:

Ռուսական «Կոմերսանտը» գրում է. «1988թ. փետրվարի 20-ի առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքներով բնակչության 99,89 տոկոսը կողմ արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախությանը: Պաշտոնական Բաքուն այդ ակտը ճանաչեց ապօրինի եւ լուծարեց խորհրդային տարիներին գոյություն ունեցած՝ Ղարաբաղի ինքնավարությունը: Մի քանի օր անց ԽՍՀՄ-ը փլուզվեց»:

Այս հակիրճ տեքստում առկա է երկու սկզբունքային խեղաթյուրում: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղը չի հայտարարել Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Մարզխորհրդի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդի առջեւ՝ քննարկելու ինքնավար մարզն Ադր. ԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ անցնելու մասին հարցը:

Երկրորդը վերաբերում է ԼՂ ինքնավարության լուծարմանը, որն իրականում տեղի է ունեցել ոչ թե անկախության հարցով 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեից հետո, այլ՝ նույն տարվա նոյեմբերի 24-ին՝ ի կատարումն ավելի վաղ ընդունված՝ «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանդրական ակտի, որով Ադրբեջանը հռչակվել է անկախ եւ ունիտար պետություն: Ո՞րեւէ պատկան մարմին, լրագրողական կազմակերպություն, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դիմե՞լ է «Կոմերսանտին»՝ թույլ տրված կոպիտ խեղաթյուրումները վերացնելու եւ ԼՂ հիմնախնդրի նախապատմությունը ճշմարտացի ներկայացնելու պահանջով: Սոցիալական ցանցերում այս թեմայով ստորագրահավաք անցկացվե՞լ է: Իհարկե՝ ոչ: Այդ պատճառով էլ Արցախի թեմայի շուրջ ձեւավորվում է արտաքին թյուր ընկալում: Մեր անուշադրությունը բումերանգի էֆեկտով մեզ է վերադառնում որպես ոչ օբյեկտիվ տեսակետ: Մինչդեռ կարող ենք, պարտավոր ենք հետեւողական լինել: Արցախի հարցում մանրուքներ չկան: Ամենավերջին նյուանսն էլ  ազդեցություն թողնում է: