Չեռնոբիլի ծուխը

Չեռնոբիլի ծուխը

«Չեռնոբիլ» սերիալը իրադարձություն է Սատանայի ներսում: Այսինքն՝ պատմություն է դատապարտվածության մասին: Պայթում է ատոմակայանի միջուկային ռեակտորը, միլիոնավոր մարդիկ մահացու ճառագայթների մեջ հիանում են ռեակտորից բարձրացող երկնագույն ծխի հմայքով: Որովհետեւ չգիտեն, թե դա ինչ ծուխ է:

Սա զուգահեռ «Ժանտախտի» պատմությունն է, երբ մարդիկ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչի մեջ են ներքաշվում։ Այստեղ սատկող առնետներ չկան։ Բայց մեռնողները նույնքան ստույգ են, նույնքան անտեղյակ, թե ինչից են մեռնում։ Կամյուի «Ժանտախտից» «Չեռնոբիլին» տարբերում է այն, որ այստեղ մահը պահածոյացվել է եւ այդտեղից դուրս է թռչում ֆունկցիոներ Դյատլովի կերպարով։ Չլիներ Դյատլովը, չէր լինի Չեռնոբիլի աղետը:

Դյատլովը «Չեռնոբիլի» ամենապարարտ սատկած առնետն է, ժանտախտի հարուցիչը։ Այսուհետեւ այն բոլորի գործն է։ Դյատլովն ունի իր կայուն ճշմարտությունները, որոնք հնչում են այսպես՝ եթե ես ասում եմ, պիտի այդպես լինի: Հենց նրա պատճառով է պայթում միջուկային ռեակտորը: Նա է ծրագրավորում եւ հետեւողականորեն հասնում դրան: Եվ նա միակն է, որն ականջներին չի հավատում, որ ռեակտորը պայթել է: Միակ դրվագն է, որտեղ նա մարդ է: Երբ առնետը չի հավատում, նա մարդ է: Եվ մեր համեստ գործն է՝ հասկանալ, թե ինչին բախվեց այս մարդը, ինչ պայթեց նրա մեջ:

Ժանտախտի մասին ոչ ոք չի ասի՝ գեղեցիկ է, իսկ այստեղ հմայիչ կինը հենց այդպես է բնորոշում ամբողջ միջուկային ճառագայթումը մարդկանց վրա արձակած կրակը։ Այստեղ էսթետիկան դեռ ժամանակ կտա մարդկանց չհասկանալու, թե ինչ է կատարվում։

Բոլոր աղետները նույն դեմքն ունեն։ Հենց դրանով են նրանք հրեշավոր, իրենց զոհերին նրանք վարակում են նախ իրենց դեմքը։ Բայց այստեղ մարդիկ կան, որոնք աղետը կառավարելու համար չեն, նրանք ստելու են աղետի մասին, նրանք ամենավտանգավորն են։ Այս պահից համակարգն սկսում է ատամներ ցույց տալ։ Ֆիլմը համակարգի մասին է, ոչ թե աղետի։ Ֆիլմն այն մասին է, որ չկա աղետ առանց ստի։ «Մենք օղակելու ենք քաղաքը, ոչ ոք քաղաքից դուրս չի պրծնելու»,- պայթյունից ժամեր հետո կոմունիստական չինովնիկի այս խոսքերից է սկսվում իրական աղետը։ Պայթյունն արդեն իր գործն արել է ատոմակայանի աշխատակիցների հետ, զոհերն արդեն կան։ Բայց դա, ինչպես ասում են, աղետի տեխնիկական կատարումն է։ Բայց սա Չեռնոբիլն է։ Սա գիտության, ի դեմս ատոմակայանի, եւ կեղծիքի, ի դեմս Կոմկուսի, հարձակումն է մարդկանց վրա, որոնք ոչինչ չեն հասկանում ո՛չ մեկից, ո՛չ էլ մյուսից։ Սա ագրեսիա է արդեն, «մեր փառքի պահը»։ Հրշեջներից ոչ ոք չգիտի, որ աշխատում է իր համար անթույլատրելի ճառագայթային ուժեղ գոտում։ 

«Չեռնոբիլը», այո, պատմություն է խորհրդային համակարգի մասին: Այն մասին, որ այդպիսի համակարգերում դու ի սկզբանե ես դատապարտված մահվան, այն մասին, որ այդ համակարգերում սպանություններ չկան, որովհետեւ սպանությունն անհատական արարք է, մեռնողը կոնկրետ մարդ է: Համակարգի մեջ կոնկրետ մեռնող չկա: Որովհետեւ կոնկրետ մեռնողը նախատեսված չէ, այդպիսին են համակարգերը՝ բոլորը կամ ոչ մեկը: Այս միջավայրում հերոսներ չկան: Խորհրդային Միությունը ոչ մեկին թույլ չի տա լինել հերոս, որովհետեւ հերոսությունն անհնար է առանց ճշմարտության ձեռքը բռնելու: Բոլորը պայքարելու են հետեւանքները վերացնելու դեմ՝ առանց հասկանալու, թե ինչ են անում, եւ ինչի դեմ է կռիվը:

Ո՞վ պիտի ասի ճշմարտությունը, մարդիկ դա չեն անի, որովհետեւ համակարգն ասող չէ, ինքը կառուցված է, այնտեղ առանձին վերցրած մարդիկ չկան: Առանձին վերցրած մարդիկ՝ Լեգասովը, Խամյուկը, մինիստր Շչերբինան, որը երկու տարի հետո դառնալու է Լենինականի աղետի հետեւանքների վերացման պատասխանատու, առաջինն են, որ պոկվում են Սատանայից: Մարդը հրաշք է հենց դրանով․ ծնվելով Սատանայից՝ իր մեջ արդեն ունի դժոխքը պայթեցնելու «հարուցիչը»՝ ժանտախտի դեմ մարդ․ ահա համակարգին հաղթելու կամյուական եւ չեռնոբիլյան լուծումը: Սակայն նույնիսկ նրանք հաղթողներ չեն, ճշմարտության հարուցիչը Չեռնոբիլի ծուխն է, որը քամու «թեւով» հասնում է Շվեդիա: Վերջ: Սատանայի դիրքերը սասանված են: Հիմա ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվել Խորհրդային Միությունում, եւ դա կիմանա նաեւ խորհրդային մարդը: 

Լյուդմիլայի չծնված բալիկն աղետից անմիջապես հետո ատոմակայան հասած հրշեջ հոր նման չգիտի, թե ինչ է կատարվել այնտեղ, բայց նա արդեն մոր որովայնում Փրկիչ է: Չորս ժամ է ապրում ծնվելուց հետո, որովհետեւ իր վրա է վերցրել վարակիչ մահացու դոզավորված ամուսնուն այցելած մոր ճառագայթավորումը: «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երեխաները մեռնում են մայրերին փրկելով: Գրողի ծոցը ձեր ճշմարտությունը եւ գրողի ծոցը մեր կյանքը»,-հուսահատ Խամյուկը սա շպրտում է Շչերբինայի եւ Լեգասովի երեսին: Այս դրվագն այն նույն սերիայում է, որտեղ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ընդունարանում կախված է Իլյա Ռեպինի «Ցար Իվան Ահեղը սպանում է որդուն» կտավը: Համակարգի ճշմարտության դեմ՝ երեխայի ճշմարտությունը: Չեռնոբիլը մահացու չէ, քանի դեռ կա երեխայի ճշմարտությունը: Ահա թե ով հաղթեց համակարգին՝ չորս ժամ ապրած երեխան՝ ես թույլ չեմ տա, որ սպանեք իմ մորը: «Շան նման»,-կասեր Ֆրանց Կաֆկան: 

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ