Վրաստանում ի աջակցություն ընդդիմադիր գործչի երթ է անցկացվել 

Վրաստանում ի աջակցություն ընդդիմադիր գործչի երթ է անցկացվել 

Հարևան Վրաստանի Հանրապետությունում իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հետապնդումների շարք է սկսել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Այսօր արդեն վրացական ընդդիմությունը երթ է իրականացրել դեպի խորհրդարան և իշխանություններից պահանջել ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ու նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մելիայի ձերբակալության կապակցությամբ ընդդիմությունը հայտարարել էր անժամկետ ցույցեր անցկացնելու մասին։
 
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդի ձերբակալության հետ կապված թվիթերյան իր էջով երեկ մտահոգություն է հայտնել նաև եվրոպական խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը։ «Եկեք չմոռանանք մեր աջակցությունը եվրոպամետ ու ժողովրդավարական ուժերին Ուկրաինայում, Բելառուսում ու Վրաստանում: Վերջին իրադարձությունները Թբիլիսիում, մեր ընկեր Նիկա Մելիայի և գործընկերների ձերբակալությունը հատուկ մտահոգություններ են առաջացրել: Մենք չենք կարող նրանց միայնակ թողնել Վրաստանի պատմության այս ճգնաժամային պահին», - հայտարարել է ԵԺԿ նախագահը:

Փետրվարի 22-ի վաղ առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մարտաֆիլմերին բնորոշ հատուկ գործողության շրջանակներում գրոհել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակն ու ձերբակալել Մելիային։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարը մեղադրվում է Թբիլիսիում 2019 հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու մեջ, և դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Երեկ արդեն Վերաքննիչ դատարանը մերժել էր նրա խափանման միջոցը փոխելու բողոքը։ Ընդդիմությունը Մելիայի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է համարում։