Հարգել արհեստավարժ պահանջները

Հարգել արհեստավարժ պահանջները

Նոյեմբերին, ինչպես երբեք, անչափ բորբոքվեցին ֆուտբոլային կրքերը, ընդ որում՝ ոչ միայն մարզադաշտերի տրիբունաներում, այլեւ հենց հանրապետական ֆեդերացիայում: Պատճառը պարզ էր ու հասկանալի՝ այդ ամենն առնչություն ուներ մեր ֆուտբոլի ազգային գլխավոր թիմի՝ Եվրոպայի առաջնության նախնական մրցափուլի ավարտական խաղերի բացահայտ տապալման հետ: Այն ժամանակ, երբ մարզասերները դեռ փայփայում էին աշխարհամասի առաջնային մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիրը նվաճելու հույսերը, ամեն ինչ ճիշտ հակառակ ընթացք ունեցավ: Վերջին 4 խաղերում մեր հավաքականը 12 հնարավորից կարողացավ վաստակել ընդամենը 1 միավոր, հուսո փուչիկը, այո, պայթեց, երբ Իտալիայում գրանցվեց ամենախայտառակ, հիրավի ամոթալի պարտություն՝ հակառեկորդային 1։9 հաշվով:

Ավելին, դրան զուգահեռ անասելի աղմուկ բարձրացավ մեր ֆուտբոլի «գլխավոր շտաբում»՝ ֆեդերացիայում, երբ որոշվում էր հավաքականի նոր ավագ մարզչի նշանակման հարցը, երբ պարզապես մեկ օրում որոշվեց այդ պարտավորությունները վստահել Ա. Խաշմանյանին՝ հարցը լուծվեց հաշտ ու խաղաղ: Իսկ ահա թե ինչ տեղի ունեցավ դրան նախորդած օրերին, դժվար է անվանել արհեստավարժ մոտեցում: Բանն այն է, որ հավաքականի նոր ավագ մարզչի գլխավոր թեկնածու էր ճանաչվել ռուսաստանցի մեր հայրենակից Ա. Գրիգորյանը: Եվ ահա, երբ սույն մասնագետը ներկայացավ ֆեդերացիա՝ ստորագրելու աշխատանքային պայմանագիրը, այսինքն՝ ճիշտ վերջին պահին, հանկարծ ու անսպասելի մերժում ստացավ: Խոսքը սոսկ մերժելու մասին չէ, այլ տարօրինակ վարվելակերպի, ինչը շատ տգեղ ու միանգամայն անընդունելի է նախ զուտ մարդկային տեսակետից: Նաեւ վկայություն է իրավիճակին չտիրապետելու տեսակետից: Ու բնավ պատահական չէր, որ հաջորդ իսկ օրն ինտերնետը լեցուն էր մեր ֆուտբոլի ֆեդերացիային հասցեագրված բազմալեզու ծաղրուծանակներով: Ինչ վերաբերում է Ա. Գրիգորյանին, ապա նա մնացել է Երեւանում եւ այժմ գլխավորում է «Ուրարտու» թիմը:

Բնական է, որ սա գալիս է ասելու, որ մեր ֆուտբոլի առաջընթացին նպատակամղված քայլերն ընդհանրապես ու խորապես, ոճի եւ բովանդակության իմաստով լուրջ վերափոխման կարիք ունեն: Եվ բոլորովին էլ անակնկալ չէր, որ դա ճիշտ հասկացան թե՛ ֆեդերացիայի նախագահ Ա. Վանեցյանը եւ թե՛ գործկոմի ամբողջ կազմը՝ ներկայացնելով հրաժարականներ: Իսկ թե ինչ արմատական փոփոխություններ տեղի կունենան, կիմանանք դեկտեմբերի 23-ին: 
Այս առումով ինձ թույլ կտամ մի փոքր շեղվել բուն թեմայից: Այո, ամբողջ աղմուկը բարձրացել էր այն պատճառով, որ մեր ֆուտբոլն իրոք լուրջ ճգնաժամ է ապրում: Սակայն ինչո՞ւ է միայն ֆուտբոլը հայտնվել հազարավոր մարզասերների թիրախում: Միթե դժվար է հասկանալ, որ ոչ պակաս ծանր կացության մեջ են հայտնվել նաեւ մեր մյուս խաղային մարզաձեւերը, ասենք՝ ջրագնդակը, վոլեյբոլը, բասկետբոլը, հանդբոլը, թենիսը: Կարո՞ղ եք գոնե մի փոքրիկ ապացույց բերել, վկայել, որ միջազգային ասպարեզում հայկական սպորտի պատիվը բարձր պահելու խնդիրներ ունեցող այս մարզաձեւերի ներկայացուցիչները գոնե մեկ քայլ առաջադիմել են: Չե՛ք կարող, բայց, ավաղ, կես բերան ոչ թե տագնապ, այլ անհանգստություն արտահայտելու օրինակ էլ անհնար է բերել…
Հասկանալի է, ֆուտբոլը համաժողովրդական մարզաձեւ է, զուր չի տարածվել նաեւ անգլիական խոսուն ասացվածքը՝ «Ֆուտբոլը կյանքի ու մահվան հարց չէ, ֆուտբոլը շատ ավելի կարեւոր բան է»։ Հենց այս հույժ մեծ կարեւորությունը հաշվի առնելով է անհրաժեշտ կազմավորել նոր ֆեդերացիան՝ սկզբունք ունենալով մեկ կարեւոր պահանջ՝ վստահել ոչ միայն աշխատանքային հարուստ փորձ ունեցող գործունյա մարդկանց, այլեւ անպայման անվանի, հմուտ, գործի համար իրապես ցավով արհեստավարժ մասնագետների:

Իսկ ներկա իրավիճակն այնպիսին է, որ շատ բան հարկ է սկսել խորքային խնդիրներից, ընդսմին՝ առանցքային թնջուկներից մեկը մանկապատանեկան ֆուտբոլն է, որը, եթե կարելի է այդպես ասել, ներկայումս ծնկած վիճակում է: Մենք, հասկանալի է, պախարակում ենք իր դեմքը կորցրած ազգային գլխավոր թիմին: Բայց արի ու տես, որ ոչ պակաս անճարակ էին նաեւ տարիքային տարբեր խմբերի պատանիների հավաքականները: Ելնելով գրանցված արդյունքներից՝ ցավոք, գալիս ես այն համոզման, որ նրանց հետ աշխատող մարզիչները գործում են պարզ ու պրիմիտիվ մեթոդներով: Տեխնիկատակտիկական, ֆիզիկական ու կամային նուրբ հատկությունների հղկմանը զուգահեռ, հարկ է հասնել այն բանին, որ տղաները կարողանան դու-ով «խոսել» գնդակի հետ, ճիշտ կողմնորոշվել խաղային բարդ իրադրությունում: Մինչդեռ, ինչպես երեւում է, պարապմունքների հիմքը կազմում է ռուսերեն ասած՝ «бей-беги» կոչված պարզունակ մեթոդը, ինչը, բնականաբար, ոչ մի հեռանկար խոստանալ չի կարող: Սրանում համոզվում ես՝ հետեւելով մեր ֆուտբոլի վաղվա օրը ներկայացնող թիմերի միջազգային ելույթներին:

Դատեցեք ինքներդ. 17 տարեկանների մեր հավաքականը տարվա ավարտական խաղում է տարել իր միակ հաղթանակը՝ 1։0 հաշվով առավելության հասնելով իսլանդացիների նկատմամբ: Իսկ, ահա, մինչ այդ կայացած բոլոր 7 հանդիպումներում գրանցվել են դառը պարտություններ, ընդսմին, որ ոչ պակաս ցավալի է, տանուլ են տվել «չոր» հաշիվներով, այսինքն՝ ոչ մի գոլ չեն խփել՝ դրա դիմաց բաց թողնելով 29-ը: Մյուս՝ 19 տարեկանների թիմը տարվա ընթացքում ընդհանրապես ոչ մի հաղթանակ չի տարել՝ բավարարվելով երկու ոչ-ոքիով, իսկ մյուս 6 խաղերում, կարելի է ասել, առանց արժանի դիմադրություն ցույց տալու, հանձնվել են․ ընդհանուր հաշիվն է՝ 4։26:
Վերջապես, 21 տարեկաններն էլ, ճիշտ է, շահել են լատվիացիների ու մոլդովացիների հետ ունեցած ընկերական խաղերը, բայց փոխարենը 7 անգամ էլ ընդունել են իրենց պարտությունը․ ընդհանուր հաշիվն էլ 4։21 է:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ, ահա, հետեւություններ անել պարտադիր է: Այս առումով, հավանաբար, ճիշտ կլինի խոստումնալից 2-3 մարզչի գոնե մեկ ամսով երբեմն գործուղել՝ Եվրոպայի անվանի ակումբներում պատանիների հետ տարվող աշխատանքի մեթոդներին մոտիկից ծանոթանալու համար:

Անհանգստացնող է վիճակը նաեւ մեր առաջատար համարվող ակումբներում: Խոսքը, իհարկե, եվրագավաթների խաղարկություններում անվստահ ելույթների մասին է: Տարիներ շարունակ հնարավոր չի լինում հաղթահարել նախնական արգելքները՝ ինչի պատճառով, ի դեպ, զրկվելով նաեւ շատ պատկառելի «հոնորարներից»:

Խնդիրները, ինչ խոսք, սրանով չեն սահմանափակվում: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ անցնող տարվա ընթացքում, լրջորեն խորհելու եւ ճիշտ եզրակացություններ անելու անհրաժեշտությունը, հուսանք, կլինի նորաստեղծ ֆեդերացիայի, մեր բոլոր ակումբային թիմերի ղեկավարների գործունեության առաջնահերթ նշանաբանը: Ամեն դեպքում, հարկ է դուրս գալ թմբիրից, ազատվել սնամեջ պատրանքներից, հարգել, հարազատ մնալ մեր սպորտի արհեստավարժ սկզբունքներին:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ 
Մարզական լրագրողների  միջազգային միության անդամ