Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ. Թագուհի Թովմասյան

Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ. Թագուհի Թովմասյան

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Համացանցում օրերս հայտնվող կադրերը մեկը մեկից սահմռկեցուցիչ են: 21-րդ դարում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյության պայմաններում, արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու կարելի է ասել անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ: Գիշերային չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ 121 բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, կարծում էի՝ գոնե այդ հանձնման գործընթացը կազմակերպված կիրականացվի, պատերազմի տարերայնությունը, թափթփվածությունը այլեւս չեն իշխի մեզ: Բայց ոչ, հայը իր տունն է դատարկում, ադրբեջանցին ծաղրում է նրան՝ իր տան բակում նկարահանում տնից փախուստը, մյուսին գերի է վերցնում, հետո խաղ անելով վերադարձնում, երրորդը անձամբ շնորհակալություն  հայտնում ադրբեջանցուն, որ թույլ է տալիս իր իրերը դուրս հանել տանից: Խիստ մտահոգիչ իրավիճակ է։ 
Մենք պետություն ունե՞նք։
Ո՞ւր են մեր պետական կառույցները։ Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ։ Ուր են մեր փրկարարները, խաղաղապահները, ոստիկանները, ուժայինները․.․Սահմանն ինչու է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է։
Հ.Գ. Լուսանկարում արցախցին շնորհակալություն է հայտնում ադրբեջանցի համազգեստավորից, որ թողնում է իր տան իրերը դատարկել: 
Ստոպ կադրը՝ տեսանյութից: Ամաչում եմ…»