Դեմ է ապառազմականացված գոտու ստեղծմանը 

Դեմ է ապառազմականացված գոտու ստեղծմանը 

Ռուս-Ուկրաինական ճակատի երկու կողմերում 15 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծումը կարող է բերել մի շարք քաղաքների հանդեպ վերահսկողության կորստի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այսպես կոչված «Վճռականների կոալիցիայի» հանդիպումից հետո ունեցած ասուլիսի ժամանակ։ Զորքերի հետքաշման եւ ապառազմականացված գոտու ստեղծման մասին խոսակցությունները, ըստ նրա, ինքը լսել է տարբեր մարդկանցից, տարբեր հետախուզություններից։ Սակայն պաշտոնապես, ըստ Ուկրաինայի նախագահի, ոչ ոք նման առաջարկ Կիեւին չի ներկայացրել։

Նա նշել է, նման գաղափարը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում, եթե կյանքի կոչվի։ Ուկրաինայի նախագահը նկատել է, որ ժամանակակից հրետանու եւ դրոնների հեռահարությունը գերազանցում է 15 կմ-ը եւ բացի այդ, եթե ուկրաինական կողմն իր զորքերը ճակատից հետ քաշի 15 կմ, ապա Խերսոն քաղաքում զորք չի ունենա, հետեւաբար՝ Խերսոնը կարող է եւ դուրս գալ ուկրաինական հսկողությունից։ Նույնը կարող է լինել Պոկրովսկ եւ այլ սահմանամերձ քաղաքների հետ։