ԱԺ-ի կողմից հաստատված օրինագիծն ավելի շատ խնդիրներ ունի, քան կառավարության հաստատածը

ԱԺ-ի կողմից հաստատված օրինագիծն ավելի շատ խնդիրներ ունի, քան կառավարության հաստատածը

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը՝ Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտորների մասնակցությամբ, նախօրեին քննարկվել է նաեւ ԿԳՄՍ նախարարությունում, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է նաեւ բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձեւավորման եւ ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու է լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական եւ բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Այդ մոտեցումը, ըստ էության, բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է եւ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը եւս կարծում է, որ բուհերի խորհրդի կազմի նման համամասնությունը, ըստ էության, հանգեցնում է բուհերի ինքնավարության աստիճանի նվազման․ «Ռեկտորների մեծամասնությունն առաջարկել է փոփոխել այդ համամասնությունը, հիմա թե վերջնական ինչպես կորոշվի՝ չեմ կարող ասել»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ նախարարը հակվա՞ծ է լսելու եւ ընդունելու ռեկտորների առաջարկները, քանի որ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պետությունը, որպես հիմնադիր պետական բուհերի, իրավունք ունի միջամտելու նրանց գործունեությանը։

«Գիտեք, ռեկտորների հանդիպումը նախարարի հետ բավականին երկար է տեւել, եւ շատ հարցեր են քննարկվել, որոնք վերաբերել են բուհի հավատարմագրման գործընթացին՝ թե՛ ծրագրային, թե՛ ինստիտուցիոնալ, նաեւ՝ ուսանողների ընդունելությանը, նրանց մասնակցությանը, ուսանողական խորհուրդներին։ Քննարկվել են շատ հարցեր՝ սկսած սահմանումներից, վերջացրած սկզբունքային հարցերով, իսկ ռեկտորների ընտրության հարցը հարցերից միայն մեկն է եղել։ Ընդհանուր առմամբ, նախարարը հակված էր եւ կողմ էր բոլոր առաջարկները եւս մեկ անգամ լսել ու քննարկել Ազգային ժողովում, որովհետեւ օրինագիծն ԱԺ առաջին ընթերցմամբ անցել է եւ հավանության արժանացել։

Հիմա ԱԺ-ում պետք է նորից լինի քննարկում, որպեսզի բարձրացված հարցերի շուրջ փոփոխություններ արվեն։ Քննարկվել է նաեւ դասախոսական կազմի վրա դրվող տարիքային սահմանափակումը՝ 65 տարին, ինչպես նաեւ՝ ամբիոնի վարիչը պետք է լինի վարչակա՞ն, թե՞ գիտամանկավարժական աշխատող։ Ինչ վերաբերում է խորհրդի կազմին եւ այդ համամասնությանը, նախարարը կողմ էր այն նույն դիրքորոշմանը, որ ինքն արտահայտել է Ազգային ժողովում՝ գտնելով, որ եթե բուհերը պետական են, ուրեմն կառավարությունը պետական բուհերում պետք է ունենա ձայների մեծամասնություն: Անձամբ ես այստեղ մեծ վտանգ եւ ռիսկ եմ տեսնում,- ասում է Հարությունյանն ու անդրադառնում 3 թեկնածուներից ռեկտոր ընտրելու փաստին, որը, ըստ նրա, խնդիրներ է ստեղծելու հենց կառավարության համար,- որովհետեւ հստակ սահմանված չէ այդ 3 անձից մեկին ընտրելու ընտրության չափանիշը, ինչը հենց կառավարության համար է ստեղծելու խնդիրներ»։

ԿԳՄՍ նախարարը բուհի ռեկտորին դիտարկել էր իբրեւ սոսկ «վարձու աշխատող», իսկ բուհը, որպես այդպիսին, «հարեւան պետություն», որի գործերին պետք է եւ իրավունք ունի միջամտել։ Այս առիթով Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն ասաց․ «Բոլորն էլ այս երկրում ինչ-որ մի կազմակերպությունում աշխատում են, բայց ես այդ «վարձու աշխատող» ձեւակերպմանն այդքան էլ կողմ ու համաձայն չեմ։ Գործատու եւ աշխատող փոխհարաբերությունները մեր երկրում Աշխատանքային օրենսգրքով են կարգավորվում, աշխատողն ունի իր իրավունքները, գործատուն՝ իր»։

Ի՞նչ է նշանակում նախարարի այն հայտարարությունը, որ մեր երկրում թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերը անբնական շատ են։ «Մեր երկրում այս պահին, ընդհանուր առմամբ, 51 բուհ կա՝ պետական, ոչ պետական, եւ եթե նայում ենք ուսանողների թվաքանակը, նաեւ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա բուհերի քանակը, այո, շատ է, բայց այստեղից  միանգամից չպետք է բխի բուհերի փակման կամ միավորման խնդիր, որովհետեւ մեզ մոտ բուհերի մեծամասնությունը նեղ մասնագիտական ուղղվածություն ունի, այնպես չէ, որ մենք ունենք 51 համալսարան, որոնք բոլորը բոլոր մասնագիտություններով կրթություն են առաջարկում։ Մեզ մոտ շատ են այն համալսարանները, որոնք ունեն որոշակի ոլորտային ուղղվածություն՝ երաժշտական, բժշկական, ճարտարապետաշինարարական։ Այդ առումով համաձայն չեմ «շատ թվաքանակ»-ի հետ, եւ այնպես չէ, որ բոլոր համալսարաններում բոլոր մասնագիտությունները դասավանդվում են։ Մեր մոդելը մի քիչ ուրիշ է»։

Թե իրենց՝ ռեկտորների առաջարկած փոփոխությունների քանի տոկոսն է օրինագծում ամրագրվել, ռեկտորը դժվարանում է ասել, միայն նշում է, որ իրենց բուհը թե՛ առանձին, թե՛ այլ բուհերի հետ միասին ներկայացրել է մի շարք դիտարկումներ եւ առաջարկներ, որոնց մի մասը հաշվի է առնվել, որովհետեւ թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն, թե՛ նախարարությունն ունեն դիրքորոշումային տարբերություն․

«Ի դեպ, այն տարբերակը, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց, մենք չենք տեսել, մինչեւ ԱԺ օրակարգի նիստին կից հրապարակվեց, եւ թե՛ իմ, թե՛ այլ բուհերի կարծիքով, դա իր մեջ ավելի շատ խնդիրներ ունի, քան այն տարբերակը, որ կառավարությունն էր հաստատել։ ԱԺ-ի կողմից հաստատված օրենքի նախագիծը բավականին փոփոխված է, որը նույնիսկ ավելի են վատացրել, ինչ-որ կետեր են միավորել, հասկացողություններ մտցրել, մի տեղից նույն բանը հանվել է, մյուս տեղից՝ ոչ, անհասկանալի փոփոխություններ են արված, որը, ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծն ավելի վատացրել է»։