«Փրթոցիին» սպասելիս

«Փրթոցիին» սպասելիս

Աշոտին ի՞նչ ասեմ… Ծնողասեր զավակ է, ծնողապաշտ, ծնողամեծար, ծնողագիտակից, ծնողահարգ: Նա Նիկոլի Աշոտն է, ոչ թե Րաֆֆու Սամվելը: Պտուղ է՝ ծառից հեռու չի ընկել, և սրանով ամեն ինչ ասված է: Մեր ժողովուրդը, սակայն, լավ տղու մասին ուրիշ խոսք էլ ունի: Ասում է՝ հարսը Բաղդադից էլ բերես՝ տղեն քեռուն կքաշի: Ի դեպ՝ ո՞ւր է Աշոտի քեռին՝ Հրաչը: Այդ երիտասարդը ամերիկաների հետ սեր ուներ ժամանակին: Հիմա՝ չգիտեմ, ոչ երևում է, ոչ էլ հայտնվում որևէ սկանդալի կենտրոնում: Ասում են՝ աջը քաշած նստած է տանը, ողջ օրը «պապիրոզ» է քանդում-հավաքում: Թե հիմա Աշոտը նրան է քաշել, դա էլ արդեն ուրիշ հարց է: Մեկ իր ոտով գնում, նստում է ուրիշի մեքենան, մեկ մեքենայից դուրս է թռչում: Նրա պատգամավոր քեռին էլ այդպիսի խասյաթ ունի: Մեկ իր ոտքով մտնում է ԱԺ նիստերի դահլիճ, մեկ անվտանգության տղաների ձեռքերի վրա դուրս թռչում դահլիճից: Մարդ բան չի հասկանում: Կարծում եմ՝ նա այլևս դեսպանի լավ թեկնածու է: Մի տեղ ուղարկեն՝ Աշոտին էլ հետը տանի որպես օգնական: Իրար հետ կնստեն, կքանդեն-կհավաքեն, կքանդեն-կհավաքեն…

Պարզվում է՝ Իտալիան հրաշալի երկիր է: Կլիման՝ մեղմ-արևադարձային, ինքը ծովի մեջ՝ բազմաթիվ նավահանգիստներով: Աշխարհի տարբեր ծագերից դեպի Իտալիայի ափեր են լողում զանազան նշանակության նավեր, որոնք բեռնաթափվում, ապա բեռնվելով՝ լողում են դեպի նոր ափեր: Ինչ Սիցիլիա, ինչ մաֆիոզիներ, ինչ բան… Կյանքն աշխույժ է Իտալիայում, մարդիկ, նրանք ՀՀ քաղաքացիներից ավելի երջանիկ չլինեն, բայց բավականին ուրախ են, սիրում են իրենց երկիրն ու ոչ ոքի թույլ չեն տա խայտառակել հանրահայտ ծովային ճանապարհորդներ Մարկո Պոլոյի, Քրիստափոր Կոլումբոսի, Ամերիգո Վեսպուչիի, Ջիովաննի դա Վարացանոյի և մյուսների հայրենիք՝ Իտալիան: Այսուհանդերձ Իտալիայի նավահանգիստներում էլ բաներ են կատարվում, որոնցից ողջ աշխարհն է մնում զարմացած, անգամ՝ ցնցվում: Օրերս այդպիսի մի բան տեղի ունեցավ՝ Էկվադորից Հայաստան «ներմուծվող» բանանի արկղերում հայտնաբերվեց 2,7 տոննա կշռով կոկային: Մե աղմուկ, մե աղմուկ… Բոլորը սպասում էին, որ տերը հեսա-հեսա կհայտնվի, բայց… Ես դրա տերը… Նա հո հիմար չի՞ որ հայտնվի: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն առաջինն ասաց, որ այդ «բեռից» ինքը տեղյակ չէ և բանան ներկրողին էլ չի ճանաչում: Դրանից հետո սկսվեեեեց՝ Հայաստանն այդքան կոկային չի կարող սպառել, դա թյուրիմացություն է, այդ բեռն իրականում այլ երկիր պետք է հասներ, Հայաստանի անունը միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու նպատակով են նշել և այլն և այլն…

Նիկոլն ընդհանրապես երկրում չէր այդ պահին: Ասում էին՝ Ռեյկյավիկ է գնացել: Նա, առհասարակ, Հայաստանի համար վճռորոշ պահերին միշտ բացակայում է երկրից կամ էլ մտնում է բունկեր, մինչև ամեն ինչ հանդարտվի: Նիկոլի փոխարեն Աշոտն էր երկրում և նա որոշեց մի այնպիսի սկանդալ սարքել, որ ՀՀ հպարտ քաղաքացիների շրջանում կոկայինի թեման շատ չարծարծվի: Եվ Իտալիայում կոկայինի հայտնաբերման հենց հաջորդ օրը Աշոտը հայտնվում է մի տեղ, որտեղ իր ծնողներին կամ ծնողին, մեղմ ասած, շատ էլ չեն սիրում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մայրերի մեջ: Թե ինչ տեղի ունեցավ՝ մանրամասն չեմ պատմի: Ինձ այլ դետալներ հետաքրքրեցին այդ միջադեպից:

Կադրերում, որտեղ երևում է թե ինչպես է Աշոտ Փաշինյանը գնում մեքենա նստելու, ես նրա սպորտային բաճկոնի թիկունքին անգլերեն մի բառ կարդացի՝ ITALIA: Մտածեցի՝ հայ-իտալական բարեկամության ինչպիսի դրսևորում, ինչ PR… Ինչո՞ւ էր Աշոտ Փաշինյանն այդ օրը հենց այդ բաճկոնը հագել: Դուք ունե՞ք այս հարցի պատասխանը: Ես չունեմ: Սակայն, հարգելով Աշոտ Փաշինյանի անմեղության կանխավարկածը, կարող եմ ասել, որ նա էլ, ինձնից բեթար, կապ չունի այս պատմության հետ ու առանց հասկանալու է հենց այդ օրը հագել հենց այդ բաճկոնը: Հուսամ, որ այդպես է:

Հ.Գ. Մասնագետներն ասում են, որ տարբեր երկրներով թմրանյութի մաքսանենգ տարանցումները բավականին բարդ սխեմաներով են իրականացվում: Երբեմն «բեռի» վերջնական հանգրվան նշվում է մի երկիր, իսկ «բեռը» շատ անսպասելի անհետանում է միանգամայն այլ երկրում: Դիցուք՝ բանանը կարող էր փչանալ մինչև Վրաստան հասնելն ու ծովը թափվել թուրքական ջրերում: Մյուս տարբերակն էլ այն կարող էր լինել, որ մենք «բեռն» ընդունեինք որպես «բանան», էժան գնով տայինք խանութներին, իսկ տակն ինչ մնար, որպես «ժողովրդական սպառման ապրանք», արտահանեինք, օրինակ, Ուկրաինա, ԵԱՏՄ երկրներ և այլն: Ամենահետաքրքիրը, սակայն, սկսվում է ան ժամանակ, երբ «բեռը» հայտնաբերվում է կես ճանապարհին և ոչնչացվում տվյալ երկրի համապատասխան ծառայությունների կողմից… 800 միլիոնի «ապրանք»՝ բերանով ասելն է հեշտ: Կոնկրետ այս դեպքում մեկն այդ փողը տվել՝ «ապրանքն» առել է, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել: Սովորաբար մաֆիայի աշխարհում սրան հետևում է իսկական «փրթոցին»: Այնպես որ՝ «տերերը» հայտնվելու են, այն էլ իրենց ոտքով: