Արսեն Թորոսյանը իրականություն է փոխում․ Դավիթ Սանասարյան

Արսեն Թորոսյանը իրականություն է փոխում․ Դավիթ Սանասարյան

Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են)Դավիթ Սանասարյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց։ 
Մինչ այդ սահմանվեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը․ նախ կուսումնասիրվի գործում առկա գրավոր փաստաթղթերը, ապա իրեղեն ապացույցները, այնուհետեւ կհարցաքննեն վկաներին, որից հետո էլ կլսեն ամբաստանյալներին։
Նիստի ավարտից հետո Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս քրեական գործում 2 փաստ կա՝ ՊՎԾ նախկին աշխատակից  Սամվել Ադյանի ևառողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները։ 

Սանասարյանն  արձագանքելով դիտարկմանը, որ  ըստ մեղադրական եզրակացության, երբ Արսեն Թորոսյանը զանգահարել է իրեն, ասել է՝ Դուք տեղյակ եք, որ էսինչ բանն է կատարվում, ինքն  ասել եք՝ այո, իմ աշխատողի ընկերությունն  է, ասաց․ «Չի եղել նման բան։ Չգիտեմ՝ որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, ընդհակառակը՝ Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ մոտ իմ աշխատակցին, իմ աշխատակիցն ասել է, որ կապ չունի այդ ընկերության հետ, թե Արսեն Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ Արսեն Թորոսյանը իրականություն է փոխում»։
Ըստ նրա՝ իր դեմ ցուցմունքները կորզել են, սակայն չի մանրամասնում՝ ինչի համար։
Նա նաեւ չխոսեց Վանեցյանի քաղաքականության մուտք գործելու մասին՝ ասելով, թե Կադիրովի ֆան կլուբի անդամների վերաբերյալ բան չի ուզում ասել։

Նախկին պաշտոնյան նաեւ նշեց, որ դիալիզի շուկայում գերշահույթ են ստացել․ «Դիալիզի շուկան չհասցրեցինք ուսումնասիրել, որովհետև Սամվել Ալեքսանյանին պատկանող  40 տոկոսի վերաբերյալ չկարողացանք էդ ուսումնասիրությունն իրականացնել։ Եթե ուսումնասիրությունն ամբողջությամբ իրականացվեր, բոլորի համար պարզ կլիներ, թե ինչ է կատարվել դիալիզի շուկայում»։