Թող Թորոսյանն իմ մասին չմտածի

Թող Թորոսյանն իմ մասին չմտածի
Արսեն Թորոսյան

Տիկին Մառան խմբագրություն էր զանգահարել՝ իր վրդովմունքը հայտնելու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային պայքարի եւ մասնավորապես՝ ծխախոտի գնի բարձրացման առիթով։ Նա 30 տարվա «ծխող» է, բայց լուրջ ծխողներից չէ, այլ «փստացնողներից», որոնք ամենաթեթեւ՝ ամենաթույլ նիկոտինի պարունակությամբ ծխախոտն են օգտագործում։ Նա կարծում է, որ դա անգամ օգտակար է՝ նախ, նյարդերն է հանգստացնում, ապա ատամներին է օգտակար եւ նյութափոխանակությունն է լավացնում։ Եթե 400 դրամով բարձրանա գինը, դա ծանր հարված կլինի իրենց ընտանեկան բյուջեին։

Բնականաբար, չի դադարեցնելու ծխելը, բայց ֆինանսական հարված է ստանալու իրենց բյուջեն, ուստի նա զայրացած ասում է․ «Ասեք թե էդ տղան ձեռ քաշի սիգարետներից։ Ուրիշ պայքարելու թեմա չունի՞։ Ես առաջարկեմ՝ թող զբաղվի ամեն ռեցեպտի համար 10 հազար դրամ պոկող բժիշկներով։ Թող ինքն իմ մասին չմտածի՝ իր գործն անի, ի՞նչ գործ ունի իմ ծխելու հետ։ Գնանք ստուգվենք՝ իմ թոքերն իր թոքերից առողջ են ու ամուր, ես իր հոգածության կարիքը չունեմ։ Հո կրակը չե՞նք ընկել՝ օրը մի նոր ապուշություն են մտածում, ամբողջ օրը սթրեսների մեջ ենք՝ վախով սպասում ենք, թե էլ ինչ են հորինելու, ում են դես-դեն տալու, ում են գործից ազատելու, ում գրպանին են խփելու»։