Ստեր՝ հարյուրական կապերով

Ստեր՝ հարյուրական կապերով

Իբր ինչու ենք մեզ այսպես պատեպատ տալիս, չոք տփում, խորովվում, փոթոթվում, անիմաստ տեղը ցավի տեր դառնում, թե ինչ է՝ Նիկոլը սուտ է խոսում: Բայց նա ե՞րբ է ճիշտ խոսել, որ հիմա նրանից ճշմարտություններ ենք ուզում լսել: Ստում էր ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, ստում էր հեղափոխության օրերին, ստում էր, երբ նոր-նոր էր վարչապետ դարձել, ստում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, ստում էր ընտրություններից հետո, ստում էր Սարդարապատում, ստում էր Քոչարյանին ձերբակալելիս, ստում էր ներդրումների ու հայրենադարձության մասին խոսելիս, ստում էր հանրաքվե կազմակերպելիս, ստում էր հանրաքվեի քարոզչության ժամանակ, ստում էր կորոնավիրուսի առաջին օրերին, ստում էր կորոնավիրուսի մյուս օրերին, ստում էր վերջին առցանց ասուլիսի ժամանակ: Փաշինյանի ստախոսությունը մի այնպիսի բան չէ, որ դարձնենք մեր գլխին մոխիր լցնելու պատճառ ու նվնվանք, թե տեսա՞ք ինչ եղավ: Ամեն ինչ իրականում խիստ օրինաչափ է, այդպես պետք է լիներ, այդպես էլ պետք է շարունակվի: Պատկերավոր ասած՝ մենք դեռ ստիպված կլինենք ապրել Փաշինյանի կողքին՝ նրա ստերի հետ: 

Փաշինյանի ստախոսության փուլերը երեքն են՝ լրագրողական շրջան, ընդդիմադիր շրջան և հետհեղափոխական շրջան: Առաջին երկուսին չենք անդրադառնա: Առավել հետաքրքիր է հետհեղափոխական շրջանը, երբ թվում էր, սուտ խոսելու պատճառներ արդեն չուներ, որովհետև թե իշխանությունն էր իրենը, թե իշխանությունից ածանցվող ամեն բան: Բայց Փաշինյանն իշխանություն ոտք էր դրել մեծ ստով, ինչով էլ պայմանավորվեց նրա իշխանական հետագա ողջ ստախոսությունը:

Այդ մեծ ստի անունն էր՝ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն»: Չթվարկելով «հեղափոխության» բոլոր էպիզոդները՝ նշեմ միայն, որ ամեն ինչ տեղի էր ունենում Փաշինյանի և ՀՀ Ոստիկանության, ասել է թե՝ Փաշինյանի և ՀՀ բարձրագույն իշխանության սերտ համագործակցության ու փոխադարձ վստահության պայմաններում: Դա պարզ դարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիից մի խումբ անհայտ տղաների ձեռնարկած քայլարշավի առաջին իսկ օրերից, երբ վանդալիզմի ենթարկվեց առաջին արագաչափ սարքը, ինչին ոստիկանությունն արձագանքեց չարձագանքելով: Գաղտնիք չէ, որ «հեղափոխականների» շուրջ մարդիկ հավաքվեցին այն բանից հետո, երբ նրանք փոքրաթիվ  խմբով փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու այն իրենց ձեռքում պահեցին հաջորդ օրերին: Ոստիկանությունը բացակա էր, իսկ եթե ներկա էլ էր, ապա միայն Օսիպյանի կերպարով, որ վայրկյանների ճշտությամբ կապ էր ապահովում Նիկոլի և իշխանության միջև:

Օրերս Ալեն Սիմոնյանը հանդիմանեց Էդմոն Մարուքյանին, թե վերջինս օգնության չի հասել, երբ հեղափոխականները Բաղրամյան փողոցում էին և հնարավոր է ոստիկանությունը նրանց մորթեր: Սուտ է Ալեն ջան, այդպիսի բան չի եղել, ոչ ոք չի պատրաստվել ձեզ մորթել: Էրեբունիում ընդամենը մորթոցիի մի փոքրիկ դրվագ խաղարկվեց, որն ավարտվեց Սասուն Միքայելյանի և Լևոն Երանոսյանի «լեզվակռվով»: Այդ օրը Նիկոլին տարան մի ապահով տեղ, որ գլխից մազ չպակասի ու հետ բերին ավելի հերոսացրած: Սա է ամբողջը:

Սերժ Սարգսյանն ասաց՝ կարող եմ ուժ կիրառել, բայց դա իմը չէ... Իյա, իրո՞ք: Ուրեմն մի խմբով կարող էին նախարարությունների մուտքեր շրջափակել, նստարաններով փողոցներ փակել, պարալիզացնել կյանքը, իսկ Դուք, պարոն Սարգսյան, ձեր իշխանությամբ չէիք կարող նրանց, չասեմ ճնշել, կարգի հրավիրե՞լ: Բա էլ ո՞ւր մնացին էն բարձրադղորդ խոսքերը, թե սա պետություն է, ես պետության գլուխն եմ և անվտանգության երաշխավորը... Դիցուք՝ ժողովուրդը Ձեզ պատգամե՞լ էր, որ իշխանությունը սկուտեղի վրա մատուցեիք Նիկոլ Փաշինյանին: Ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ արեցիք, ինչո՞ւ ասացիք, որ Նիկոլը ճիշտ է:

Եվ ուրեմն այս մեծ ստով իշխանության հասած Նիկոլ Փաշինյանը չէր կարող հետո չստել: Պետք է ստեր՝ մի սուտը մյուսով փարատելու, մի սուտը մյուսով մոռացնել տալու, իրականությունը քողարկելու, անհաջողությունների մասին լռելու և կյանքը վարդագույն ներկայացնելու համար: Փաշինյանի ամենաթարմ ստերից են, անշուշտ, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին ստերը: Այս ոլորտում Նիկոլ Փաշինյանն ակամա հայտնվել է տրանսկոնտինենտալ ստախոսության կիզակետում, որտեղ ստում են բոլորը՝ Չինաստանից մինչև Իտալիա, Իտալիայից մինչև Ամերիկա, Ամերիկայից մինչև ճապոնիա և Ճապոնիայից մինչև Ռուսաստան:

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կորոնավիրուսի շուրջ կա մեծ կրկես և կա զրո պայքար այդ համավարակի դեմ: Չունենք մասնագետներ, չունենք համապատասխան դեղորայք, բուժում, կանխարգելում... Բաց մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերկ ձեռքերով, նետվել ենք հրապարակ ու պայքարում ենք... Ինչի՞ դեմ, ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս կռիվ տալ նրա դեմ՝ չգիտենք:

Այսպես է ամբողջ աշխարհում: Փող է, որ լվացվոմ է, խաղի կանոններ են ընդունվել, կարելի է լափել ու հաշիվ չտալ, իսկ ժողովրդին կապել տանը, որ չբողոքի: Իդեալական պայմաններ են ստեղծվել ազգային պետությունների հերն անիծելու, այլանդակ բարքեր ներմուծելու և օրինականացնելու համար: Փաշինյանն այս ամենի անունը դրել է «հնարավորություն», մինչդեռ սա հնարավորությունների «բիրիքով» կորուստ է, քայքայում է, ձախորդություն է, պարտություն՝ արտաքին ճակատից սկսած մինչև արդյունաբերություն, կրթության, գիտություն, առողջապահություն: Իսկ եթե սա, այնուամենայինիվ, Նիկոլի համար ինչ-որ բանի հնարավորություն է, ապա այդ ինչ որ բանը երևակայությանը զոռ տալով ստերի հերթական հարյուրյակը հորինելու լավ հնարավորությունն է: