Գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար չի աճի

Գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար չի աճի
Հայկ Գեւորգյան

Աժ պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Անցած օրերին ակտիվորեն քննարկվում էր ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայտնի կենտրոններից «հորդող» քարոզչական դեմարշի հիմնական «սյունը» այն է, որ գործող կառավարությունը պարտվել է գազի գնի շուրջ բանակցություններում: 
Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, փորձենք պարզել փաստերով: 

Գծանկարը վերաբերվում է գազի գներին: Կապույտ գիծը գազի գինն է ՀՀ սահմանին, դեղինը՝ մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին մատակարարման սակագինը: Երկու դեպքում էլ գները բերված են դոլարով:

Ինչպես երեւում է գծապատկերից Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ՀՀ սահմանին գազը թանկացել է երկու անգամ՝ 55 դոլարից հասնելով 110 դոլարի: Սպառողներին մատակարարվող գազի սակագինը աճել է մոտ 2.5 անգամ: 

2019 թվականին գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար սակագինը չի աճի:
2004-2018 թվականներին «Հայռուսգազարդի», (հետագայում «Գազպրոմ Արմենիայի») մարժան (գնի եւ սակագնի տարբերությունը) եղել է 137.5 դոլար: 2019-ին մարժան կկազմի 108 դոլար: 
2004-2013 թվականների ընթացքում գազի գնի աճը կանխելու համար ՀՀ կառավարությունը ՌԴ-ին է հանձնել Հրազդանի 5-րդ բլոկը, «Հայռուսգազարդ» ընկերությունում ունեցած 45 տոկոս բաժնեմասը, Իրան-Հայաստան գազամուղի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը, «Գազպրոմին» է տվել Հայաստանի գազի շուկայում գործելու փաստացի մենաշնորհ:

Գործող կառավարությունը գազի գնի աճը կանխելու համար որեւէ բան չի հանձնել որեւէ մեկին: 
Թե բա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարտություն կրեց գազի գնի բանակցություններում: Թե բա Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է: Թե բա նախորդ կառավարությունները պրոֆեսիոնալներ էին, իսկ Փաշինյանի կառավարությունը անփորձ է...»: