Ձմռան ցրտի պիկը լինում է Սուրբ Սարգսի տոնին

Ձմռան ցրտի պիկը լինում է Սուրբ Սարգսի տոնին

Ժողովրդի իմաստությունն ու կենսափիլիսոփայությունը դարերով անխափան փոխանցվել է սերնդից սերունդ ու… երբ հերթը մեզ հասավ՝ սկսեցինք քամահրանքով ու մատների արանքով նայել այդ ամենին: Իբր ժամանակակից տեխնոլոգիաների զորեղ դարում պապական մեթոդներով, խունացած «Ազգագրական հանդեսի» վկայություններով առաջնորդվելս ո՞րն է՝ ասենք եղանակը կանխատեսելու հարցում: Մինչդեռ՝ զուր:

Իսկ դուք գիտե՞ք, նկատե՞լ եք, որ տարվա ամենացուրտ շրջանը լինում է Սուրբ Սարգսի տոնի մերձակա օրերին: Այս տոնի օրացույցը փոփոխական է, եւ, բնականաբար, ամեն տարի ցրտի պիկն էլ համապատասխանաբար փոփոխվում է: Առանց ձնաբքի, առանց ձյան ծածկույթի հատկապես երիտասարդների համար սպասված տոնն անհնար է պատկերացնել: 

Գիտեք, որ մեր նախնիների դիտարկումների շնորհիվ ամրագրվել-փաստվել է՝ Երեւանում ձյունը հիմնովին «հաստատվում» է միայն այն բանից հետո, երբ Հատիսի լանջերին երեք անգամ ձյուն կնստի ու կհալչի: Գյուղատնտեսական տարին ձախորդ կլինի, եթե, Աստված մի արասցե՝ մարտի մեկից շուտ ամպրոպը ճայթի: Դե, «պառավի ուլերի» գրաֆիկը բոլորս գիտենք, որ անխափան է գործում՝ ապրիլի 11-15-ը ընկած հատվածում: Մայիսյան անձրեւներից որքան էլ դժգոհենք-թնկթնկանք, մեր նախնիները միշտ շնորհակալությամբ են ընդունել բնության այդ պարգեւը, որովհետեւ մայիսը՝ ջրառատ, տարին՝ հացառատ կլինի…

Սակավ տեղումներով տարվա Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երեւանի բարձրադիր համայնքների բնակիչները լուսաբացին ձյան ճերմակ ծածկոց տեսան: Սպասված ձյան, որ Առաջավորաց պահքի հետ միասին կօգնի, որ մաքրվենք ներս ու դրսից: Սիրահարների բարեխոս, արագահաս Սրբից հրաշքներ ակնկալող մանկամարդ աղջիկներն ու տղաները պիտի հույսով լցվեն ու սպասեն իրենց երազանքների իրականացմանը: Իսկ ավագներս էլ պետք է երազենք, որ հենց այդ սերունդը մեզնից ավելի շրջահայաց, խելամիտ, հավասարակշիռ լինի: Ի տարբերություն մեզ՝ նյութը պաշտամունքի վերածածներիս, կապրեն ավելի մնայուն արժեքներով, որոնց շնորհիվ Հայրենիքի գեթ այս մի բուռ հատվածը ավելի պաշտպանված կլինի: Ամուր: Անառիկ: Կազատվի շագրենի կաշվի ճակատագրի չարագույժ ընթացքից ու հիմնավորապես կվերադառնա իր նախասկզբնական՝ եդեմական դրախտավայրի կարգավիճակին…
Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ