Ոչինչ գաղտնի չի մնա

Կանցնի ժամանակ, եւ շատ գաղտնիքներ ջրի երես կելնեն: Ոչ միայն ընդդիմադիր զանգվածին այս շրջանում անչափ հետաքրքրող` «Ով բերեց Նիկոլ Փաշինյանին» հարցի պատասխանը, այլեւ շատ ուրիշ գաղտնիքներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի ու նրա ապագայի համար, եւ որոնք այս խիստ «դեմոկրատ» իշխանությունները պահել են յոթը փակի տակ: Օրինակ, ջրի երես կելնի, թե այս իշխանության ներկայացուցիչներն ինչքան հանրային միջոցներ են մսխել այս տարիներին: Այդ գումարներից որքան մասն է վատնվել ուղղակի հափշտակության, որքան մասը` հանցավոր անփութության, որքանը` հակապետական ձեռնարկներ ֆինանսավորելու սխեմայով:
Կբացահայտվի, թե չկայացած բազմաթիվ տենդերները, չիրականացված ու կիսատ մնացած ձեռնարկներն ում մեղքով են տապալվել, եւ դրա արդյունքում ինչքան վնաս է հասցվել մեր հասարակությանն ու պետությանը: Կիմացվի նաեւ, թե ում բիզնեսն են նպատակային ոչնչացրել ու խլել, պետական եւ միջազգային դրամաշնորհային ծրագրերն ում ազգականներն ու ընկերներն են շահել, եւ ինչպես է պետական պարտքը հասել 13 միլիարդ դոլարի: Դրսից ու ներսից վերցված այդ հսկայական գումարն ինչի վրա է ծախսվել, եթե ոչ մի մեծ կառույց չի ստեղծվել, ոչ մի արտադրություն չի հիմնվել, ոչ մի հեռանկարային ծրագրի մեկնարկ չի տրվել, բայց ՀՀ քաղաքացիների կողմից վճարվելիք պարտքերը բազմապատկվել են: Անպայման ջրի երես կելնեն պատերազմի ու պարտության, մեր թշնամի պետությունների հետ կուլիսային պայմանավորվածությունների մանրամասները: Կիմացվի, թե Նիկոլ Փաշինյանն ում հետ է շփվել այս տարիներին, ումից է հրահանգներ ստացել, ում հետ է համաձայնեցրել իր քայլերը: Վստահ եմ, որ կիմացվի նաեւ հանրությանը կեղծ պատերազմական սարսափներ ներշնչելով զիջումների գնալու ստոր մարտավարությունը:
Կարծիքներ