Ի՞նչն են բռնագանձելու՝ «Ակունքի» տարազնե՞րը

Ի՞նչն են բռնագանձելու՝ «Ակունքի» տարազնե՞րը

Ինչպես գրել էինք, ԿԳՄՍ նախարարությունն անցած տարի դատի էր տվել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթին։ Թե որն է պատճառը, համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը կարճ է բնութագրում՝ «մի տարազի պատմություն»։ «5 տարի առաջ նախարարությունը գումար էր հատկացրել՝ «Ակունքը» տարազ էր կարել, բայց արի ու տես, որ դատի են տվել մեզ, իբր թե այդ տարազը կարված չէ, կամ թե՝ պայման է խախտված, մի քիչ ուշ է կարվել, ըստ այդմ՝ գումարը պետք է հետ գանձել։ Այդպես էլ չհասկացանք, թե մեր խախտումը որն է»,- ասում է Շահնազարյանն ու ընդգծում՝ տարազը ոչ միայն կարված է, այլեւ կտրոններն են պահպանված, «Ակունքն» էլ, տարազը հագին, համերգներ է տալիս։  «Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հօգուտ նախարարության, մնացել է ուժի մեջ, քանի որ վերաքննիչում ինչ-որ թյուրիմացություն է եղել, եւ այնտեղից մեզ ասել են, որ երբ մեր բողոքի դիմումը տվել ենք իրենց, այդ դիմումի մի օրինակն էլ պետք է ուղարկած լինեինք նախարարություն, բերեինք ու թուղթն իրենց ցույց տայինք, որ նամակը փոստ ենք հանձնել։ Այդ ձեւականության պատճառով վերաքննիչը չի ընդունել մեր բողոքը, ընդ որում՝ ուշ են մեզ տեղեկացրել դրա մասին, եթե շուտ ասեին, կհանձնեինք, կամ եթե այդ ժամանակ ասեին, այդ պահին էլ կհանձնեինք…, մի խոսքով, ուժի մեջ է մնացել առաջին ատյանի դատարանի որոշումը, հիմա էլ նախարարությունը ԴԱՀԿ է դիմել՝ բռնագանձման համար…, բայց «Ակունք» ՀԿ-ն չունի ոչ մի սեփականություն, ի՞նչն են բռնագանձելու․ տարազնե՞րը պիտի հետ առնեն..., դե թող վերցնեն, իրենք հագնեն ու պարեն, ի՞նչ ասեմ ...։ Մենք նորը կարել կտանք, բարեկամներ ունեմ, որոնք մեզ կօգնեն տարազ կարելու հարցում։ Ամոթ էլ է նույնիսկ դրանց վրա ծախսված գումարի մասին խոսել»,-ասում է կոմպոզիտորն ու նկատում, որ 18 տարազ է կարվել, որոնց համար մոտավորապես 4.5 հազար դոլար է ծախսվել։  

«Մենք մեր գործն ենք շարունակում անել, հիմա նաեւ էպոսի փորձերն ենք անում»,- ասում է Շահնազարյանն ու ընդգծում, որ շուրջ մեկ տարի է՝ «Ակունքը» չունի նաեւ փորձատեղ։ «Դար» հիմնադրամի նախագահ Սվետլանա Հակոբյանն է փորձատեղ հատկացրել՝ Պուշկինի փողոցում, իրենց գրասենյակում, որտեղ էլ արդեն մեկ տարի համույթն իր փորձերն է անում։