Ստալինն էլ է կինոն իր շահերին ծառայեցրել, Հիտլերն էլ, իսկ այսօ՞ր

Ստալինն էլ է կինոն իր շահերին ծառայեցրել, Հիտլերն էլ, իսկ այսօ՞ր

Կինոն ստեղծման սկզբնական շրջանում ուղղակի իլյուզիայի, զվարճանքի դեր է կատարել։ Այդ հետո, միայն հետո այն դարձավ ե՛ւ գաղափարական հզոր զենք, ե՛ւ արվեստ, իսկ վերջին շրջանում, դրա հետ մեկտեղ, աշխարհի հասարակական-քաղաքական տարբեր մթագնած ուժերի ձեռքի բութ գործիք։

Կինոտեխնիկայի զարգացումը հնարավորություն ընձեռեց, որպեսզի այսօր ով ֆինանսներ ու միջոցներ է գտնում, նկարահանի: Ցավոք, տաղանդավոր մարդն այդ հորձանուտում կարող է կորչել։ Հաճախ եմ ասում՝ եթե հանկարծ հրաշքով Ս. Փարաջանովը մտներ նախարարություն կամ ստուդիա եւ ասեր` «Սայաթ-Նովա»-ի («Նռան գույնի») սցենարն է, ուզում եմ նկարել, կասեին՝ էս ո՞ր մոլորակից է իջել: Սա՝ իմիջիայլոց։  

Այսօր հիմնական խնդիրն այն է, թե ում է ծառայում կինոն: Պայմանականորեն` աշխարհի Ստալինին, Հիտլերի՞ն, թե՞ աղանդներին կամ ազգայինը տակով անողներին, կամ էլ թե չէ՝  ավանդականը, ընտանեկանը ոչնչացնողներին:

Այ, հենց այստեղ է, որ պետք է ամենայն լրջությամբ ու մանրակրկիտ ձեւով մշակվի պետական մշակութային  քաղաքականություն եւ ոչ թե հակառակը։
20-րդ դարի 50-60-ականներին եղավ մի շրջան, երբ վերածննդի շրջանի պես՝ կինոն ծաղկեց, դարձավ իսկական արվեստի ու գեղեցիկի աղբյուր, որը կինոգետներն անվանեցին իտալական նեոռեալիզմ։

Հետագա տարիներին աշխարհում հարյուրավոր ֆիլմեր ստեղծվեցին, որոնցից լույս էր առաքվում, որոնք համամարդկային բարություն էին սերմանում։ Ինչպես ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավան կասեր. «Ֆիլմն այնպիսին պետք է լինի, որ ընտանիքի անդամներով նայես ու չամաչես…»։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, ԱՄՆ-ում  բարձրարժեք, համամարդկային արժեքավոր ֆիլմերն ստեղծվեցին կինոարտադրությանը զսպաշապիկ հանդիսացող` կինոյին նվիրված Հեյսի խստապահանջ կոդեքսի, իսկ ԽՍՀՄ-ում՝ գրաքննության պայմանների շնորհիվ: Սա, իսկապես, կարող է պարադոքսալ թվալ: Սակայն բնության օրենքն է. ազդող ուժը հավասարազոր է հակազդող ուժին։ Կոդեքսն ու գրաքննությունը մանեւրելու նոր ուղիներ ու լուծումներ գտնելու հետաքրքիր ճանապարհներ էին բացում: Բազում օրինակներ կարելի է բերել: Հեյսի կոդեքսն ու գրաքննությունը երկու մեծ տերություններում ուղղակի արգելեցին այն ամենը, ինչը հակաքրիստոնեական արժեք էր իրենից ներկայացնում։

Չնայած ԽՍՀՄ-ն ինքնին հակաքրիստոնեական ու անհավատության օրրան էր:
Զարմանալի չէր, որ կինոյի հարցում Խորհրդային Միությունում   առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորվեց։ Սա, անշուշտ, իր բացատրությունն ունի: Խորհրդային կարգերի հաստատումից  հետո Լենինը կինոն իրեն ծառայեցնելու համար հենց սկզբից հայտարարել էր. «Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարեւորը կինոն է»: 

Եվ այս կարգախոսը փառավոր ձեւով իշխեց խորհրդային երկրի 70-ամյա պատմության ընթացքում։ Դրա շնորհիվ ձեռքբերումները թե՛ կինոարտադրության եւ թե՛ ֆիլմերի ստեղծման գործում շատ կարճ ժամանակում ակներեւ էին:

Ինչպես ասացի, կինոն ծառայել է ե՛ւ Ստալինին, ե՛ւ Հիտլերին: Երկու տիրաններն էլ մշտապես նայում էին նկարահանված ժապավենները, սրբագրում, եւ ամեն մեկը կինոն իր դժոխային հայացքներին էր ծառայեցնում։  

Կինոն նրանց համար այնքան հզոր ու ճկուն զենք էր, որ 40-ականներին գերմանացիները սնվում էին հիտլերյան գաղափարախոսական կինոկաթով, ԽՍՀՄ ժողովուրդները՝ ստալինյան:

Այսօր` 21-րդ դարում, ատոմային զենքի կողքին նեյտրոնայինից էլ հզոր մի զենք կա, որի անունն է` կինո։

Այդ կինոն նեղ իմաստով պիտի չհասկանալ:
Այդ կինոն կարող եք կապույտ էկրաններից դիտել:
Այդ կինոն աշխարհի ամենաառաջնային՝ Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Մոսկվայի, Ռոտերդամի, ինչու չէ՝ նաեւ մեր երեւանյան միջազգային կինոփառատոներում կարող եք դիտել:
Ավելին, այդ կինոն հիմնականում Ֆեյսբուքում եք դիտում։ 
Այս խողովակներով արժեքավորի հետ մեկտեղ, անշուշտ, ինչ կեղտաջուր ասես, որ չի գալիս։

Ցավոք, 21-րդ դարն է այդպիսին: Համընդհանուր ճգնաժամի հետ մեկտեղ, ճգնաժամ են ապրում նաեւ մշակույթը, արվեստը, կինոն:

Եթե 60-80-ական թվականներին Կաննը, Վենետիկը, Բեռլինը, Մոսկվան, Փարիզը առաջնորդվում եւ եղանակ էին ստեղծում միայն գեղեցիկի, բարձրարժեքի, հումանիստականի սկզբունքներով, ապա այսօր հիմնականում այդ իդեալները, ցավոք, վերացել են: Դիտեք վերջին 10-15 տարիների այդ կինոփառատոներում հաղթած ֆիլմերը եւ շատ բան կհասկանաք:

Գլոբալիզացիայի այս հեղհեղուկ՝ 21-րդ դարում արվեստն ու մշակույթը հիմնականում օլիգարխիայի, բանկային համակարգի, քաղաքական մթագնած ուժերի ձեռքին են: Նրանք իրենց ես-ն անցկացնելու համար դարձել են չափազանց ագրեսիվ: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Մշակույթի, արվեստի, կինոյի ֆինանսավորողը հենց իրենք են։

Դա բոլորովին էլ չի նշանակում, որ պետք է վաղվանից վերացնենք ու տոտալիտար գրաքննություն սահմանենք: Թեեւ շատ ու շատ հարցերում ներքին գրաքննությունը մարդու մեջ պիտի լինի: Եթե ոչ տոտալիտար գրաքննություն, ապա համընդհանուր նորմեր ու չափանիշներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ։ Եվ դա կարելի է կարգավորել միայն օրենքի ուժով: Իսկ եթե ավելի անկեղծ` այսօր մշակութային կեղտաջրի առաջն առնելու մի մեծ պատնեշի անհրաժեշտություն է զգացվում։ Այն պետք է սկսվի ընտանիքից, մտնի դպրոց եւ շարունակվի հասարակական տարբեր շերտերում:
Եվ լավ է, որ 30-ամյա փնտրտուքից հետո մեզանում կինոյին նվիրված օրենքի նախագիծը միայն նոր-նոր է վերջին փուլում։ Մեկնաբանությունները թողնում եմ օրենսդիրներին:

Ռոբերտ Մաթոսյան