Պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել

Պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել

Ես առողջապահության համակարգի մասնագետ չեմ և այդ պատճառով հնարավորինս հեռու եմ ինձ պահել պատվաստման խնդիրներից: Չէ, տեղեկացվածության խնդիր չունեմ՝ տեսանյութեր նայել եմ, հոդվածներ կարդացել եմ, բայց դա այն բնագավառն է, որ ես ինձ իրավունք չեմ վերապահել հայտնելու հստակ կարծիք: Բայց կնոջս աշխատանքի բերումով պատվաստման անհրաժեշտությունից ելնելով՝ ամուսիններով գնացինք պոլիկլինիկա: Որպես գործազուրկ՝ կարող էի և չպատվաստվել, սակայն քանի որ կողակիցս պատվաստվելու էր, և հնարավոր էր նրանից վարակվել՝ որոշեցի ինքս էլ պատվաստվել: Հատկապես, որ սեզոնային գրիպի դեպքում օրգանիզմս այն հեշտորեն է հաղթահարում: Դրան նպաստում են երկու գործոն՝ մեկն ավելի քան 20 տարի (ֆիզիկական բնույթի խնդրի պատճառով մի մեծ ընդմիջումով) համարյա ամենօրյա տնային մարզանքն է: Երկրորդը՝ ընկույզի միջնորմով և 66 տոկոսանոց բժշկական սպիրտի լուծույթով տնական «կոնյակի» պատրաստումն ու թեյի մեկ բաժակում 1-3 թեյի գդալի չափով օգտագործումը: 

Կնոջս դեպքում խնդրահարույց է՝ սեզոնային գրիպները ծանր է տանում, բայց քանի որ հիվանդությունը դանդաղ է ընթանում՝ կարողանում ենք առանց լուրջ բարդությունների դիմագրավել: Ինչևէ, որոշեցինք պատվաստվել և արեցինք: Ես, ինչպես միշտ, թեթև տարա. ընդամենը թևիս սրսկված տեղը շոշափելիս էր ցավ զգացվում: Կինս, իր սովորության համաձայն, ծանր տարավ: Սակայն սովորական գրիպից տարբերությունն այն էր, որ պատվաստվելուց հետո մի քանի ժամ բացարձակ չէր էլ հիշում դրա մասին, սակայն ինչ-որ պահից սկսած՝ սկսեց վատ զգալ իրեն: Ու քանի գնաց, այնքան վիճակը վատացավ: Ու այդ ամենը տեղի ունեցավ շատ արագ: Հենց այս հարցում է գրիպի վիրուսի ու կորոնավիրուսի տարբերությունը. երկրորդի դեպքում հիվանդության ի հայտ գալն ու զարգանալը կես ժամ էլ չտևեց: Քանի որ արդեն տեղեկացված էինք հնարավոր զարգացումների մասին՝ միջոցներ ձեռք առանք, ու ծանր վիճակը շարունակվեց ընդամենը մեկ գիշեր: Բայց դա անքուն գիշեր էր: Ի դեպ, դա ընդամենը թույլ դոզայով պատվաստումից առաջ եկած բարդություն էր, իսկ եթե ի հայտ գար իրական հիվանդությունը...

Ինչո՞ւ ներկայացրի այս ամենը: Պատկերացրեք, որ մարդ իր համար զբաղվում է ինչ-որ գործով ու միանգամից սկսում է վատանալ՝ առանց որևէ նախնական սիմպտոմների: Գրիպի դեպքում մարդ հազում է, սկսում է մրսել, մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է, գլխացավեր է ունենում: Կորոնովիրուսի դեպքում այդ բոլորը տեղի են ունենում համարյա թե միանգամից ու կարճ ժամանակահատվածում: Եվ եթե գրիպի դեպքում հակաբիոտիկներն են օգնում, ապա այս դեպքում դրանք այնքան էլ օգուտ չեն տալիս: Եվ բնական է, որ մահացությունն էլ 5-ից 10 անգամ բարձր է գրիպի ցուցանիշից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, գրիպից տարեկան մահացությունը կազմում է 300-ից 650 հազար մարդ, իսկ երկու տարին դեռևս չլրացած՝ կորոնավիրուսից արդեն մահացել է 4,9 միլիոն մարդ:

Վերջում մեկ-երկու խոսք դավադիր տեսությունների առումով: Պատվաստումն էլ, թեստերն էլ, բնականաբար, գումար են բերում արտադրողներին: Գումարներ են հոսում այդ ոլորտ նաև մշակումների, ինչպես նաև կազմակերպչական խնդիրների լուծման նպատակով: Աշխարհը կառուցված է փողի վրա, և դա բնական է: Բայց այն, ինչ տեսա ես, թույլ է տալիս եզրակացնելու՝ աշխարհում ով էլ լինի, ինչ պաշտոնում և ինչ հարստությամբ՝ կորոնավիրուսի դեմ ինքը պաշտպանված չէ: Կարող է, իհարկե, չհիվանդանալ՝ ճիշտ այնպես, ինչպես ես մինչև հիմա: Սակայն քանի որ հակաբիոտիկները և նույնիսկ Նիկոլի տնական արաղը (իմ պատրաստած «կոնյակի» հետ չշփոթեք՝ ընկույզի միջնորմը յոդի բնական շտեմարան է, իսկ յոդն էլ իմունիտետի ամրապնդման միջոց է) դրա դեմն առնել չեն կարող, ապա հիվանդանալու դեպքում մարդ չի կարող առողջանալու 100 տոկոսանոց հույս ունենալ: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի պատվաստվածների առողջության հետ 5 կամ 10 տարի անց, սակայն չպատվաստվելը հարցի լուծում չէ: Անքուն գիշերից հետո ես մի բան հաստատ իմացա՝ 25 տոկոսանոց ապահովվածության վրա հույս դնել չի կարելի: Ինչո՞ւ 25. որովհետև կհիվանդանամ կամ չեմ հիվանդանա՝ սա հիսուն հիսուն, և նույն չափով էլ հիվանդանալուց հետո՝ կմահանամ կամ չեմ մահանա: Այս դեպքում բացառում ենք հայտնի կամ անհայտ մնացած գործոնները, քանի որ համընդհանուր ընդունելի դեղամիջոցը դեռևս գտնված չէ: 

Այնպես որ, պատվաստվելը կամ չպատվաստվել, եթե նույնիսկ չլիներ պետական հարկադրանքը, անհատական դիրքորոշման խնդիր է, սակայն կյանքի ու մահվան հետ խաղը հաստատ հարցի լուծում չէ: