Արցախ-Հայաստան իշխանական հակամարտությունը նոր թափ է հավաքում

Արցախ-Հայաստան իշխանական հակամարտությունը նոր թափ է հավաքում

Որքան էլ երկկողմ հերքեն հակամարտության փաստը, այդուհանդերձ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ լարվածությունը, անհարթ հարաբերությունները, տեսակետների, մոտեցումների տարբերությունը, կարճ ասած, նրանց միջեւ անջրպետը տեսանելի է անզեն աչքով։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի «հաթաթաների», Արցախի իշխող վերնախավն օր օրի ցույց է տալիս, որ չի պատրաստվում շարժվել Նիկոլ Փաշինյանի ցանկություններով, այլ ճիշտ հակառակը՝ գնում է գետին հակառակ, որը, սակայն, հղի է վտանգավոր հետեւանքներով։ Առաջին փոխհրաձգությունը երկու պետությունների իշխող վերնախավի միջեւ նախընտրական դեկտեմբերին էր։ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնանկությունն ու բարձրաստիճան զինվորականներին «հաթաթա» տալը, ինչ է թե վերջիններս քննադատել էին Սասուն Միքայելյանին, ով թավշյա հեղափոխությունը վեր էր դասել արցախյան ազատամարտից, տվեց Արցախ-Հայաստան լարվածության շրջանի մեկնարկը։

Երկրորդը մայիսյան եռատոնից հետո էր։ Արցախից Հայաստան վերադարձած վարչապետ Փաշինյանն արձանագրեց ստացած «տպավորությունները» ու նախազգուշացրեց՝ եթե հանկարծ Արցախում հակահեղափոխությունը գլուխ բարձրացնի, Արցախի ժողովուրդը հեղափոխություն կանի։ Բանն այն է, որ եռատոնից երկու օր առաջ Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատախազությանը միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու խնդրանքով, որը, սակայն, նա մերժեց՝ այն հիմնավորմամբ, որ դատարանին է պետք դիմել։ Այս փաստը եւ եռատոնին Վիտալի Բալասանյանի պահվածքը, մասնավորապես Փաշինյանի ուղղությամբ նետված՝ «վերելակային դիվանագիտություն վարող վարչապետը թող պատասխանի» արտահայտությունը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի Արցախ այցը եւ այնտեղ ջերմ ընդունելության արժանանալու իրողությունները պատճառ դարձան, որ Փաշինյանն անդրադառնա Արցախում «հակահեղափոխական օջախ» ձեւավորելու տեսությանը։

Թվում էր, թե պատերազմական  տարածքում հեղափոխություն անելու սպառնալիքներից հետո արցախյան իշխանությունները կընկրկեն, եւ հերթական փոխհրաձգությունը կավարտվի «հրադադարով», սակայն եղավ ճիշտ հակառակը․ ի պատասխան վարչապետի խոսնակի հայտարարությանը, թե Բալասանյանը պետք է զսպվածություն ցուցաբերի եւ այլն, նախ Վիտալի Բալասանյանը կոշտ հակադարձեց, թե Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իրեն բան ասի։ Հետո սկսվեց երկու ճամբարների հայտարարությունների պատերազմը, իսկ
երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ոչ միայն նամակով միջնորդել են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, այլեւ պատրաստ են ներկայանալ դատարան եւ անձնական երաշխավորություն ներկայացնել։ Դատարանը, հավանաբար, հույս ուներ, որ նրանց ֆիզիկական ներկայությունը պահանջելու դեպքում հարցը կփակվի՝ չեն ներկայանա։ 

Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանը մեզ երեկ կոնկրետ պատասխան չտվեց՝ արդյոք Բակո Սահակիչը կգա՞ Երեւան եւ կներկայանա՞ դատարան։ «Պարոն Սահակյանը եթե գա, բոլորը կտեսնեն դատարանում, ավելին այս պահին չեմ կարող ասել»։ Մեր տեղեկություններով, Բակո Սահակյանը՝ ոչ, բայց  Արկադի Ղուկասյանը կմասնակցի դատական նիստին եւ իր ու Արցախի նախագահի անունից կպնդի երաշխավորությունը։ Բաբայանը համաձայն չէ, որ Արցախի նախագահների այս քայլը քաղաքական է․ «Սա զուտ մարդասիրական տիրույթում է պետք դիտարկել, քաղաքական տեսանկյունից ընդհանրապես ճիշտ չէ, որ երկու պետությունները միջամտեն մեկմեկու ներքաղաքական կյանքին, այլապես դա կհանգեցնի ճեղքվածքի՝ երկու պետությունների միջեւ։ Մեզ դա ընդհանրապես պետք չէ, որովհետեւ մեր ամենամեծ ներուժը մեր միասնականությունն է, իսկ եթե ոչ՝ դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով»։
Այդուհանդերձ, Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը ՀՀ իշխանությունների սրտով չէ, եւ տարբեր արձագանքներ են լսվում այդ առթիվ, այդ թվում՝ միջամտություն Հայաստանի ներքին խնդիրներին։

«Առհասարակ, ով ուզում է լինի Հայաստանի իշխանության գլխին, ով ուզում է լինի Արցախի ղեկավարը, նրանք պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ ունենալ հարգալից գործընկերային, եղբայրական վերաբերմունք, որովհետեւ մենք երկու պետություն ենք, բայց մեկ հայրենիք։ ՀՀ ղեկավարումը ստանձնում է այն մարդը, ով ստանում է ժողովրդի քվեն, նույնն էլ՝ Արցախում։ Հետեւաբար, պարտավոր են այդ մարդիկ մեկը մյուսի հետ լավ լինել։ Իհարկե, բոլոր մարդիկ ունեն իրենց նախասիրությունները, ընկերները, մտերիմները, բայց պետությունը, պետական շահը ղեկավարի համար այս ամենը դարձնում են երկրորդական, առաջ են մղվում պետական շահն ու միասնականությունը»։

Արցախում չե՞ն վախենում Փաշինյանի «հեղափոխություն անելու» սպառնալիքներից կամ առաջիկա նախագահական ընտրություններին իրավիճակի հնարավոր լարումից՝ ՀՀ իշխանությունների ձեռամբ․ մեր հարցին Բաբայանը պատասխանեց, թե պետք է հասկանալ, որ ցանկացած միջամտություն «դրսից» վտանգավոր է լինելու ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար․ «Պաշտոնական Երեւանում լավ հասկանում են, եւ չեմ կարծում, թե միջամտեն։ Պատկերացրեք, եթե Հայաստանից միջամտություն լինի, ոչ միայն կսրվեն արցախցի-հայաստանցի հարաբերությունները, այլեւ մեր վարկանիշի վրա է ուղիղ անդրադառնալու, ավելանալու են Հայաստանի վրա ճնշումները, ասելու ենք՝ դուք եք այնտեղ կառավարում, հետեւաբար, դուք քայլեր արեք եւ այլն․․․»։ Բաբայանը չի ուզում մտածել, որ այս հակասությունները կարող են ավելի վտանգավոր հետեւանքների հանգեցնել, օրինակ, որ սահմանին ագրեսիայի դեպքում Հայաստանը չեզոքություն պահի․ «Սա նշանակում է կործանել մեր պետականությունը»։

ՀԳ․ Ի դեպ, Բակո Սահակյանն այս օրերին, մեր տեղեկություններով, հրշեջի դեր է ստանձնել եւ ամեն ինչ անում է, որ իրենց կողմից կոշտ արձագանքներ չհետեւեն Փաշինյանի եւ նրա թիմի քայլերին ու խոսքերին։