Մայիսյան դեժավյու․ Սահմանադրության 4-րդ հոդվածը մի քանի ժամով մեռել էր

Մայիսյան դեժավյու․ Սահմանադրության 4-րդ հոդվածը մի քանի ժամով մեռել էր

Կիրակի հետկեսօրից սկսված տնտեսական հեղափոխության 2-րդ փուլը Հայաստանում հանկարծ փոխարինվեց դատական հեղափոխության 2-րդ փուլով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա «լայվերն» էլ ողջ հայաստանյան հանրության մոտ 2018-ի ապրիլ-մայիսյան դեպքերի դեժավյուներ առաջացրին, երբ Փաշինյանի կոչով արգելափակվում էին փողոցներ, կամուրջներ։ Երեկ հանրապետությունում արգելափակված էր դատական ողջ իշխանությունը, եւ Սահմանադրության 4-րդ հոդվածը մի քանի ժամով ուղղակի դադարել էր գոյություն ունենալուց։ 

Իրավիճակի ողջ դրամատիզմը խորացնում էին տարբեր պետական մարմինների ու քաղաքական ուժերի հայտարարությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ի տարբերություն Արմեն Սարգսյանի՝ արտերկրից եւ Բարձրագույն դատական խորհրդի կիրակի օրն արված բավականին լղոզված հայտարարությունների, բավականին հստակ խոսեց ՄԻՊ-ը՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին եւ առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: Եվ երկրորդ․ Հայաստանում դատարանների գործունեությանը եւ նրանց կողմից արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններում հարցի իրավական կողմի հետ իշխում էին նաեւ քաղաքական մոտիվները։ Օրինակ, ըստ հանրապետականների՝ երկիրը բզկտելուց, հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի սիրտը սկսել է «դատավորի միս» ուզել։ Կամ՝ որ ֆեյսբուքյան տիրույթից ատելության խոսքը լավայի պես դուրս է հորդել իրական կյանք։ 

Ինչեւէ, ժամը 13։30-ի դրությամբ կրկին Նիկոլ Փաշինյանի կոչով դատարաններն ապաշրջափակվեցին։ Բայց մինչ այդ նա հասցրեց հայտարարել մի քանի բան եւս․ ա) «ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ դավադրություններ են նախագծվում ժողովրդի դեմ, բ) եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը, մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային եւ քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին, ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն, բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան, ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու՝ ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ կամ համաժողովրդական հանրաքվե, պետք է գնալ այդ քայլին: 

Իհարկե, դեռ տվյալներ չկան, թե քանի դատավոր մայիսի 20-ից հետո հրաժարական կտա, ինչպես Վահե Գրիգորյանն է ձեւակերպում, մեր արյունահոսող վերք՝ գերակա շահի գործերով ՄԻԵԴ որոշումների հիմքով։ Վարչապետի ասածների շուրջ փորձեցինք զրուցել վճռաբեկ դատարանի դատավորներ Սերժիկ Ավետիսյանի, Երեւանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի, վճռաբեկի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ(վերջին երկուսը հենց այն դատավորներից են, որոնց քննած գործերով ՀՀ-ն պարտվել է)։ Սերժիկ Ավետիսյանն ու Մնացական Մարտիրոսյանը, ովքեր դատարանների ապաշրջափակումից հետո երեկ բարեհաջող հասել էին կաբինետ, չպատասխանեցին, առաջարկեցին շփվել ԲԴԽ մամուլի ծառայության միջոցով։

Մեկնաբանություններից հրաժարվեցին նաեւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։ Վերջինս ասաց, որ, ճիշտ է՝ թոշակի է անցել, բայց կաշկանդված է, քանի որ որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է։ Միայն ասաց, թե սխալ էր, որ որդին դատարանի շենք էր մտնում․ «Եթե փակում են, ուրեմն կարիք չկա մտնելու»։ 

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը դատավորների վեթինգի բովանդակությանը կողմ է, ձեւին՝ ոչ։ «Դատարանների արգելափակումը մտահոգիչ է ու սխալ, չի կարելի նման ձեւով հարցեր լուծել, այսինքն՝ մարդկանց հավաքել ու դատարանների մուտքերը փակել»,- ասաց նա։ Իսկ վարչապետի հայեցակարգային մոտեցմանը դատարանների հարցում կողմ է՝ դա այն է, ինչն ինքը եւ մի քանի այլ փաստաբաններ բազմիցս ասել են, եւ դեռ մի բան էլ ուշացած է։ Բայց Գյոզալյանը զգուշացնում է․ «Եթե վեթինգ ասելով հասկանում ենք ինչ-որ նախագիծ, որի շնորհիվ ԲԴԽ-ն կքննի բոլոր էդ գործերը, դա նորմալ եմ համարում, բայց եթե ԱԺ-ն դնի որոշի՝ որ դատավորը պետք է աշխատի, որը՝ ոչ, սա խայտառակություն է։ Ո՞նց կարող է ԱԺ-ն որոշի՝ իրեն հավասարազոր մեկ այլ մարմինը ոնց է աշխատում։ Սա, ըստ էության, նշանակում է՝ գլխատել դատական համակարգը։ Կամ՝ որ ԱԺ-ն կփոխարինի նաեւ դատականին»։

Ներկա իրողությունների պարագայում, երբ ԱԺ-ում իշխող ուժը, բացարձակ մեծամասնություն լինելով, չունի հակակշռող ուժ, գործադիրն էլ նույն տրամաբանության շարունակությունն է, ապա այս 2 մարմնին կարող է հակակշռել միայն դատական իշխանությունը։ Գեւորգ Գյոզալյանն աբսուրդ է համարում ՄԻԵԴ-ում պարտված լինելու «չափանիշը» եւ հարցնում է՝ այս դեպքում ընդհանուր իրավասության դատարա՞նն է հրաժարական տալու, թե՞ վերաքննիչն ու վճռաբեկը։ «Այլ հարց է, եթե քննվի ու պարզվի, որ այդ ամբողջի մեջ սուբյեկտիվ գործոն է եղել։ Օրինակ՝ հայտնի Մ․-ի վճիռն ակնհայտ սուբյեկտիվ գործոն էր (վճռաբեկ դատարանի նախկին նախագահ), երբ Բուզանդի բնակիչներին հաշտություն էր պարտադրում հօգուտ կառավարության։ Սա հիմք կարող է լինել, բայց վերցնել բոլոր պարտված գործերն ու ասել, որ էդ չափանիշով դատավորներ ազատեն, խորապես դեմ եմ»։

Ինչ վերաբերում է այն դատավորներին, որոնք վճիռներ են կայացրել գերակա շահի զոհ դարձած քաղաքացիների հարցով, ապա այստեղ Գյոզալյանը կողմ է, ասում է, որ այս գործերը պետք է լրջագույն ուսումնասիրության ենթարկվեն, քանի որ ակնհայտ է, որ ժամանակին այս հարցով դատական եւ գործադիր իշխանությունների միջեւ կոնսենսուս կար ընդդեմ քաղաքացիների։ Եվ գերակա շահի զոհ դարձած քաղաքացիներին պետք է տրվի արդարացի փոխհատուցում։ Գյոզալյանը կարծում է, որ մայիսի 20-ին դատարանների արգելափակմամբ լավագույն նվերը մատուցվեց Քոչարյանին, քանի որ ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործի ժամանակ դատարանների վրա այս ճնշումը փաստաբանի կողմից կօգտագործվի որպես ապացույց։ «Նորմալ է, որ ժողովուրդը գնում է դատարանների մոտ, այս կամ այն կողմից, բայց դրա համար ժողովրդավարական երկրներում օգտագործվում է հանրաքվեի ինստիտուտը»։ 

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ ասում է․ եթե կառուցվում է իրավական պետություն, դատարանն է որոշում՝ կայացա՞ծ է դատական համակարգը, թե՞ ոչ, եթե հեղափոխական որոշում է կայացվում՝ էական չէ՝ կայացա՞ծ է, թե՞ չէ, որովհետեւ նոր իշխանությունը պետք է ստեղծի իրեն ենթակա դատական համակարգ՝ հեղափոխական ճանապարհներով։ Ինչպես բոլշեւիկներն արեցին 17-ին՝ լուծարելով ցարական դատական համակարգն ու ստեղծելով ժողովրդական տրիբունաներ։