Եթե Հայաստանում մի բան կա՝ մշակույթն է, որին տիրություն չեն անում

Եթե Հայաստանում մի բան կա՝ մշակույթն է, որին տիրություն չեն անում

3 տարի առաջ՝ ապրիլի 23-ին, «թավշյա հեղափոխությունը» մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ «թավիշից» առաջ եւ «թավիշից» հետո։ Թե ինչ ունենք 2018-ից հետո՝ տեսանելի է բոլորիս, թե ինչպես այն անդրադարձավ մշակույթի վրա՝ ո՛չ տեսանելի է, ո՛չ էլ շոշափելի։

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ այն, ինչ ունեինք 2018-ից առաջ, ունենք նաեւ 2018-ից հետո՝ ոչինչ ավել կամ պակաս, որովհետեւ որեւէ բարեփոխում այս 3 տարվա ընթացքում տեղի չունեցավ․ «Կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ ինչպես նախկին իշխանությունը, այնպես էլ ներկաները չունեն մշակութային հայեցակարգ՝ ինչի համար է պետք մշակույթն ընդհանրապես, ինչ մեխանիզմներով կարող է զարգանալ, ինչպես անել, որպեսզի պետության ազդեցությունը լինի շատ ավելի պակաս, բայց՝ թիրախավորված կոնկրետ ոլորտներով»։ 

Ըստ նրա, այդպես էլ չհասկացանք, թե մշակույթն ինչ դերակատարում ունի երկրի զարգացման հարցում․ «Մենք՝ բոլորս, բողոքում ենք ատելության մթնոլորտից, ագրեսիվությունից, բայց չէ՞ որ դրա դեմ առաջին պայքարողը մշակույթն է, եւ դրա դեմը չես կարող առնել քարոզներով, դատական օրենսգրքով։ Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել հայհոյանքն ու ատելությունը։ Մշակույթը հենց դա է որոշում, որ անկախ հասցեատիրոջից, ոչ մի ձեւով ատելությունն արդարացված չէ։ Այդ առումով մեր արդյունքները շատ տխուր են, մեր հասարակությունը գնալով դառնում է ավելի անհանդուրժողական, ագրեսիվ, իսկ դա նշանակում է, որ մենք կորցրել ենք իրար լսելու հատկությունը, կարեւոր չէ՝ իրար հետ համաձայնում ենք, թե ոչ, բայց եթե չենք հարգում դիմացինի կարծիքը, նշանակում է, որ մեր վիճակը բարդ է, որովհետեւ չկա հասարակություն, որտեղ բոլորը լինեն միակարծիք։ Դա ուտոպիա է եւ բնորոշ է բռնատիրական կարգերին։ Առանց իրար հանդեպ հարգանքի, չենք կարող որեւէ դերակատարում ունենալ նաեւ աշխարհում։ Հետո՝ մեր մտածողությունը սահմանների մեջ է, մենք դուրս չենք գալիս ավելի լայն մտածողություն մեր տեղն աշխարհում ընկալում ենք զուտ քարտեզային սահմաններով եւ դրանից այն կողմ չենք փորձում մտածել ու հասկանալ։ Իսկ դա ժամանակակից աշխարհում բերում է շատ տխուր հետեւանքների, ով մտածում է քարտեզով, միշտ քարտեզից ինչ-որ բան պակասում է»։ 

Ինչպես Ռուբեն Բաբայանն է նկատում՝ կարելի է ամպագոռգոռ բաներ ասել մշակույթի մասին, որ մենք մշակութային ազգ ենք, մեր մշակույթը գալիս է դարերից, ողջ աշխարհն է հիանում մեր մշակույթով, բայց իրականում «այս ամենն էժանագին գովազդ է, որովհետեւ մշակույթը պահանջում է շատ լուրջ վերաբերմունք։ Հիմնական խնդիրն այն է, որ մշակույթը եւ ժամանցն իրարից չեն տարբերում։ Խոսքը միայն ֆինանսականին չի վերաբերում, խոսքը վերաբերում է մշակույթի հանդեպ համապատասխան հայեցակարգ ունենալուն։ Ինչո՞ւ է դա մեզ պետք․ եթե փորձենք այդ հարցը տալ եւ այդ հարցի պատասխանը ստանալ, մենք կսկսենք ման գալ մեխանիզմներ՝ ինչպես անել, որ զարգացնենք մշակույթը, որ այն դառնա մեր կյանքի կարեւորագույն մասը։ Հետո․ մշակույթ ասելով՝ մենք հասկանում ենք շատ նեղ մի շրջանակ, բայց իրականում այն պետք է տարածվի ողջ հասարակության վրա, մշակույթն արվեստագետի ոլորտը չէ միայն․ եթե նա սահմանափակ է իր կիրառության տեսանկյունից, չի ընդգրկում լայն շրջանակներ՝ անիմաստ է»։ 

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն իր խոսքում շեշտում է՝ վերջին 30 տարին ոչինչ չտվեց մշակույթի զարգացման համար, իսկ վերջին 3 տարում ընդհանրապես մշակույթի մասին չխոսվեց․ «Մշակույթը պետք է ապրեցնել, մշակույթին պետք է կյանք տալ, որ նաեւ արդյունք ստանաս, իսկ իրենք որեւէ բան չեն անում, որպեսզի մշակույթը զարգանա։ Մշակույթը հենց այնպես չի կարող զարգանալ»։ 

Միրզոյանն ասում է՝ գուցե որոշ միջոցառումներ արվել են այս ընթացքում, բայց որեւէ լուրջ աշխատանք՝ ոչ․ «Երբ գոյություն չունի առանձին մշակույթի նախարարություն, մենք այդպես նաեւ նրանց ծրագիրը չենք հասկանում, թե ինչ են ուզում մշակույթից։ Արդյունքում տեսնում ենք պատահական նշանակումներ՝ մշակույթի օջախների տնօրենների, փոխտնօրենների հարցում, էլ չասեմ նախարարների ու փոխնախարարների փոփոխությունը։ Ու քանի որ չգիտեն, թե ինչ են ուզում, անընդհատ ամեն ինչ փոխում են։ Պետք է հստակ ծրագիր լինի, թե մենք ինչ ենք ուզում մշակույթից եւ ինչպես ենք մշակույթի զարգացումը պատկերացնում արտասահմանյան տարբեր երկրներում։ Դրա համար պետք է աշխատել նաեւ տարբեր երկրների դեսպանների հետ, դրանք հո հենց այնպես չե՞ն եկել Հայաստան»։  

Վերջերս ԱԺ-ում վարչապետն իր խոսքում գիտությունն ու կրթությունը հայտարարեց ռազմավարական նշանակության կարեւոր ոլորտներ՝ մշակույթի մասին չասելով ոչ մի բառ։ Սա ինչի՞ մասին է վկայում։ «Դա խոսում է նրա մասին, որ իրենք մշակույթի հետ կապ չունեն, կառավարությունն ուրիշ հաշիվներ, հաշվարկներ ունի, այդպես չեն խոսում մշակույթի մասին՝ որպես 2-րդական, 3-րդական երեւույթ։ Եթե Հայաստանում մի բան կա, դա մշակույթն է, որին իրենք տիրություն չեն անում, իսկ մշակույթի համար մեծ ներդրումներ են պետք, որպեսզի արդյունքն էլ տեսնես։ Իրենք ոչ միայն բան չեն անում, այլեւ իրենց թվում է, որ մարդիկ աշխատում եւ իրենք իրենց գլուխը պահում են։

Այս երկիրն իր ժողովրդական արտիստներին վճարում է 40 հազար դրամ, ովքեր արդեն տարիքով մարդիկ են եւ պետք է ոչ միայն ապրեն, այլ նաեւ ստեղծագործեն, իսկ իրենք ի՞նչ են անում եւ ո՞ւմ են հավելավճարներ տալիս, այն դեպքում, որ դու ես այդ մարդկանց կոչումներ տվել»,- ասում է Միրզոյանն ու հավելում, որ պետությունը ոչ միայն ավագ սերնդին, այլ նաեւ երիտասարդներին է աչքաթող անում․ «45 տարի է՝ ես դասավանդում եմ ու տեսնում եմ, թե ինչպես են այդ խեղճ ուսանողներն օրնիբուն աշխատում ուրիշ տեղ, որ բերեն ուսման վարձը վճարեն, փող չունեն ներկեր առնելու համար։ Իսկ կրթությունն այսպես չի կարող զարգանալ, կրթությունը մեզ նման փոքր երկրում պետք է լինի անվճար, ոչ թե՝ ով փող է վճարում, նա էլ գալիս սովորում է։ Սա ես համարում եմ ողբերգություն, դրա համար կառավարությունը պետք է լուրջ մտածի եւ մեծ ներդրում անի։ Մի քանի օր առաջ Նկարիչների միությունում էի, որտեղ անընդհատ ցուցահանդեսներ են բացվում, որին չկա ոչ մի արձագանք։ Այն օրն էլ ազգային պատկերասրահում մի շատ հետաքրքիր ցուցահանդես էր բացվել, բայց ո՛չ կառավարությունից, ո՛չ նախարարությունից մարդիկ չկային, ոչ մեկին հետաքրքիր չէ, ղեկավարությունը չի ուզում տեսնել՝ ինչ է կատարվում։ Պատկերասրահին պետք է առանձին կետով տրամադրվեն ֆինանսներ, որպեսզի ֆոնդերը լիարժեք զարգանան։ 30 տարի հետո երեւալու է այս բացթողածը՝ որ ոչինչ չենք արել։ Կյանքը միայն զենքով չէ, այլ նաեւ՝ մշակույթով։ Մենք Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային որ հարգում ենք, իրենց մշակույթի համար ենք նաեւ հարգում, ոչ թե իրենց ղեկավարների»։    

Փ․ Միրզոյանը կարծում է, որ եթե լիներ առանձին եւ լուրջ մշակույթի նախարարություն, ապա այդ կառույցը կզբաղվեր նաեւ պատերազմի ընթացքում մեր մշակութային արժեքների տարհանմամբ․ «Գոնե Շուշիի թանգարանների նկարները կհանեին։ Հենց մտածում ես՝ Շուշին հանձնել են թուրքերին, չես իմանում որ գրողի ծոցը մտնես, որ չլսես դրա մասին, բայց այսօր կան հիմար մարդիկ, որ ասում են՝ Շուշին ադրբեջանական է։ Ամոթ չէ՞։ Այդպես չի կարող շարունակվել, մենք կորցնում ենք մեր հոգեւոր արժեքները, երկրի հանդեպ սերը, մշակութային թրթիռը, որն ամեն մարդու տրված չէ։ Մենք աշխատում ենք օդի մեջ եւ չենք հասկանում՝ մեծ հաշվով, ո՞ւմ է դա պետք»։