Թավադյանն անձնական երաշխավորությամբ ազատ չարձակվեց

Թավադյանն անձնական երաշխավորությամբ ազատ չարձակվեց

Գլխավոր դատախազությունը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նաեւ փոխանցեց․ «Միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա փուլում որևէ այլ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը, ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը և չեզոքացնելու Թավադյանի նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմամբ արձանագրված հիմքերը: Ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և անհրաժեշտությունը բացակայում են»։

Հիշեցնենք՝ Թավադյանին ձերբակալել են դեկտեմբերի 24-ին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: 

Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:  

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։