Նպատակահարմար չէ հիմա լարվածություն ստեղծել Եկեղեցի- Պետություն հարաբերություններում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում – Հայ Առաքելական եկեղեցի հարաբերություններում լարվածությունը կուլիսային խոսակցություններից կարող է վերածվել հասարակական քննարկման թեմայի։ Այս վտանգավոր միտումի մասին է խոսում մասնավորապես շարժման շրջանակներում ակտիվ գործիչներից մեկի՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ, ըստ իս, նա անտեղի մեղադրանքներ է հնչեցնում ՀԱԵ Վայոց ձորի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հասցեին, ով Բագրատ սրբազանի` Վայոց ձորի մարզ այցելության ժամանակ նրան չէր հանդիպել, իսկ փոխարենը ջերմ ընդունելության էր արժանացրել, Էդգար Ղազարյանի բնորոշմամբ, «Հայ Եկեղեցու և Հայոց պետության դեմ պայքարի դուրս եկած դավաճաններին՝ Արփի Դավոյանից մինչև Ալեն Սիմոնյանին»։
Չեմ կարող վստահաբար ասել, որ Էդգար Ղազարյանը նախապես համաձայնեցրել է այդ գրառումը Բագրատ սրբազանի հետ, թերևս սրբազանը խորհուրդ չէր տա նրան նման գրառում անել, սակայն բոլորովին անհիմն չի լինի, եթե ասեմ, որ Էդգար Ղազարյանը քննադատական խոսքեր չէր հնչեցնի ՀԱԵ ամենանվիրյալ հոգևորականներից մեկի՝ Աբրահամ սրբազանի հասցեին, եթե վստահ չլիներ, որ Բագրատ սրբազանը իր հետ համակարծիք է։ Նա դա արեց և դրանով իսկ ակամայից առիթ տվեց, իր բնորոշմամբ, «մարզում վխտող աղանդավորներին»՝ քարկոծելու Հայ Եկեղեցուն։
Այն, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դժգոհ է իրենց մարզեր կատարված այցելությունների ժամանակ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների կողմից աջակցության իսպառ բացակայությունից, դա ակներև էր և սպասելի էր, որ մի օր էլ այդ դժգոհությունը կարտահայտվեր, թեև ավելի նպատակային կլիներ, եթե ճիշտ հետևություններ արվեին ու հոգևորականների՝ շարժման հանդեպ ունեցած անտարբերության պատճառները վերացվեին։ Մենք սովոր ենք, որ իշխանության ներկայացուցիչներն են այս կամ այն հոգևորականի մասին անհարգալից արտահայտություններ անում, բայց այն փաստը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ամենաակտիվ գործիչներից մեկը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություններ հայ Եկեղեցու հոգևորականի հանդեպ՝ դա, մեղմ ասած, անսպասելի էր։
Խնդրահարույց ոչինչ չկա, եթե որևէ թեմի առաջնորդ կամ հոգևորական՝ մարզ այցելած իշխանության ներկայացուցչին դիմավորի կամ հարգալից վերաբերմունք ցուցաբերի, վերջապես դա հենց այն է, որ իրականում պետք է լինի, և միայն բարիդրացիական հարաբերություններով կարելի է հասնել որոշ կնճռոտ հարցերի կարգավորմանը։ Պետք է քաջ գիտակցենք, որ հաշվի առնելով Սահմանադրությամբ ամրագրված Հայ Եկեղեցու հայտնի կարգավիճակը՝ հոգևորականների կողմից իշխանություններին դիմավորելը ինչ-որ տեղ նաև Սահմանադրության պահանջ է։ Հասկանալի է, որ կարող են նաև չդիմավորել և դրանով օրենք չեն խախտի, բայց դիմավորելն էլ անմեղադրելի է։
Եւ վերջապես, ինչպես Սուրբ Գիրքն է վկայում․ «Ամեն ինչ իր ժամանակն ունի»։ Պետք չէ հավերժ հակամարտության մեջ լինեն Եկեղեցին ու Պետությունը։ Հիմա հաշտության ժամանակն է, առջևում շատ կարևոր ազգային-եկեղեցական իրադարձություններ են սպասվում՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունն ու Մայր Տաճարի վերաօծումը։ Բոլորովին նպատակահարմար չէ հիմա ավելորդ լարվածություն ստեղծել Եկեղեցի- Պետություն հարաբերություններում, ինչին և, կարծում եմ, միտված են եղել տարբեր հոգևորականների կողմից իշխանության տարբեր ներկայացուցիչներին իրենց թեմերում պատշաճ կերպով դիմավորելու գործողությունները։
Գենադի Մնացականյան
Կարծիքներ