Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։

Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։

Հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման և նոր ագրեսիայի հավանականության բացառման համատեքստում նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հստակ, հասցեական ու համարժեք արձագանքի կարևորությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ