Խաչակրաց շարժումը

Խաչակրաց շարժումը

1099 թ.-ի հուլիսի 15-ին խաչակրաց զորքերը Ռայմոնդ Սենժիլցու և Գոդֆրուա Բուլոյնացու գլխավորությամբ գրավեցին Երուսաղեմը, որն այդ ժամանակ պատկանում էր Եգիպտոսի Ֆաթիմյաններին: Ռազմաքաղաքական այդ ակտով Առաջին խաչակրաց արշավանքն հասավ իր բուն նպատակին և արևելքում հիմնադրվեց երրորդ խաչակրաց պետությունը` Երուսաղեմի թագավորությունը (Եդեսիայի կոմսություն, Անտիոքի իշխանություն, Տրիպոլի Կոմսություն և Կիպրոսի թագավորություն): Քաղաքի կառավարիչ ընտրվեց Գոդֆրուա Բուլոյնացին, որը հրաժարվել էր թագավորական տիտղոսից: Իբրև թե նա չէր կարող թագ կրել այն քաղաքում, որտեղ Հիսուս Նազովրեցին փշե թագ է կրել: Փոխարենը Գոդֆրուան ինքնահռչակվեց որպես Սուրբ գերեզմանի պաշտպան, իսկ հետագայում Երուսաղեմի թագավորության առաջին թագավոր դարձավ նրա եղբայրը` Եդեսիայի կոմս Բալդուին Բուլոյնացին:

Ավելորդ չի լինի, եթե նշենք, որ Երուսաղեմի գրավումից հետո խաչակիրները սոսկալի եղեռնագործության դիմեցին` կոտորելով քաղաքի մուսուլման և հրեա բնակչությանը: Ընդհանրապես խաչակիրները աչքի էին ընկնում ընդծված դաժանությամբ և բարբարոսությամբ ու չէին խնայում նույնիսկ Քրիստոնյա արևելքի իրենց հավատակիցներին: Ասվածի վկայությունն այն է, որ խաչակիրների առանձին հրամանատարներ ոչնչացրեցին Հյ. Միջագետքի և Սիրիայի գրեթե բոլոր հայկական իշխանություններն ու տիրացան հայ իշխանների տիրույթներին (Եդեսիա): Բայց այս ամենից անդին Առաջին արշավանքը շեղեց սելջուկների և Բյուզանդիայի ուշադրությունը, ինչը նպաստավոր պայմաններ ստեղծեց Կիլիկիայում Ռուբինյանների վեր բարձրացման համար:

Ընդհանուր առմամբ խաչակրաց Առաջին արշավանքը խոշորագույն ցնցում էր Մերձավոր Արևելքի համար: Այն չպլանավորված և տարերային ռազմաքաղաքական գործողություն էր: Խաչակրաց բանակների հրամանատարները չգիտեին, թե ուր են գնում և կոնկրետ ինչ պետք է անեն: Շատ մասնագետներ պնդում են, որ նույնիսկ Եդեսիայի և Անտիոքի պետությունների հիմնադրումը պահի թելադրանքի և առանձին գործիչների ներգործության հետևանք էր: Այսինքն, նախապես ծրագրված չի եղել հիմնադրել առանձին խաչակրաց պետություններ, ընդհակառակը` մինչ արշավանքի մեկնարկը խոսակցություններ են շրջանառվել Արևելքում մի նոր կայսրություն հիմնադրելու անհրաժեշտության մասին: Այս ամենի հետ զուգընթաց խաչակիրները նույնիսկ հստակ տեղեկություններ չեն ունեցել, թե կոնկրետ ում դեմ են պատերազմելու: Նրանք ծանոթ չէին Իսլամի հետ և անտեղյակ էին արևելքում խոշորագույն քաղաքակրթության գոյության մասին: Այսինքն, խաչակիրներից շատերը կարծել են, թե մուսուլմանները հերետիկոսներ են, իսկ Իսլամը` Քրիստոնեության հերթական հերձվածներից մեկը: Միայն տարիներ անց, Ղուրանը լատիներեն թարգմանելուց և իսլամական մշակույթի հետ շփումներից հետո պարզ է դարձել, որ խաչակիրները գործ ունեն առանձին և բավականին զարգացած քաղաքակրթության հետ:

Ամփոփելով շարադրանքը` նշենք, որ խաչակրաց շարժումն իր էությամբ գաղութատիրական, թալանչիական և նույնիսկ անիմաստ էքսպանսիա էր: Դեյվիդ Հյումի բնորոշմամբ, խաչակրությունը մարդկային խելագարության ամենանշանակալից և ամենամնայուն հուշարձանն է: