Ժամանակը հոսում է, իսկ արդյունքներ չեն նշմարվում

Ժամանակը հոսում է, իսկ արդյունքներ չեն նշմարվում

Օրեր առաջ ընդդիմությունը հայտարարեց, որ փոխում է պայքարի մարտավարությունը, եւ Ֆրանսիայի հրապարակից հավաքեց վրանները: Այդ հայտարարությունից անցել է մեկ շաբաթ, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ մարտավարական փոփոխություններ կանի դիմադրության շարժումը։ Ֆիքսենք, որ հունիսի 16-ին իրականացրած ակցիայի ժամանակ միայն մեկ բան էր փոխվել. նախապես չէր բարձրաձայնվել երթուղու քարտեզը, որպեսզի ոստիկանությունը չկարողանար նախապատրաստվել եւ հակաքայլեր ձեռնարկել։ Մնացածն ընթացավ՝ ինչպես միշտ: Հայտնի չէ, թե ինչպես կընթանան հետո իրականացվելիք միջոցառումները, սակայն եթե ընթանան հունիսի 16-ի սցենարով, կարելի է եզրակացնել, որ դիմադրության շարժումը նոր ասելիք չունի, չի կարողանում շարժման մարտավարության մեջ էական փոփոխություններ մտցնել։ Հետեւաբար, ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես անցած 50 օրերի ընթացքում, որը կնշանակի, որ շարժումն ուղղակի դոփում է տեղում՝ հարաբերական դադարի վիճակում է, եւ սայլը տեղից չի շարժվի։ Իսկ դա բացասաբար կանդրադառնա հավաքների հիմնական մասնակիցների հոգեբանության վրա, կբերի հիասթափություն ու քանակի նվազում: 

Վերջին 4 տարվա ընթացքում ընդդիմության համար եզակի ռեալ շանս է ստեղծվել՝ իշխանափոխության համար, եւ եթե այն հաջողությամբ չպսակվի, ընդդիմության մեջքը վերջնականապես կջարդվի, ու իշխանությունը հանգիստ կիրականացնի ու կավարտի իր ծրագրերը: Փաստացի, այսպիսի ճակատագրական՝ ոչ նախանձելի վիճակում են հայտնվել Արցախն ու Հայաստանը, եւ ընդդիմության ուսերին է ընկել այս վիճակից փրկության առաքելությունը։ Սերունդները չեն ների ո՛չ իշխանության նման կեցվածքը, ո՛չ էլ ընդդիմության՝ դրանք կասեցնելու անկարողությունը: Անգամ 90-ականների Հայաստանի պատերազմական եւ տնտեսական ծանրագույն պայմաններում նման վտանգներ կախված չէին Հայաստանի ու Արցախի գլխին, այնպես որ՝ այսօր, բառի բուն իմաստով, որոշվում է երկու հայկական պետությունների եւ հայ ժողովրդի բախտը։ Եվ եթե աշխարհի 10 միլիոնից ավելի հայությունը մի վերջին ճիգով չբռունցքվի եւ չդիմակայի այս վտանգներին, սա կլինի հայ ժողովրդի մայրամուտը: Ադրբեջանը տարբեր ռանգի պաշտոնյաների բերանով բացահայտ հոխորտում է Հայաստանի վրա, թե՝ ուշացնում են պայմանավորվածությունների ի կատար ածումը, ու այնպիսի պահանջներ է դնում, որոնց մասին նախնական պայմանավորվածություններ չկան։ Հնչեցնում են ու սպասում դրանց իրականացմանը: Մի խոսքով, դիվանագիտական առումով մերոնք այնքան են զիջել, որ նրանք կարծում են, թե բոլոր հարցերը պետք է լուծվեն իրենց ուզածով: Պատերազմում հաղթել են՝ կարող են հանդես գալ ուժի դիրքերից, իսկ մենք՝ որպես պարտված կողմ, պարտադրված ենք ենթարկվել նրանց ցանկություններին ու քմահաճույքներին: Այս վիճակից պատվով դուրս գալու միակ ճանապարհը մնում են ուժեղանալը, միասնական՝ որպես մի բռունցք հանդես գալը, նրանց միասնական ճակատով հակահարված տալը:

Կարծում եմ, հեծանիվ հնարելու հարկ չկա՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից խնդիրները հստակ են դրված, որին, ցավոք, մեր իշխանությունները ենթարկվում են։ Այնպես որ՝ այս հարցերի լուծումը մնում է ընդդիմության ուսերին, որը պետք է գլուխը պատին տա, պատը՝ գլխին ու ամեն կերպ փորձի այդ հարցերը հօգուտ մեզ լուծել, այլապես կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Իսկ դրան հասնելու համար ընդդիմությունն ընդամենը պետք է փոխի պայքարի մեթոդաբանությունը եւ փորձի ամեն գնով լուծել իշխանափոխության հարցը, հակառակ պարագայում ողջը կկորցնենք:

Ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, եւ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախորդ 50 օրերին, մեր պարտությունն անխուսափելի կլինի...            

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ