Սահմանային բախում է տեղի ունեցել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 

Սահմանային բախում է տեղի ունեցել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 

Հնդկական եւ պակիստանյան զինված ուժերը բախում են ունեցել սահմանամերձ Քաշմիրի հովտում։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։ Հնդկաստանը մեղադրել է պակիստանցի զինվորականներին վերահսկողության գոտում հրազենային կրակ բացելու համար։ Համաձայն հնդկական կողմի, հրազենային կրակ է բացվել Թութմարի-Գալի եւ Ռամպուր շրջաններում։ Այդ կրակոցներին հնդկական բանակը տվել է համարժեք պատասխան։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին հնդկական Ջամմու եւ Քաշմիր շրջանում ահաբեկչական բռնարարք էր տեղի ունեցել։ Զինյալները հարձակվել էին Բայսարանի հովիտ այցելած տուրիստների վրա եւ գնդակահարել նրանց։ Թեեւ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր տեղի խմբավորումներից մեկը, սակայն Հնդկաստանում կարծում են, որ ահաբեկչության հետեւում Պակիստանն է կանգնած։ Հարաբերությունների լարման ֆոնին՝ Պակիստանը արտաքսել է Հնդկաստանի քաղաքացիներին եւ փակել Աթարիի անցակետը։