Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Թեհրանում

Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Թեհրանում

Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանի շրջաակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն։ Իրանի արտգործնախարը նշել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր իրադարձություններ և այդ իսկ պատճառով առաջացել է երեք երկրների միջև խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտություն։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված իր «Բաքու-Թեհրան-Երևան. խաղ՝ ուղղված սրացմանը» վերնագրով հոդվածում գրել է․

«Երբ Բաքուն իրանական բեռնատարների և ավտոբուսների ստուգումներ մտցրեց Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում և հատուկ պայմաններ սահմանեց Հայաստան բեռներ տեղափոխող իրանական մեքենաների համար, պարզ դարձավ, որ այն սկսել է խաղալ առաջին հերթին Իրանի հետ սրացման ուղղությամբ, իսկ հետո նաև Երևանի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն արված չէ։

Բացի այդ, փորձեր են արվում խաթարել Երևանի և Թեհրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը, քանի որ վերոնշյալ երթուղին երկար տարիներ օգտագործվում է Հայաստան ապրանքներ առաքող իրանական տրանսպորտային ընկերությունների կողմից: Ընդ որում, փաստերը վկայում են, որ Բաքվի գործողությունները չեն կարող անակնկալ լինել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ փորձ է արվել խնդիրը լուծել դիվանագիտական գործիքների օգնությամբ: Մասնավորապես, այս առիթով Ադրբեջանի և Իրանի դիվանագիտական գերատեսչությունները բանակցություններ են վարել, որոնք, սակայն, անհաջող էին: Տարասովն ավելացրել է, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ակնկալում էր, որ Իրանի միջոցով ճնշում կգործադրի Հայաստանի վրա այս ուղղությամբ: