Ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեթոդաբանության առանձնահատկությունները

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեթոդաբանության առանձնահատկությունները

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեթոդաբանության շուրջ

Բենիամին Պողոսյան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն

2020 թ. հուլիսի 10-ին հրապարակվեց 1991 թ. ի վեր Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Տավուշի հատվածում սկսված էսկալացիան որոշակիորեն շեղեց փորձագիտական հանրության  ուշադրությունը միջնաժամկետ հեռանկարում ՀՀ զարգացման տեսակետից էական նշանակություն ունեցող այս փաստաթղթից, սակայն սահմանագոտում իրավիճակի նորմալացմանը զուգընթաց վերջին օրերին փորձագիտական շրջանակներում մեկնարկել են ինտենսիվ քննարկումներ ռազմավարության բովանդակության շուրջ։ Այդ համատեքստում համեմատություններ են կատարվում տարբեր խնդիրների վերաբերյալ 2007 թ. հունվարին ընդունված առաջին ազգային անվտանգության ռազմավարությունում ներառված գնահատումների հետ։ Չցանկանալով թերագնահատել ռազմավարության բովանդակային մասին առնչվող քննարկումների նշանակությունը, հարկ է ընդգծել ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեթոդաբանության և այդ գործընթացը համադասող հաստատությունների ինստիտուցիոնալ կայացվածության խնդրի կարևորությունը։

Այս համատեքստում նպատակահարմար է մանրամասն անդրադառնալ ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման, ընդունման և կիրարկման գործընթացին։ Առաջին ռազմավարությունը մշակվել է 2005-2006 թթ. նորաստեղծ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտական համադասման ներքո։ Այս գործընթացի հիմքում դրված էր Հարավային Կովկասում այդ ժամանակ առաջնային դերակատարություն ունեցող ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ փորձագիտական ձևաչափով անընդհատ երկխոսության իրականացումը։ Ռազմավարության մշակման մեթոդաբանությունը վերցված էր ԱՄՆ-ի առաջատար գլխամասային պետական ուղեղային կենտրոնից՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական  հետազոտությունների ինստիտուտից, որտեղ 2003-2004 թթ. շուրջ մեկուկես տարի տևած գիտակրթական ստաժավորման ընթացքում ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, այժմ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը պատրաստել էր Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը նվիրված գիտական մենագրություն։ Ամերիկյան մեթոդաբանության կիրառման վերաբերյալ որոշումն ընդունվել էր ամերիկյան և ռուսական անվտանգային մտածողության համեմատական վերլուծության հիման վրա, և ի տարբերություն սպառնալիքների վերհանմանն ու կանխարգելմանը միտված ռուսական անվտանգային մտածողության, առաջնահերթությունը տրվել էր զարգացմանը միտված ամերիկյան մեթոդաբանությանը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Եվրամիության առաջատար ուղեղային կենտրոնների հետ մշտական երկխոսությունը հնարավորություն էր տալիս ամերիկյան մեթոդաբանությանը զուգընթաց ռազմավարության մշակման գործում կիրառել նաև ռուսական և եվրոպական անվտանգային առաջատար մոտեցումները՝ դրանով ապահովելով ՀՀ արտաքին բալանսավորված քաղաքականության իրականացումը, և ավելացնել ՀՀ համախումբ պետական ներուժը չկարգավորված հակամարտություններ և անկայունության մեծ պոտենցիալ ունեցող հարավկովկասյան տարածաշրջանում։

2005 -2006 թթ. ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը զուգահեռ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, որպես ամերիկյան, ռուսական և եվրոպական  առաջատար պետական ուղեղային կենտրոնների հետ անընդհատ փորձագիտական շփումների մեջ գտնվող պետական ուղեղային կենտրոնի կայացումը, հնարավորություն ընձեռեց

2007 թ. հունվարին ռազմավարության ընդունումից հետո ԱՌՀԻ-ի ներուժը օգտագործել տարածաշրջանային անվտանգության դինամիկայի փոփոխությանը զուգահեռ ՀՀ ներքին և արտաքին անվտանգության քաղաքականության վերանայման գործընթացի գիտական համադասման նպատակով։

2000 - ականների կեսին մեկնարկեց հետսառըպատերազմյան աշխարհակարգի կերպափոխումների և համաշխարհային ուժային հիմնական կենտրոնների միջև հարաբերությունների վերանայումների գործընթացը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունն ուներ երկու ճանապարհ. որոշակի ժամանակահատվածը մեկ ընդունել ազգային անվտանգության նոր ռազմավարություն և այնտեղ ներառել ՀՀ դիրքորոշումները փոխվող աշխարհակարգի և աստիճանաբար միմյանց հետ հակամարտային հարաբերություններ ձևավորող ուժային կենտրոնների վերաբերյալ, կամ, անփոփոխ պահելով հավասարակշռված մոտեցումների հիման վրա մշակված ազգային անվտանգության ռազմավարության բաց հատվածը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության քաղաքականության վերագնահատումներն իրականացնել պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի միջոցով։

Հաշվի առնելով ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուժային առաջատար կենտրոնների միջև ձևավորվող հակամարտային հարաբերությունների անդրադարձից և դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ռազմավարության բաց մասում ներառելուց բխող բարդությունները, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում ընդունեց ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրի փոփոխման գնահատումները և դրանից բխող քաղաքականության վերագնահատումներն իրականացնել պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի միջոցով։ Այս գործընթացն իրականացվում էր հատուկ այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովների կողմից, որոնց կազմում ներգրավվում էին ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող պետական կառույցների ղեկավարների տեղակալները։ 2008-2011 և 2014-2015 թթ. իրականացված պաշտպանության ռազմավարական վերանայման առաջին և երկրորդ գործընթացների արդյունքում   մշակվեցին և հաստատվեցին պետության անվտանգության համար էական նշանակություն ունեցող մի շարք ռազմավարական փաստաթղթեր։

Միևնույն ժամանակ, նշված գործընթացների արդյունավետ իրականացումը ապահովելու և արտերկրի համապատասխան փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու համար անհրաժեշտ էր ՀՀ-ում ունենալ վերջիններիս հետ ինտելեկտուալ առումով համեմատելի կառույց։ Այս գործառույթը հաջողությամբ իրականացվում էր ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից, որն իրականացնում էր պաշտպանության ռազմավարական վերանայման գիտական համադասումը։ 2008 թ. հենց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մեկնարկեցին պաշտպանության ռազմավարական վերանայման արևմտյան մեթոդաբանության՝ հետխորհրդային պետություններում ադապտացմանն ուղղված մեթոդաբանական սեմինարները  միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ։

Պաշտպանության ռազմավարական վերանայման գիտական համադասման շրջանակում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարությունը ամփոփում էր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները և դրանք պաշտպանության, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովմամբ զբաղվող գեչատեսությունների ղեկավարների հետ համաձայնեցումներից հետո ներկայացնում հանրապետության ղեկավարության հաստատմանը։   

Միևնույն ժամանակ, հանրապետության ներքին և արտաքին անվտանգության մի շարք խնդիրների վերաբերյալ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը մշակում և հանրապետության ղեկավարությանն էր ներկայացնում սեփական գնահատումներն ու առաջարկությունները։ ՀՀ-ի դաշնակից և գործընկեր պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի և ԱՄՆ-ի համադրելի կառույցների հետ գիտական համեմատելի մակարդակ ապահովելու նպատակով ԱՌՀԻ-ի վերլուծաբաններն այդ պետությունների առաջատար կենտրոններում մասնակցում էին գիտական ստաժավորումների և վերապատրաստումների, ինչը հնարավորություն էր տալիս անընդհատ թարմացնել գիտելիքներն ու մշակումների մեթոդաբանական հիմքը։ Այս նպատակին էր ուղղված նաև ԱՌՀԻ-ի կողմից ամեն տարի միջազգային քաղաքական ֆորումների կազմակերպումը, որը թույլ էր տալիս ՀՀ-ում մեկ սեղանի շուրջ հավաքել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, եվրոպական պետությունների անվտանգային հարցերի առաջատար վերլուծաբաններին և ՀՀ-ն աստիճանաբար վերածել ակադեմիական ձևաչափով փորձագիտական երկխոսության հարթակի։ 

Վերոշարադրյալի ամփոփմամբ հարկ է նշել, որ պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը և ազգային անվտանգության ռազմավարության արյունավետ վերանայումը պահանջում են օտարերկրյա պետությունների պետական անվտանգային հետազոտություններ իրականացնող առաջատար կենտրոնների հետ համեմատելի կարողություններ և վերջիններիս հետ մշտական շփումների մեջ գտնվող հետազոտական կենտրոնի առկայություն, որի մասնագետները պետք է լինեն նմամնատիպ մշակումների առանցքում։ 

Հակառակ պարագայում մենք կունենանք համապատասխան ներուժ չունեցող բյուրոկրատական ապարատի կողմից մշակված ռազմավարական նշանակության փաստաթղթեր, որոնց հավելյալ արժեք հաղորդելու նպատակով դրանց մշակման գործընթացում ժամանակ առ ժամանակ կարող են ընդգրկվել տարբեր կարողություններ ունեցող փորձագետներ և քաղաքական մեկնաբաններ։