Արցախի իշխանությունը պետք է իրեն հռչակի քաղաքական վտարանդի․ Մոնթե Մելքոնյանի պես մարդ է պետք․ Բուչեկ

Արցախի իշխանությունը պետք է իրեն հռչակի քաղաքական վտարանդի․ Մոնթե Մելքոնյանի պես մարդ է պետք․ Բուչեկ

Արցախում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած (ցավոք, նաև շարունակվող) վերջին ռազմական ագրեսիայից հետո քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում՝ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն, արտահերթ նիստի շրջանակում, վերջապես, հասցեական գնահատական տվեց՝ դատապարտելով Բաքվի գործողությունները։ Եղան նաև Ալիևի ռեժիմին պատասխանատվության կանչելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչեր։ 
Զուգահեռաբար, Արցախից շարունակվում են մտահոգիչ լուրեր ստացվել․ ամիսներ շարունակ պաշարված, անասելի զրկանքներ ու տառապանքներ կրող Ղարաբաղի հայությունն այժմ էլ կանգնել է իր պատմական հայրենիքը ոչ թե ստիպված լքելու, այլ կյանքը փրկելու դառը իրականության առջև։ Որքանո՞վ է աշխարհը կիսում մեր ու արցախցիների ցավը, բավարա՞ր են արդյոք միջազգային ջանքերն այդ հարցում, ի՞նչ սպասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից։ «Հրապարակ»-ի զրուցակիցը լեհ քաղաքական գործիչ, բլոգեր, հայ ժողովրդի ու Արցաիի բարեկամ Թոմաշ Լեխ Բուչեկն է։

- Գրել եք․ «Քանի դեռ ես ապրում եմ, թուրքերն ու ադրբեջանցիները կլսեն Արցախ բառը, քանի դեռ ես ապրում եմ, թեև հայ դավաճանները, թուրքերը և ադրբեջանական իշխանությունը ցանկանում էին ոչնչացնել ինձ։ Մինչեւ Արցախը չազատագրեմ թուրս վայր չեմ դնի։ Ուրեմն, օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի վերջին ագրեսիան ԼՂ հայ ժողովրդի դեմ։ Սպասելի՞ էր, որ Բաքուն կդիմի նման քայլի։ 

Թ․ Բ․ - Սպասվում էր, որ ադրբեջանցի հանցագործները կրկին կհարձակվեն Արցախի վրա։ Կիրառեցին հին մարտավարություն, սկզբում 9 ամիս սովի մատնեցին արցախցիներին, իսկ հետո, երբ մարդասիրական օգնություն հասցվեց, որոշեցին զենք կիրառել, որպեսզի Արցախը կապիտուլյացիայի ենթարկվի. Սա վաղուց էր նախատեսված։

-Ի՞նչ արձագանքներ կան այդ կապակցությամբ Լեհաստանի իշխանական, քաղաքական և հանրային շրջանակներում։

Թ․ Բ․ - Այս հարցը պետք է ուղղել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին։

- Միջազգային մի շարք դերակատարներ, պետություններ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, որոնք Բաքուն, կոչում է «հակաահաբեկչական», թեև դրանք հենց ահաբեկչական են ըստ էության։ ԵԽ շուրջ 60 պատգամավոր էր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով։ Ըստ ձեզ, բավարա՞ր են միջազգային ջանքերն Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, որը նույնիսկ ռուս խաղաղապահների է սպանում։

Թ․ Բ․ - Տարեց կանանց և երեխաներին ահաբեկիչներ անվանելով՝ Ադրբեջանն ինքն իրեն ծաղրում է։ Նրանց հայտարարած «հակաահաբեկչական գործողությունը» Ալիևի կողմից էժանագին քարոզչություն է։ Ինձ համար Ալիևն ահաբեկիչ է և հանցագործ։ 

-Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացավ ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը։ Քննարկումներին, հավանաբար, ծանոթացել եք․ հնչած հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էր Արցախի հայերի դեմ բռնությունը դադարեցնելու, հրադադարի ռեժիմը հարգելու և ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու՝ Բաքվի ուղղված հորդոր-պահանջը։ Ի՞նչ կտան այս հերթական ու հերթապահ կոչերը հուսահատ ու անօգնական արցախահայերին։

-Թ․ Բ․ - Սրանք դատարկ խոսքեր են: Արցախին Մոնթե Մելքոնյանի պես մարդ է պետք։

- Իրենց վայրագություններն իրականացնելուց հետո Բաքվի ռազմական իշխանությունները կապ են հաստատել թուրք գործընկերների հետ․ վերջիններս կրկին վերահաստատել են «եղբայրական» Ադրբեջանի կողքին լինելու և նրանց ըստ ամենայնի աջակցելու դիրքորոշումն ու վճռականությունը։ Ավելի վաղ, Էրդողանը քառակողմ հանդիպման առաջարկով դիմել է Փաշինյանին, Պուտինին և Ալիևին։ Կարելի՞ է ենթադրել, որ նրա «մատը ևս խառն է Ղարաբաղում տեղի ունեցածի մեջ»։

Թ․ Բ․ - Էրդողանն ու Ալիևը վարում են պանթուրքիզմի քաղաքականություն, որի նպատակը բոլոր թուրք ազգերին միավորելն է և դրան, իբր, խանգարում է Հայաստանը։ Նրանք նպատակ ունեն խայտառակել Հայաստանին աշխարհի աչքերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է բանակցի թուրք և ադրբեջանցի հանցագործների հետ. դիվանագիտությունը չի օգնի, քանի որ թուրքերը թքած ունեն հայկական դիվանագիտության գործունեության վրա։

- Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցան Արցախի և Բաքվի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի օրակարգում ԼՂ հայ բնակիչների հետագա ճակատագրի, մասնավորապես՝ վերաինտեգրման հարցն էր։ Ինչ սպասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից, պատային այս իրավիճակում ի՞նչ հնարավոր օգուտներ կարող է ունենալ հայկական կողմը։

-Թ․ Բ․ - Թուրքերին ու ադրբեջանցիներին վստահել պետք չէ, նրանց երաշխիքներն անարժեք են։ Միայն հերոս հայերը կարող են ապահովել Արցախի անվտանգությունը։ Արցախի իշխանությունը պետք է իրեն հռչակի քաղաքական վտարանդի և բոլոր գործողություններն իրագործի Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։ Սա կօգնի Արցախի գործին։ Դա նաև ավելի մեծ անվտանգություն կապահովի Արցախի քաղաքացիների համար։

Զրուցեց Արա Ալոյանը