Ադրբեջանական առաջարկությու՞ն

Ադրբեջանական առաջարկությու՞ն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը վաղը Շուշիում նշանակված՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության առթիվ հայտարարություն է տարածել: Ռազմաշունչ այդ տեքստը, որն ամփոփվում է «պատերազմն ավարտված չէ» եւ «Ադրբեջանը բոլոր միջոցներով կհասնի տարածքային ամբողջականության վերականգնմանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»՝ ակնհայտորեն ներքին լսարանի համար արված «հավաստիացումներով»՝ կարելի էր համարել ալիեւայն ոճի ստանդարտ դրսեւորում, եթե դրանում տեղ գտած չլիներ մի ձեւակերպում, ըստ որի անցած ընտրությունները «չեն տրվում տարրական տրամաբանության եւ ենթակա են մերժման ու դատապարտման, քանի որ տեղի են ունեցել բռնությամբ այնտեղից արտաքսված ադրբեջանական բնակչության ընտրական իրավունքի խախտման պայմաններում»: Լեռնային Ղարաբաղից տեղափոխված ադրբեջանցիներն ընտրական իրավունքից զրկված չեն: Նրանք մասնակցում են Ադրբեջանում անցկացվող հանրաքվեներին, նախագահի եւ Միլլի մեջլիսի ընտրություններին: Այս համատեքստում ինչպե՞ս հասկանալ նրանց «ընտրական իրավունքի խախտման» մասին պաշտոնական Բաքվի ակնարկը: Խոսքն այն մասին է, որ նրանք չե՞ն մասնակցում ԼՂ-ում իշխանության ձեւավորմանը: Կարծես թե ադրբեջանական ԱԳՆ-ն դա նկատի ունի: Այս դեպքում ստացվում է, որ Բաքուն առհասարակ չի մերժում ԼՂ-ի ընտրությունները, եւ դրանք օրինական կճանաչի, եթե ապահովվի ադրբեջանցիների մասնակցությու՞նը: Սա Բաքվի առաջարկությու՞նն է, թե ԱԳՆ-ն պարզապես «լյապ» է թույլ տվել՝ չափազանց ոգեւորված լինելով մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգման մասին մտավարժանքներո՞վ:

Ամեն դեպքում, երեւույթն ուշադրության արժանի է: Եւ հարկ է դիվանագիտական, տեղեկատվա-քարոզչական խողովակներով համադարձել, որ ԼՂ ադրբեջանական բնակչության համար բոլոր պայմաններն ստեղծված էին, որպեսզի մասնակցի 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին եւ նույն ամսվա  28-ին նշանակված՝ Գերագույն խորհրդի ընտրություններին: Ադրբեջանցիները գերադասեցին բոյկոտել: Դա էլ կամարտահայտության ձեւ է, որով նրանք իրենց զրկեցին ԼՂ-ում իշխանության ձեւավորմանը մասնակից դառնալու իրավունքից: Հարցը փակված է: Այդ մարդիկ հայրենիք են ընտրել Ադրբեջանը, որի լիիրավ քաղաքացիներ են: Եւ թող այնտեղ պայքարեն իրենց իրավունքների եւ ազատությունների համար: