«Հրապարակ». «Ինչ ուզում, անում են». Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը

«Հրապարակ». «Ինչ ուզում, անում են». Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը

Արսեն Ջուլֆալակյանին ոչ միայն չկարողացան համոզել մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, այլեւ նա կարծես ձեռնոց է նետում իշխանությանը։ Երեկ նա ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթեր բանավեճի հրավիրեց։ Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվելու պատճառը սկզբունքային անհամաձայնությունն էր Արայիկ Հարությունյանի հետ։ Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին իմքայլականները հանդիպում-բանակցում են Ջուլֆալակյանի հետ, փորձում համոզել՝ վերադառնալ ԱԺ։

Պատմեցին, որ Ջուլֆալակյանը պատգամավորներից մեկի մոտ անկեղծացել է, որ հիմա շատերն են լցված կառավարության դեմ, ասել է, որ մեկ 2018-ի ապրիլյան օրերին էին իրեն փողոցում տեսնողները ողջունում՝ դրվատելով, որ միացել է հեղափոխությանը, մեկ էլ հիմա՝ մանդատից հրաժարվելու առիթով։

Իշխող խմբակցությունում Ջուլֆալակյանից բացի այլ պատգամավորներ էլ են դժգոհ կառավարության գործելաոճից․ «Ինչ ուզում, անում են, խորհրդարանին էլ պարտադրում են դակել իրենց անհեթեթ որոշումները, չեն ընդունում ոչ մի դիտողություն»։ Ավելին, պատմեցին, որ Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել հրաժարվել մանդատից, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են՝ մտածելով, որ այլեւս աշխատանք չեն գտնի։