Մրցանակներ` յուրայիններին

Մրցանակներ` յուրայիններին

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը գրեթե ամեն տարի մրցանակներ են տրվում նույն դեմքերին։ Այս տարին բացառություն չէր։

Դ. Դեմիրճյանի անվան մրցանակները (արձակ) տրվել են Ալիս Հովհաննիսյանին՝ «Աղանդերի դարը և հետոն» և Շանթ Մկրտչյանին՝ «Տունը երազի ափին» գրքերի համար: Ավետիք Իսահակյանի անվան մրցանակները (պոեզիա) տրվել են Գոհար Գալստյանին՝ «Բառ ընդ ժամանակս» և Գագիկ Սարոյանին՝ «Այլ» գրքերի համար:Միքայել Նալբանդյանի անվան մրցանակները (հրապարակագրություն) շնորհվել են Գագիկ Դավթյանին՝ «Իմ Սևակը» և Տիգրան Նիկողոսյանին՝ «Կյանքը բաց նամակներում» գրքերի համար:

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացել է Գրիգոր Ջանիկյանը՝ երեք թարգմանական գրքերի համար:Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն, գրաքննադատություն) հանձնվել է Մանասեին՝ «Թևածող անթարգմանելին» գրքի համար:Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկական գրականություն) տրվել է Նանեին՝ «Թևթևիկը» գրքի համար։Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը տրվել է Աելիտա Դոլուխանյանին, Վազգեն Սարգսյանի անվան ՀԳՄ և ԵԿՄ մրցանակը՝ Ռոբերտ Եսայանին, Եղիշե Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակները հանձնվել են Հակոբ Մովսեսին «Գրառումներ 4» և Արմենուհի Սիսյանին «Մեղեդին չի ավարտվում» գրքերի համար, Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան «Վարպետ» անվամբ մրցանակը տրվել է Էդվարդ Միլիտոնյանին Ավ. Իսահակյանին նվիրված շարք, «Պատմության շախմատ» և «Ամենալավ նվերը» գրքերի համար (առանց մրցանակային գումարի):

Մրցանակաբաշխության հովանավորներն են՝ Երկրապահ կամավորականների միությունը, ԱՄՆ-ում բնակվող գրող Նաթելլա Լալաբեկյանը, Սերգո Երիցյանի ընտանիքը և «Լոռի» հայրենակցական միությունը։

Ուշագրավ է, որ ամեն տարի այս մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են ստանում, որպես կանոն, այնպիսի գրողներ, որոնք ո՛չ ընթերցող ունեն, ո՛չ մեծ ճանաչում, ո՛չ էլ արժեքավոր գործեր։ Այս մրցանակաբաշխության կարևոր նախապայմանը, կարծես, օրվա իշխանություններին, ինչպես նաև՝ ՀԳՄ ղեկավարության նկատմամբ լոյալ լինելն է։ Թեպետ չենք բացառում, որ մրցանակ ստացողների մեջ իրապես արժանիները կան, ինչպես օրինակ՝ գրականագետ Աելիտա Դոլուխանյանը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ արժեքավոր ստեղծագործություններ է երկնել Հակոբ Մովսեսը։ Հավանաբար Փաշինյանին քծնող նրա հարցազրույցներն են այս տարի որպես գրական արժեք համարվել ու հենց դրա համար է նա մրցանակ ստացել։ Ինչ վերաբերում է Էդվարդ Միլիտոնյանին, ապա նա որպես գրող քիչ թե շատ հայտնի է իր մանկական ստեղծագործություններով, և որպես Գրողների միության նախագահ առնվազն այնքան էլ գեղեցիկ չէ, որ նման հաճախականությամբ ինքն իրեն մրցանակներ է շնորհում: