Գործատուի կողմից կնիք հարկավոր չէ, ստորագրություն է անհրաժեշտ. վարչապետի խոսնակ

Գործատուի կողմից կնիք հարկավոր չէ, ստորագրություն է անհրաժեշտ. վարչապետի խոսնակ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք այլևս իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի և ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը:

Վաղ առավոտից «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն են դիմում մի շարք քաղաքացիներ, որոնք նշում են, որ պարետի նոր որոշումների մեջ հստակություններ են անհրաժեշտ, հաճախ չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով գործատուի կողմից տրվող տեղեկանքի վերաբերյալ հարցին, նշեց, որ գործատուի կողմից տրամադրվող տեղականքի համար կնիք անհրաժեշտ չէ, միայն ստորագրություն է հարկավոր։

«Գործատուի կողմից ստորագրություն է պահանջվում։ Բոլոր դեպքերում, գործատուն անպայման պետք է տրամադրի այդ թերթիկը։ Այն մարդիկ, որոնք աշխատանքի են գնում, օրինակ՝ բանկերի աշխատակիցները կամ սպասարկման ոլորտի այլ ներկայացուցիչներ, անպայման այդ թերթիկը պետք է ունենան»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ գործատուի կողմից տրվող տեղեկանքի պահանջը չի նախատեսում, որ նախորդ՝ քաղաքացիների կողմից լրացվող տեղաշարժման թերթիկները պետք է անտեսվեն։

«Այդ թերթիկը, միևնույն է, շարունակվում է էլի պարտադիր մնալ։ Եթե քաղաքացին դուրս է գալիս ու գնում է մթերային խանութ կամ դեղատուն կամ որոշել է երեխային հանել զբոսանքի, այդ թերթիկը պարտադիր է։ Թեպետ զբոսանքն ու նմանատիպ բաներն էլ այս պարագայում չեն խրախուսվում։ Այսինքն՝ նրանք, ովքեր գնում են աշխատանքի, անհրաժեշտ է գործատուի թերթիկը, նրանք, ովքեր դուրս են գալիս իրենց կարիքները հոգալու համար, պետք է նախորդ թերթիկը»,- նշեց Փաշինյանի խոսնակը։

Մեզ դիմել է նաև մի քաղաքացի, որի խոսքով՝ տարեց ծնողներ ունի, սնունդ, դեղորայք պետք է հասցնի իր բնակավայրից բավականաչափ հեռու բնակվող ծնողներին։

Այս մասով Գևորգյանը նշեց, որ բոլոր դեպքերում քաղաքացիները պետք է նշեն՝ ուր են գնում, որտեղից, ինչի համար։

«Առհասարակ, մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է, այսինքն՝ եթե կենսական նշանակության անհրաժեշտություն իրենից չի ներկայացնում, տնից պետք է դուրս չգալ»,- հավելեց Մանե Գևորգյանը։