Ձեր սեւ սիրտ, իմ վարդագույն տրամադրություն

Ձեր սեւ սիրտ, իմ վարդագույն տրամադրություն

Փաշինյանը արտախորհրդարանական դեմքերի հետ հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էի նաեւ ես: Դա դեռ Պապիկյանի փոխվարչապետ օրերին էր: Ամենադժվարը ներս մտնելն էր: Պահակը, թե՝ Դուք ԱԺ-ում ֆրակցիա ունեք, ո՞ւր եք գնում: Ասի՝ ի՞նչ անենք, դու ինձ ԱԺ-ում տեսած կա՞ս: Թե բա՝ չէ, բայց Դուք ֆրակցիա ունեք եւ չեք համարվում արտախորհրդարանական դեմք: Հենց պահակի մոտից զանգեցի փոխվարչապետ Պապիկյանին՝ այդ շենքի միակ ադեկվատ մարդուն:

- Հա, ես եմ, պարոն Պապիկյան, լավ եմ, լավ, եկել եմ Փաշինյանի մոտ խորհրդակցության, պահակը չի թողնում: Այո, արտախորհրդարանական դեմքերի հետ հանդիպմանն եմ եկել: Հրավե՞ր… Չէ, չունեմ, մտածեցի, որ մի արտախորհրդարանական դեմք էլ ես եմ, գնամ, տեսնեմ Փաշինյանն ինչ է ասում: Կկարգավորե՞ք, շատ շնորհակալ եմ, հիմա հեռախոսը փոխանցեմ:
- Փոխգնդապետ Կիրակոսյանը լսում է, պարոն Պապիկյան… Հը՞, հա, հասկացա, հասկացա… ուրեմն թողնե՞մ… Այսինքն, ճանապարհ տամ՝ գա վերե՞ւ… Լսում եմ, պարոն Պապիկյան…
- Անցեք,- թթված նետեց փոխգնդապետն ու հեռախոսս տվեց ինձ:
Փաշինյանին երկար չսպասեցինք: Ես էի, Մարուքյան Էդմոնը, Սաֆարյան Սծյոպիկը, Բաբաջանյան Արմանը եւ Պապյան Արան՝ Ծռերի բեւեռից, թե Բեւեռի ծռերից, լավ չհասկացա: Մինչեւ Փաշինյանի գալը սրանք կպել էին գլուխս, թե դո՞ւ ինչ գործ ունես այստեղ։ «Հայաստան» դաշինքում, ինչ է, քեզ չե՞ն կերակրում… Ես էլ ի պատասխան՝ բոլորիդ մաղթում եմ, որ Նիկոլն էլ ձեզ կերակրի այնպես, ինչպես ինձ «Հայաստան» դաշինքում են կերակրում…

Փաշինյանը ներս մտավ, հետեւից՝ մի հատ դիպլոմատով «շկաֆ»: Ես էլ թարսի պես նստած եմ այնպես, որ ուղիղ նայում եմ Փաշինյանի աթոռին: Տեղավորվեց, «շկաֆը» դիպլոմատը դրեց նրա կողքին՝ գետնի վրա, եւ կանգնեց-մնաց՝ ձեռքերը փորի տակ խաչած: Հիմա մենք Փաշինյանին թողած՝ «շկաֆին» ենք նայում: Սա էլ հայացքը գցել է առաստաղին, թե իբր չեմ նկատում ձեր անհանգստությունը: Մի երկու րոպե անցավ, մինչեւ ադապտացվեցինք իրավիճակին: Առաջինը խոսեց Փաշինյանը.

- Ողջույն, սիրելի գործընկերներ:
Մենք էլ խոռով՝
- Ողջույն… պարոն վարչապետ:
- Դուք ո՞վ եք,- ինձ դիմեց Փաշինյանը:
Դեռ չէի հասցրել ներկայանալ, որ «շկաֆը» տեղից շարժվեց: Փաշինյանը նրան նշան արեց՝ հանգիստ, դեռ շուտ է:
- Արտախորհրդարանական դեմք եմ, պարոն Փաշինյան, կանչել էիք՝ եկել եմ:
- Շատ լավ, բայց Ձեր դեմքն ինձ ծանոթ է, 18-ին քայլե՞լ եք մեզ հետ:
- Ոչ, պարոն վարչապետ: Ընդհակառակը:
- Այսինքն…
- Մենք հանդիպել ենք ԿԳՄՍ նախարարության մոտ, կառավարության 3-րդ մասնաշենքի ճանապարհին, դաչաների մոտ տեսած կլինեք, ոստիկանական խրոնիկայում: Արդեն 3 տարի է՝ ոստիկան ենք բրթում…
- Հասկանալի է: Դա նշանակում է, որ ֆրակցիա ունեք ԱԺ-ում, հետեւաբար, Դուք արտախորհրդարանական դեմք չեք:
- Պարոն Փաշինյան, հունիսի 20-ից հետո ես ոչ մի օր խորհրդարանում չեմ եղել, չե՞ք հավատում:
- Դե լավ, որ եկել ես, մնա, ես մյուսների հետ մի փոքր գործ ունեմ, վերջացնեմ՝ գնանք սուրճ խմենք:
Թե Փաշինյանի այս խոսքի վրա Էդմոնը ոնց տրաքեց, դուք պետք է տեսնեիք…
Շատ չերկարացնեմ: Փաշինյանն առաջինը խիստ տոնով դիմեց Էդմոնին.
- Լավ, դո՞ւ ինչու ես եկել, չգիտե՞ս անելիքդ:
- Գիտեմ, բայց աշխատանքի ճակատը զգալիորեն լայնացել է:
- Դա ինձ չի հետաքրքրում: Ընտրություններից առաջ դու ինձ ասացիր՝ այդքան փողը հերիք է քեզ՝ ողջ կյանքում երջանիկ լինելու համար: Հիմա եկել ես, ճակատի մասին հեքիաթներ ես պատմում, որ ի՞նչ անես…
- Ախր, պարոն Փաշինյան…
- Ոչ մի «պարոն Փաշինյան», ուզածդ տվել եմ, բավարարվիր, կամ էլ քեզ փոխարինող կգտնեմ:
- Փոխարինո՞ղ, ի՞նձ… Չեք գտնի, դա անհնար է:
Փաշինյանը թեքվեց «շկաֆի» կողմը.
- Մեր Լուլուի քեռի՞ն էր գործ ման գալիս, կասեք գա ինձ մոտ…
- Կատակ էի անում, պարոն վարչապետ, ես գիտեմ, որ Դուք կադրերի ավելցուկ ունեք, բայց վատ չէր լինի մի քիչ հատկացում կատարել ինձ, բոլորը քննադատում են հիմա, ո՞ր մեկի բերանը փակեմ…
- Անցանք առաջ, Սծյոպա՞, ի՞նչ կա:
- Է՛, պարոն Փաշինյան, գործի էս թունդ պահին պաշտոնից ազատեցիք, գործազուրկ եմ դարձել, վեր ընկել տանը:
- Հանգիստ էլ է պետք, պարոն Սաֆարյան, թե չէ աշխատում էիր՝ քեզ չխնայելով: Մի տարի աշխատավարձ ու պարգեւավճար ստացար, ինչ է, բոլորը ծախսե՞լ ես:
- Մի քիչ կա դեռ, պարոն Փաշինյան, բայց աշխատանքի լայն ճակատ է բացվել դպրոցում: Դասատուները, մեղմ ասած, Ձեր լավը չեն ուզում, երեխաների մոտ քննադատում են Ձեզ, հրաժարական պահանջում…
- Ասա, մինչեւ վերջ ասա, որ պահանջում են ինձ գնդակահարել…
- Հա:
- Ե՞վ:
- Եվ էն, որ ես դպրոցական աղջիկ ունեմ, ու այդ ամենը նրանց դպրոցում է կատարվում: Աղջիկս կարող է լավ ինֆորմատոր դառնալ: Կարծում եմ՝ կարելի է նրա համար հատուկ կրթաթոշակ նշանակել: Ուրիշ երեխաներ էլ կոգեւորվեն, ու մենք այդ սանձարձակ դասատուների հախից կգանք:
- Լավ, ես մի բան կմտածեմ:
Էդմոնի երեսից ք… էր թափվում այդ պահին: Ո՛նց էր նախանձում Սծյոպին, ո՛նց…
- Արման, քեզ մո՞տ ինչ կա, դժգոհ ես երեւում, հո մերոնք պատահաբար ադրբեջանական խողովակ չե՞ն պայթեցրել:
- Չէ, բայց որ այսպես շարունակվի՝ կպայթեցնեն:
- Ինչպե՞ս թե կպայթեցնեն, հրաման տվողը ես եմ, է, այտա…
- Բայց հիմա ո՞վ է նայում Ձեր հրամաններին…
- Ո՞նց թե, հասկանո՞ւմ ես՝ ինչ ես խոսում…
- Հասկանում եմ: Պաշտպանության նախարարին փոխիր, շտաբի պետի դեմ գործ հարուցիր, դատավորներին սիկտիր արա, թե չէ Ձեր վերջը լավ չի լինելու:
- Շնորհակալ եմ անկեղծ խոսքերիդ համար, պարոն Բաբաջանյան, բայց չեմ հասկանում, թե դատավորնե՞րն ինչ կապ ունեն այստեղ:
- Ինչպե՞ս թե, հիշո՞ւմ եք նախորդ խորհրդարանում ինչ եղավ, երբ ես եւ Դուք Դաշնակցությանը «բռնացրինք» պարտիզանական պայքարի վրա:
- Հիշում եմ, հետո՞:
- Հետո այն, որ դաշնակներն ինձ դատի տվեցին եւ դատը շահեցին:
- Իմ մե՞ղքը որն է այդտեղ:
- Ինչպե՞ս թե՝ որն է, չէ՞ որ ես Ձեզնով էի ոգեւորվել եւ ԱԺ ամբիոնի մոտից կրկնել Ձեր խոսքերը:
Էդմոնը քմծիծաղ տվեց.
- Այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին…
Արմանը կատաղեց.
- Էդ վրեժ ես լուծում, հա՞, քո խմբակցությունից դուրս գալուս համար:
- Լավ, տղաներ, եկեք երկխոսության չվերածենք եւ չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել,- միջամտեց Փաշինյանը եւ դիմեց Պապյան Արային․
- Պարոն Պապյան, Դուք էլ լրիվ ամոթ-աբուռ կորցրել եք: Պիկապ ուզեցիք՝ տվեցինք, Ազատության հրապարակը բրոնյա արեցիք՝ տվեցինք… Ախորժակներդ բացվե՞լ է, թերթերով հայտարարում եք՝ 12 միլիոն տվեք, 3 միլիոն տվեք: Ո՞վ է այդպես փող ուզում կառավարությունից: Եթե ձեզ թվում է՝ կառավարությունը փողի տոպրակ է, չարաչար սխալվում եք:
- Պարոն վարչապետ, ախր այդ փողը մեր ազգի համար եմ ուզում, Թուրքիան ու Ադրբեջանը պայթեցնելու համար,- խեղճ-խեղճ արդարացավ Արա Պապյանը՝ չիմանալով ուր թաքցնել հուզմունքից դողացող ձեռքերը:
- Լսեք, պարոն Պապյան, մենք ասում ենք խաղաղության դարաշրջան, իսկ Դուք 12 եւ 3 միլիոն եք պահանջում խաղաղության դարաշրջանում մեր երկու կարեւոր գործընկերներին պայթեցնելու համար: Ասինք` ազգային ուժի դեր պիտի խաղաք, չասինք՝ Ստամբուլը դարձրեք արյան ծով…
«Շկաֆը» թեքվեց Փաշինյանի ականջին ու բոլորիս համար տեսանելի՝ եղունգով կտկտացրեց ժամացույցը։
- Լավ, հարգելի գործընկերներ, ես կարեւոր հանդիպում ունեմ: Սրանով ավարտենք: Ես կխոսեմ ֆիննախի հետ: Ձեզ՝ չորսիդ, 3 միլիոն կտան, ինքներդ բաժանեք իրար մեջ, իսկ Դուք,- դիմեց ինձ,- սպասեք այստեղ, ես հիմա կգամ:
Էդմոնը սեւակնեց, Սծյոպը ճպլ գլուխը քորեց, Արա Պապյանը հնդուշկի պես փքվեց, իսկ Արման Բաբաջանյանն իմ հասցեին ինչ-որ բան քրթմնջաց քթի տակ:
- Ինչ ասացի՞ր,- տեղիցս վեր թռա ես ու կոստյումի դոշերը հավաքեցի ձեռքիս մեջ:
«Շկաֆն» իսկույն միջամտեց՝ ոչ այստեղ:
Նույնը կրկնեց նաեւ Փաշինյանը՝ արդեն ոտքի վրա, եւ դիմեց քառյակին՝ ցտեսություն, պարոնայք:
Փաշինյանի եւ իմ առանձնազրույցն այստեղ չեմ ներկայացնի: Դա անհարկի ձգված հոգնեցնող շփում էր… Երանի չմնայի՝ նրա հետ սուրճ խմելու: Մի «դափոն» թերթ էր բերել հետը՝ իմ հոդվածներով: Բացում էր, հերթով ցույց տալիս ընդգծված տողերն ու հարցնում՝ էս դու չե՞ս գրել, էս դու չե՞ս գրել… վերջում էլ՝ եւ եկել ես ինձ մոտ, բան ես խնդրում…
- Բայց ես Ձեզնից ոչինչ չեմ խնդրել, պարոն վարչապետ: Ես եկել էի ընդամենը ասելու, որ հրաժարական տաք եւ հեռանաք: Վիճակն օրեցօր բարդանում է, այսպես մենք կկործանվենք: Դուք պատի տակ կգնդակահարվեք-կպրծնեք, բա պետությո՞ւնը, երկի՞րը, ժողովո՞ւրդը, բա Արցա՞խը… Ի՞նչ կապ ունի, թե ինչ եմ գրել թերթերում: Ինչ է, Ձեր գովքն անողների պակա՞ս կա: Լավ ու վատ գրելուց բան չի փոխվում, ախր… Նոր կառավարություն է պետք, նոր մարդիկ, նոր վարչապետ…