«Վերնատան» վերջնագիրը

«Վերնատան» վերջնագիրը

«Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է ԼՂ կարգավորման իր տեսլականը. «Բացառել հակամարտության կարգավորման որեւէ փաստաթղթի կամ տարբերակի նույնիսկ քննարկումը, որը չի ամրագրում Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս»:

Սա փաստացի վերջնագիր է, որի հասցեատերը ոչ Ադրբեջանն է, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Հասցեատերը Հայաստանի իշխանությունն է, անձամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսել կարգավորման մասին եւ ձեւակերպել նման պահանջ, մի բան է միայն նշանակում՝ «Վերնատունը» նպատակադրվել է վարչապետ Փաշինյանի դեմ ծավալուն հակաքարոզչություն սկսել՝ հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցով «խորը մտահոգությունը»:

Այլ եզրակացության հնարավոր չէ գալ, որովհետեւ «Վերնատան» գործիչներին քաջ հայտնի է, որ ԼՂ կարգավորման հայեցակարգը, որ Փաշինյանը  ժառանգել է նախորդներից,  ենթադրում  է ոչ թե Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմից դուրս քաղաքական կարգավիճակ, այլ՝ այդ հարցով իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի անցկացում այն դեպքում, երբ կողմերը կհասնեն հակամարտության զինված փուլի ավարտի եւ կարգավորման սկզբունքների շուրջ միջանկյալ  համաձայնության: Առաջնորդվել «Վերնատան» առաջարկած բանաձեւով՝ նշանակում է կասեցնել բանակցությունները: Ինտրիգը նրանում է, որ այդ դեպքում էլ իշխանությունը կթիրախավորվի իրավիճակը սրելու եւ դեպի պատերազմի վերսկսում տանելու համար: Ու թեեւ «Վերնատունը»  հավաստիացնում է, թե երկրի ներսում թշնամիներ չունի, միայն այն, որ ԼՂ հարցում նման կոշտ դիրքորոշում է հրապարակվում, վկայում է այդ կառույցի հետագա քայլերի ուղղվածությունը՝ հասնել վարչապետի հրաժարականին: Այլ ռեսուրս, քան ԼՂ հարցով շահարկումներն ու դրանց հանրային գեներացիան է, «Վերնատունը» չունի: Ինչպե՞ս կարձագանքի դրան իշխանությունը: